Պետք է լավ քեռի ունենաս, որ թատրոնում խաղաս, բոլոր տեղերը զբաղված են. Արտաշես Ալեքսանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասան Արտաշես Ալեքսանյանին վերջին շրջանում, բացի «Առաջնորդները» սերիալից, ոչ մի նախագծում չենք տեսնում: Նա չի խաղում նաեւ թատրոնում, փակվել է դերասանի հիմնած թատրոն-ստուդիան: «Ժողովուրդ»-ը պարոն Ալեքսանյանից հետաքրքրվել է՝ որոնք են նրա ստեղծագործական դադարի պատճառները: Մեր զրուցակիցը խոստովանել է, որ սերիալի ավարտից հետո իրեն սպառնում է գործազուրկի կարգավիճակը: Ամեն դեպքում, ինչպես դերասանն է նշում, ինքը պարապ չի մնում:

-Պարո՛ն Ալեքսանյան, 1988-ից աշխատել եք թատրոնում, այսօր ինչո՞ւ Ձեզ բեմում չենք տեսնում:

-Առաջարկներ չեմ ստանում: Կարծում եմ՝ ինձ համար թատրոնում բոլոր տեղերը զբաղված են: Սա Հայաստանն է, այստեղ պետք է ունենաս բարեկամ, փեսա, աներ, քեռի, որ թատրոնում լավ դերեր խաղաս:

-Ինքներդ դիմե՞լ եք թատրոններ, հենց թեկուզ Ձեզ հարազատ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն:

-Ես այնտեղից 7-8 տարի առաջ եմ դուրս եկել: Թատրոնում փոխվում են տնօրեններ, ռեժիսորներ, գեղարվեստական ղեկավարներ: Եթե տվյալ արտիստն իրենց պետք է, նրանք պետք է առաջարկներ անեն, հրավիրեն:

-Կարծես գեղարվեստական ֆիլմերում էլ չեք երեւում, այո՞:

-Էլի առաջարկներ չկան: Միգուցե շատ «վատ» արտիստ եմ, դրա համար:

-Բայց կար մի պահ, երբ Ձեզ հաճախակի տեսնում էինք ֆիլմերում:

-Երեւի այդ ժամանակ ռեժիսորները չգիտեին, որ Արտաշես Ալեքսանյանը «վատ» արտիստ է: Հրավիրում էին, խաղում էինք, ֆիլմերը հաջողություն էին ունենում, երեւի դրա համար էլ չեն կանչում:

-Իսկ ինչո՞ւ փակվեց 2011-ին Ձեր կողմից հիմնադրված թատրոն-ստուդիան:

-Վարձավճարները չէի կարողանում մուծել, իմ գրպանից էի տալիս, էլ հնարավոր չէր այդ պայմաններում ստուդիա պահել: Բայց ես այն համոզման եմ, որ շատ մեծ գործ ենք արել՝ հենց թեկուզ այդ ստուդիայի շրջանավարտների մեջ հայրենասիրական ոգի սերմանելու գործում:

-Փաստորեն, դրսեւորվելու համար մնացին միայն սերիալնե՞րը:

-Հիմա խաղում եմ «Առաջնորդները» սերիալում, որը շուտով կավարտվի, կմնամ գործազուրկ, կգնանք պատերազմի դաշտ՝ ծառայելու հայրենիքին:

-Բայց Դուք ժամանակին ծառայել եք, մասնակցել եք Արցախի պատերազմին:

-Հիմա էլ «Սեւ հովազ» կամավորական ջոկատի ազատամարտիկ եմ, մի ամսով գնում ենք հերթապահության, մի ամսով՝ հանգստանում: Ես էլ իմ լուման ունեմ այդ ջոկատի գործունեության մեջ:

-Վերադառնալով սերիալներին՝ կցանկանայի լսել Ձեր կարծիքը՝ այսօր, համեմատած տասը տարի առաջվա հետ, հայկական սերիալների որակը բարձրացե՞լ է, թե՞ անկում է ապրել:

-Դե, իհարկե, դրանց որակը բարձրացել է: Որքան էլ այդ գործով զբաղվողն ապաշնորհ լինի, միեւնույն է, կուտակվում է փորձ, պրակտիկա, որը ուժեղ երեւույթ է, աշխատանքի որակի բարձրացման գրավական:

-Բայց մասնագետները հակառակն են պնդում՝ հատկապես շեշտելով այն հանգամանքը, որ ոլորտ են «ներխուժել» տաղանդ եւ մասնագիտական հմտություններ չունեցող, էժան վարձատրվող դերասաններ:

-Դա ուրիշ խնդիր է, դա իսկապես շատ վատ բան է՝ պայմանավորված սերիալների բյուջեի սղությամբ: Սերիալները հնարավորություն չունեն դերասանին ըստ արժանվույն վարձատրելու, ստիպված դիմում են այլընտրանքի:

-Պարո՛ն Ալեքսանյան, կարո՞ղ ենք ասել, որ մասնագիտական առումով Ձեզ մոտ այժմ դադարի շրջան է:

-Չէ՛, ես միշտ աշխատում եմ. «Սամցխե-Ախալցիխե» բարեգործական հիմնադրամի փոխտնօրենն եմ, Ախալցխայում լուծում ենք հայապահպանության խնդիր, դպրոցներ ենք այցելում, հայության հետ ենք հանդիպում, բարեգործական համերգներ ենք կազմակերպում, փաստագրական ֆիլմեր ենք նկարահանում, այնպես որ, պարապ չենք մնում:

Աննա Բաբաջանյան




Լրահոս