ArmLur.am-ը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանի հետ զրուցել է իր խորհրդարան չանցնելու և հետագա անելիքների մասին:
–Պարո′ն Հարությունյան, ապրիլի 2-ին տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, ձևավորեց նոր խորհրդարան, որտեղ Դուք ընդգրկված չեք: Ինչո՞ւ Ձեզ ձևավորված խորհրդարանում չենք տեսնի:
-Խորհրդարանում չկամ, որովհետև այդպես եմ նպատակահարմար գտել: Ըստ երևույթին` նկատի ունենալով իմ մասնագիտական կարողությունները, անցած ուղիս:
-Իսկ առաջիկայում ինչո՞վ եք զբաղվելու:
-Դեռ հստակ չեմ որոշել, բայց դե, ես թոշակային տարիքի եմ, այնպես որ կարող եմ բավարարվել նաև թոշակառուի կարգավիճակով, բայց նաև մանկավարժական բավականի տարիներ աշխատել եմ գիտությունների թեկնածու, դոցենտ եմ: Դրա համար կարող եմ զբաղվել նաև մանկավարժական աշխատանքով` մնալով, իհարկե, քաղաքականության մեջ, քանի որ վերջին 30 տարում ես զբաղվել եմ քաղաքականությամբ:
-Պարո′ն Հարությունյան, այնուամենայնիվ, ձևավորվեց նոր խորհրդարան` չորս քաղաքական ուժերով: Ձեր կարծիքով, ճի՞շտ ուժեր անցան խորհրդարան:
-Այն ուժերը ներգրավվեցին խորհրդարան, որոնց ժողովուրդը ձայն, քվե տվեց, այնպես որ ես չեմ կարող ժողովրդի տեղն այդ հարցին պատասխանել: Նորմալ քաղաքական ուժեր են ներկայացված. և′ ընդդիմության ներկայուցչությունն է բավականին սպառ, և′ իշխող կուսակցությունն է մեծամասնություն ստացել: Այնպես որ հետաքրքիր ուժերի դասավորություն կա, նայած թե նրանք իրենց ինչպես կդրսևորեն ընթացքում, ովքեր կմնանան ընդդիմություն, ովքեր կոալիցիա կկազմեն, դա արդեն հետագայում պարզ կլինի:
Արփինե Թովմասյան