«Պրոբլեմը շատ խորն է». ինչ հույսեր ունի նախագահի պաշտոնի համար պայքարող դատավորը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնի է՝ ապրիլի 21-ին տեղի է ունենալու դատավորների միության ժողովը, եւ ընտրվելու է միության նոր ղեկավար կազմ: Այժմ դատավորների միության ղեկավարը Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Հրաչիկ Սարգսյանն է: Նախագահի պաշտոնի համար պայքարում են ՀՀ արդարադատության նախկին փոխնախարար, վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Արսեն Մկրտչյանը, վճռաբեկ դատարանի քրեական գործերով պալատի նախկին նախագահ Դավիթ Ավետիսյանը:

«Ժողովուրդ»-ը Արսեն Մկրտչյանի հետ զրուցեց՝ հասկանալու համար, թե ինչու է ցանկանում նշանակվել դատավորների միության նախագահի պաշտոնում, եւ, առհասարակ, ինչ կտա այն իրեն:

-Պարո՛ն Մկրտչյան, մեզ տեղեկություններ են հասել, որ Դուք եւս պայքարում եք դատավորների միության նախագահի պաշտոնում նշանակվելու համար: Ինչո՞ւ եք ձգտում այդ պաշտոնին:

-Իմ որոշումը վերջնական որոշում չէ, դեռ որոշում չեմ կայացրել, բայց որոշումը չի կարող լինել պաշտոնի բերումով, իմ որոշումը պետք է լինի դատավորների իրավունքների եւ շահերի պաշտպանությանը ուղղված միջոցառումների անհրաժեշտությունը զգալով:

Այսինքն՝ եթե կա անհրաժեշտություն, ուրեմն այսօր պետք է միությունը այդ դերը ստանձնի: Այսինքն՝ ես որոշում չեմ կայացնում՝ ինչ-որ պաշտոնի ձգտելով, պաշտոններն ինձ չեն հետաքրքրում, ինձ հետաքրքրում է աշխատանքը:

-Եթե դատավորների իրավունքները եւ շահերը պաշտպանված չեն, այդ դեպքում իրենք մարդու իրավունքները ինչպե՞ս են պաշտպանում:

-Պաշտպանությունը, որպես այդպիսին, այդ տերմինը մի՛ ընդունեք դատավորին հենց պաշտպանելու, այլ այստեղ դատավորի հեղինակության, հասարակությունում դատավորի ընկալման հարցն է: Պրոբլեմը շատ խորն է: Մինչեւ ուրբաթ որոշման ժամանակ ունենք:

Մենք պետք է միջավայր ստեղծենք, որ հասարակությունը հասկանա՝ ով է անկախ դատավորը, ինչ պահանջներ են նրա վրա օրենքով դրված, եւ այդ պահանջները ներկայացնի դատարանի: Երբ հասարակությունը ընկալեց, ընդունեց, հանրային ընկալում եղավ՝ ինչպիսին է դատավորը, բնականաբար արդեն պահանջները դատավարության ընթացքում կներկայացվեն համապատասխան ձեւերով:

-Ձեր հնարավորությունները ինչպե՞ս եք գնահատում:

-Խնդիրը մեկ այլ հարթության մեջ եմ տեսնում, եթե դատավորներին անհրաժեշտ է հանրային ընկալումը փոխելու մոտեցումներ դրսեւորել, գնալ ասել՝ այո՛, մենք պետք է սկսենք հանրային դաշտում աշխատել, ներկայացնել մեր իրավունքները, ցույց տալ, որ դա մարդու իրավունքն է, անկախ դատավոր լինելուց: Իմ ամբողջ խնդիրը հետեւյալն է՝ արդյո՞ք դատավորները կընդունեն նման ծրագիր, ապա շատ ավելի լավ:

-Իսկ, ըստ Ձեզ, իրենք պատրա՞ստ են:

-Գիտեմ, որ այդ խնդիրը շատ դատավորներ կկիսեն:

Քնար Մանուկյան




Լրահոս