Հայաստանում գրանցված հանցագործությունների քանակն ավելացել է: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Հայաստանում գրանցված հանցագործությունների քանակը այս տարվա հունվար-փետրվարին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 29-ով ավելացել է: Այսինքն՝ այս տարվա հունվար-փետրվարին ՀՀ-ում գրանցված հանցագործությունների թիվը կազմել է 2570:
«Ժողովուրդ»-ը ԱՎԾ-ից տեղեկացավ, որ գրանցված ոչ մեծ ծանրության հանցագործությունների քանակը կազմել է 1374, որը 160-ով ավել է անցած տարվա նույն ժամանակահատվածից: Իսկ ահա միջին ծանրության հանցագործությունների քանակը ավելացել է 40-ով եւ կազմել 800: Սրան զուգահեռ՝ նկատենք, որ նվազել է ծանր հանցագործությունների քանակը. այս տարվա հունվար-փետրվարին այն կազմել է 367, իսկ անցած տարվա նույն ժամանակահատվածում՝ 539: 5-ով նվազել են նաեւ սպանության դեպքերը՝ կազմելով 9:
Սակայն սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քանակը 72-ով աճել է. ըստ ԱՎԾ-ի՝ դրանք այս տարվա հունվար-փետրվարին կազմել են 1119: Աճել են նաեւ պետական կամ հանրային գույքի հափշտակությունները՝ 8-ով: Այս տարվա հունվար-փետրվարին պետական կամ հանրային գույքի հափշտակությունները կազմել են 17: Մի ուշագրավ փաստ եւս. զգալի նվազել են կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելու, պահելու կամ իրացնելու դեպքերը: Այսպես՝ պաշտոնապես այս տարվա հունվար-փետրվարին գրանցվել է կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելու, պահելու կամ իրացնելու 11 դեպք, մինչդեռ անցած տարվա նույն ժամանակահատվածում այն կազմել է 92:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Ենոքյան