Համաշխարհային մամուլը շարունակում է քննարկել Սիրիայի շուրջ ծավալվող իրադարձությունները: Թեեւ ԱՄՆ-ն Ռուսաստանի նկատմամբ իր հռետորաբանությունը զգալիորեն մեղմեց, սակայն հարաբերությունների կարգավորումն ակնհայտորեն կրկնակի բարդացավ, ինչին նպաստում է այն հանգամանքը, որ ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ ԱՄՆ-ն կարծես չեն պատրաստվում նահանջել Սիրիայից: Հատկապես ուշագրավ է Ռուսաստանի պարագան, որը, թվում էր, կքած իր խնդիրների բեռի տակ՝ պիտի որ ժամանակ չունենար Մերձավոր Արեւելքի հարցերով զբաղվելու:
Միջազգային քաղաքական կյանքում այնպիսի հույսեր կային, որ ԱՄՆ-ի ու ՌԴ-ի հարաբերությունների կարգավորումը կարող էր բերել սիրիական ճգնաժամի հարթմանը, որը ավելի քան 5 տարի է, ինչ այդ ծաղկուն երկիրը, բառի իսկական իմաստով, հասցրել է անդունդի եզրին: 2015թ. աշնանը Սիրիայում մի պահ ծագել էր այնպիսի վիճակ, երբ Ասադի իշխանավարությանը հաշված ժամեր էին մնացել:
Սակայն Ռուսաստանը շտապեց օգնության եւ անմիջական ռազմական միջամտությամբ ուղղակիորեն պահեց Ասադի ռեժիմը: Այս փաստի հիման վրա են Կրեմլի քննադատները պնդում, որ Ասադը ամբողջությամբ գտնվում է Ռուսաստանի ենթակայության ներքո եւ վերջինիս ցանկության դեպքում սոսկ օրերի ընթացքում կտապալվի: Ռուսաստանը, հստակորեն սատարելով Ասադին, ցույց տվեց, որ Սիրիայում որոշվում են իր անմիջական շահերը, որոնց հանդեպ ինքն անտարբեր մնալ չի կարող:
Երբ քիմիական զենքի կիրառման փաստը արժանացավ ԱՄՆ-ի, ՄԹ-ի ու Ֆրանսիայի ուժեղ քննադատությանը, Ռուսաստանը իր տեսակետը հապճեպորեն համաձայնեցրեց Ասադի իշխանության պաշտոնական մոտեցմանը` այդ հանցանքի համար մեղադրելով «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորմանը: Ավելին` պաշտոնական Մոսկվան եւ ռուսաստանցի քաղաքական գործիչներն ու դիվանագետները ԱՄՆ-ին կրկին մեղադրեցին ագրեսիվ կեցվածքի մեջ` անթաքույց հայտարարելով, որ ԱՄՆ-ն գործակցում է տեռորիստական խմբավորումների հետ:
Սրանք նույն մեղադրանքներն էին, որոնցով Պուտինի իշխանությունը պատում էր ամերիկյան նախկին վարչակազմը: Ռուսաստանը կարծես դիվանագիտական նկատելի թերացում ունեցավ` նոր գործիքների ու քաղաքականության փոխարեն նախընտրելով հին մեթոդները: Սա չաշխատող տարբերակ է եւ հատկապես Թրամփի վարչակազմի նկատմամբ, որը, բիզնես մտածողություն ունենալով հանդերձ, ատում է, երբ իր հետ խոսում են սպառնալիքների լեզվով:
Սիրիական ճգնաժամի վերջին իրադարձությունները հուշում են, որ ՌԴ-ն այդ ճակատում նահանջի որեւէ մտադրություն չունի: Դրա հետ մեկտեղ Պուտինը քաջ գիտակցում է, որ ԱՄՆ-ի նախագահը գործարար է, որի համար շահերի համակշռումն ու փոխզիջումը լիովին տրամաբանական են: Որքան էլ Թրամփը Ասադին անվանի «մարդասպան, կենդանի» եւ այլն, իսկ ԱՄՆ պետքարտուղար Թիլլերսոնը պնդի, որ Ռուսաստանը խախտել է միջազգային հանրության առաջ ստանձնած իր հանձնառությունը, Սիրիայի նկատմամբ երկրորդ հրթիռակոծումը անհավանական է:
Շատ ավելի իրատեսական է, որ Թիլլերսոնի մոսկովյան այցի ժամանակ կողմերը կարողացած լինեն քաղաքական սակարկությունների ճանապարհով մարել նոր հրաբուխը: Հաշվի առնելով ամերիկյան մամուլում տարածված տեղեկությունները, որ հրթիռակոծման հրամանը Թրամփը արձակել է իր դստեր` Իվանկայի հորդորներից հետո, իրավիճակը Կրեմլի համար զավեշտի է վերածվում: Ստացվում է, որ ԱՄՆ նոր նախագահը քաղաքական հաշվարկների փոխարեն ականջալուր է իր ընտանիքի ու հարազատների ցանկություններին, որոնք գտնվում են կենցաղային-զգացական մակարդակում: Որքան էլ Իվանկա Թրամփը նոր վարչակազմում ազդեցիկ դերակատարություն ունենա, նա քաղաքական առումով նորեկ է` առանց միջազգային հարաբերությունների գիտելիքի ու փորձառության:
Պուտինը նաեւ կարող է կարծել, որ Թրամփը սիրիական ռազմաբազայի հրթիռակոծումը նախաձեռնել է նոր վարչակազմի ատամները ցույց տալու համար` մարտավարական խնդիր լուծելով: Այդ համատեքստում կարելի է դիտարկել նաեւ ԱՄՆ պետքարտուղարի` Մոսկվա այցելելուց առաջ ամերիկյան դիրքերի ուժեղացման միտումը, որպեսզի Պուտինը, այդուամենայնիվ, զգուշորեն վերաբերվի իրենով հիացած Թրամփի վարչակազմին ու իր վաղեմի ընկեր Թիլլերսոնին: Ինչպիսին էլ լինի հրթիռակոծման նախապատմությունը, այն արդեն իսկ կայացած փաստ է, որի հետ հաշվի պետք է նստեն բոլորը` թե՛ ԱՄՆ-ն, որպես համաշխարհային խաղի նոր նախաձեռնող, թե՛ Ռուսաստանը, որպես այդ մարտահրավերի արձագանքող:
Ի հեճուկս այս ամենի` Պուտինը պահպանում է իր կոշտ դիրքորոշումը:
Դա դրսեւորվեց նաեւ Թիլլերսոնի այցի անմիջապես նախօրյակին, երբ ՌԴ նախագահը հայտարարեց, որ քիմիական զենքի մասին ամերիկյան մեղադրանքները իրեն հիշեցնում են 2003թ. ԱՄՆ-ի հիմնավորումները Իրաքում զանգվածային ոչնչացման զենքերի առկայության մասին: ՌԴ նախագահը, փաստորեն, ակնարկել է, որ ԱՄՆ-ի ձեռագիրը չի փոխվել, եւ կեղծ հիմնավորումներով վերջինս ձգտում է այլոց ենթարկել իր կամքին:
Պուտինը նաեւ շեշտել է, որ իրենք տեղեկություններ ունեն ԱՄՆ-ի կողմից Սիրիան ռմբակոծելու ամերիկյան մտադրության մասին, ինչի նախապատրաստումն ընդգրկում է քիմիական զենքի կիրառման կեղծ փաստերի շրջանառումը: Ենթադրելի է, որ Պուտինը նման հայտարարությամբ փորձել է կանխել Թիլլերսոնի հետ բանակցությունների ընթացքում իր նկատմամբ հնարավոր ճնշումը:
Միեւնույն ժամանակ չի բացառվում, որ ԱՄՆ-ն առաջ շարժվի այս ուղղությամբ, եթե պաշտոնական Մոսկվան առարկայական զիջման չգնա: Պուտինը Սիրիական ճգնաժամում տեղավորել է վերջին 5 տարիների քաղաքական կապիտալը, միլիարդավոր դոլլարներ, Ռուսաստանի ռազմական առաջնորդությունը տարածաշրջանում եւ իր անձնական հեղինակությունը:
Ուստի հաստատապես ինքն էլ ԱՄՆ-ից լուրջ զիջում պիտի կորզի ՌԴ-ի շահերի համար: Խաղը չափազանց նուրբ է եւ վտանգավոր, քանզի երկու կողմն էլ անկանխատեսելի են` ելակետ ունենալով բացառապես իրենց երկրների քաղաքական հեղինակությունն ու նեղ շահերը:
Ն. Հովսեփյան