Այսօր Սուրբ Հարության կամ Զատկի տաղավար տոնն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սուրբ Զատիկ կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը այս տարի (2017) նշվում է ապրիլի 16-ին:

Զատիկ

Մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի Հարության տոնը կոչվում է Զատիկ: Զատկին հունարեն «փասկա» են ասում, որը նշանակում է գաղթ: Վարդապետներն այս բառի «փ» տառը փոխարինել են «պ»-ով, «կ»-ն՝ «ք»-ով և «պասքա» վերանվանել:

«Զատիկ» նշանակում է անցում չարչարանքներից: Նկատի ունի Իսրայելի որդիների չարչարանքները փարավոնից, հորթին երկրպագելուց (տե՜ս Ելք ԼԲ 19-20), փորձության ջրից (տե՜ս Ելք ԺԷ 6-7), օձերի խայթոցներից (տե՜ս Թվեր ԻԱ 6), Կորխի ապստամբությունից (տե՜ս Թվեր ԺԶ 33-35), և զանազան պատերազմներից: Չարչարանք էր նաև Գաղգաղայում թլփատվելը (տե՜ս Հեսու Ե 2) և մանանայի պակասելը (տե՜ս Հեսու Ե 12), քանզի այնուհետև նրանք պետք է իրենց ճակատի քրտինքով հացը վաստակեին: Այդ պատճառով էլ հրեաները Զատկի տոնակատարության ժամանակ յոթ օր դառնահամ բույսեր և բաղարջ՝ չարչարանացհաց են ուտում՝ որպես հիշատակ իրենց կրած չարչարանքների (տե՜ս Բ Օրենք ԺԶ 3):

Զատիկ նաև անցարան է նշանակում, որպես հիշատակ հրեաների՝ Եգիպտոսից դուրս գալու և Կարմիր ծովով անցնելու: Սա խորհրդանշում է անցումը չարից դեպի բարին, պակասությունից դեպի լիություն, անպիտանությունից և չար գործերից՝ դեպի պիտանություն ու առաքինի վարք:

Զատիկ նշանակում է նաև զատվել, հեռանալ զազիր, անմաքուր ու դժնդակ խորհուրդներից և դառնալ բարու գործակից:

Հարություն

Հարության խորհուրդը մեծապատիվ է ու հրաշալի, քանզի գլուխն է բոլոր տնօրինական խորհուրդների:

Անժամանակ Որդին, փառքերի Լույսը և Հոր Էության նկարագիրը, անճառելի ու անհասանելի Բանն Աստված, Ով Իր անսկիզբ Էությամբ ի սկզբանե Հոր մոտ էր և Համագո է Սուրբ Հոգուն, կամեցավ գտնել կորսվածներին, ժողովել ցրվածներին, դարձի բերել մոլորյալներին, կանգնեցնել գլորվածներին և օտարացածներին վերընծայել Փառքերի Հորը: Այդ պատճառով Քաջ Հովիվն Իր մոլորված ոչխարների համար Իր անձը տվեց:

Եվ այսօր Քրիստոս հարություն առնելով մեռելներից՝ Իր հետ հարություն տվեց նաև մեր մեղքերի ու մահվան մեջ ընկած բնությանը: Այսօր երկիրը երկինք դարձավ: Ներքին աշխարհի բնակիչները դարձան երգակից վերին հոգեղեններին: Այսօր վերին հրաբուն զորքերն ավետիս են տալիս երկրավորներին, որ Հիսուսի հարությամբ լուծարվեց մահկանացուների մահը: Այսօր Հարսին՝ Եկեղեցուն, որ նստել էր սգի մեջ, լուսեղենների լուսազգեստ հույլերը ավետիս են տալիս, որ նրա Փեսան հարություն է առել և գալիս է Եկեղեցուն Իր փառքին պսակելու:

Այսօր զվարթունների դասերը խնդությամբ երևում են տրտմազգեստներին՝ առաքելով նրանց քարոզելու աշխարհին, որ հարություն առավ միշտ Կենդանի Եղողը, ըստ Իր անսուտ խոսքի:

Սա օր է Նոր Արարչության, որը ոչնչով չի զիջում այն օրվան, երբ երկիրը արարչագործվեց: Եթե այն օրն աշխարհը ոչնչից ստեղծվեց, ապա այսօր մեղքերով եղծվածը վերստին արարվեց՝ առավել հրաշափառ քան նախորդ անգամ: Քանզի այս հրաշալի օրը իրենում ունի պատկերն այն Մեծ Միաշաբաթի, երբ Տերը երկինքն ու երկիրը հաստատեց: Այն աշխարհաստեղծ միաշաբաթին հալածվեց զգալի խավարը և ծագեց մեծապայծառ լույսը, իսկ այս միաշաբաթին հալածվեց անգիտության աղջամուղջը, որ ծավալվել էր երկրի վրա, և ամենուր սփռվեց ճշմարիտ աստվածգիտության լույսը: Քանզի Ճշմարիտ լույսը ծագեց խավար գերեզմանում և լուսավորեց խավարում նստածներիս:

Եթե ուրբաթ օրը միջօրեն նսեմացավ և զգալի խավարն ամենուր սփռվեց, ապա այսօր՝ գիշերամիջին, Արդարության Արեգակը գերեզմանից ծագելով՝ անգիտության խավարը հալածեց և աստվածգիտության ճառագայթներն ամենուր ծավալեց:

Անցյալ օրը Հարսը, տխրելով իր Փեսայի մահվան պատճառով, նստել էր անմխիթար, և նրան սգակից էին բոլոր արարածները. լուսատուները՝ խավարումով, երկիրը՝ շարժվելով, վեմերը՝ պատռվելով, վարագույրը՝ կիսվելով, օդը՝ խավարելով: Իսկ այսօր Հարսը զարդարված պայծառ վայելչությամբ՝ զվարճալի դեմքով դիմավորում է գերեզմանից ելնող Փեսային, Նրա հետ ուրախությամբ նստելով հարսանեկան առագաստում՝ օրիորդներով հանդերձ, ինչպես հարսնության օրը (տե՜ս Երգ Ա 1-3): Եվ բոլոր նրանք, ովքեր կցորդ եղան տխրությանը, այսօր հաղորդվում են ուրախությանն ու ցնծում: Քանզի այժմ երկինքն ավելի պայծառ է, արեգակը՝ ավելի բարձր, օդը՝ ավելի մաքուր, հրեշտակներն ու կանայք՝ ավետաբեր, գերեզմանները բացված են, մեռելները՝ հարություն առած, իսկ առաքյալները՝ լցված հանդիպման անասանելի խնդությամբ, և գրեթե բոլորը՝ երկրավորներն ու երկնավորները, բանականներն ու անբանները, իմանալիներն ու զգալիները, զվարճանում են և ուրախության տոն են տոնում, ինչին և մենք ենք հանդիսակից՝ վայելելով անճառելի շնորհները: Եվ փառքերի Տերը՝ անժամանակն Աստված, մահը ոտնատակ տալով, դժոխքն ավերելով և նախաստեղծներին էլ ավելի հրաշափառ լույսերով զարդարելով՝ կատարեց աշխարհակեցուցիչ տնօրինության խորհուրդը, ինչի համար առաքվել էր Հոր ծոցից:

Հանդիպում Հարուցյալ Տիրոջ հետ

Աշակերտները գնում են Գալիլիա, դեպի այն լեռը, ուր Հիսուս իրենց հետ ժամադրվել էր: Գալիլիա ասելով պետք է հասկանալ ոչ թե այն գավառը, որը հեռու էր Երուսաղեմից երկու-երեք օրվա ճանապարհով, այլ՝ Ձիթենյաց լեռան վրա գտնվող այն վայրը, որտեղից Տերը երկինք համբարձվեց: Իսկ «ժամադրվել» ասելով այն է հայտնում, ինչ հինգշաբթի երեկոյան Տերն ասաց աշակերտներին. «Բայց Իմ հարությունից հետո ձեզնից առաջ Գալիլիա պիտի գնամ» (Մարկ. ԺԴ 28): Այդ մասին նաև հրեշտակները յուղաբերների միջոցով հայտնեցին առաքյալներին, որպեսզի այնտեղ գնան և տեսնեն Տիրոջը: Աշակերտների հանդիպումը Տիրոջ հետ եղավ նույն կիրակի օրը՝ երեկոյան, երբ Տերը հարություն առավ:

Նույն օրը աշակերտներից երկուսը գնացին մի գյուղ, որի անունն Էմմավուս էր (տե՜ս Ղուկ. ԻԴ 13), և ճանապարհին նրանց հանդիպեց Հիսուս ու շատ բան պատմեց նրանց Իր չարչարանքների մասին: Եվ երբ սեղան նստեցին, Տերը վերցրեց հացը, օրհնեց, բեկանեց և տվեց նրանց, և նրանք կարծես քնից արթնանալով՝ ճանաչեցին Նրան, իսկ Նա աներևութացավ: Եվ նրանք անմիջապես վերադարձան Երուսաղեմ և տասնմեկ աշակերտներին գտան «Գալիլիայում»: Նրանք եկան պատմելու տասնմեկին, որ Տերը հարություն է առել, և իրենք տեսել են Նրան, և Նա շատ բաներ է խոսել իրենց հետ, և հացը բեկանելու ժամանակ ճանաչել են Տիրոջը: Իսկ աշակերտները հաստատեցին, որ Տերը ճշմարտապես հարություն է առել և երևացել Պետրոսին:




Լրահոս