Թուրքիայի բարձրագույն ընտրական խորհուրդը հայտարարել է, որ երկրի բնակիչների մեծամասնությունը կողմ է քվեարկել նախագահական իրավասությունների ընդլայնմանը երեկ Թուրքիայում անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում, փոխանցում է BBC-ն:
Հանրաքվեի ժամանակ ընդունված սահմանադրական փոփոխությունները Էրդողանին աննախադեպ լիազորություններ են ընձեռում, որը թույլ է տալիս նրան մնալ նախագահի պաշտոնում մինչև 2029թ.-ը:
Խորհրդի ղեկավար Սադի Գյուվենը հայտարարել է, որ մնում է հաշվարկել մոտ 600 հազար ձայն, սակայն դրանք արդեն չեն ազդի արդյունքների վրա, փոխանցում է Reuters-ը:
Հաշվարկների նախնական արդյունքների համաձայն՝ կողմ է քվեարկել ընտրողների 51,37%-ը, դեմ՝ 48,63%-ը:
էրդողանի կողմնակիցները նշում են նրա հաղթանակը Ստամբուլի փողոցներում: Սակայն Թուրքիայի խոշոր քաղաքները՝ Ստամբուլը, Անկարան և Իզմիրը, նախնական տվյալներով, դեմ են քվեարկել փոփոխություններին:
Հաղթանակից հետո Էրդողանն ասել է. «Այսօր Թուրքիան պատմական որոշում է կայացրել»:
Ինչպես նշում է BBC-ն, սովորաբար Էրդողանը հաղթական ելույթներով է հանդես գալիս, սակայն այս անգամ զսպվածություն է ցուցաբերել: