Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի Մ 20 տարեկանների հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Վիգեն Էսկիջյանը Հայաստանում է, հայտնում են ՀԱՕԿ մամուլի ծառայությունից:
Լիբանանահայ մարզիչը, նախքան բուն գործին անցնելն ուսումնասիրում է Հայաստանի բասկետբոլային աշխարհը:
– Ինչպե՞ս ստացաք առաջարկը եւ ինչո՞ւ որոշեցիք ընդունել:
– Առաջարկը ստացա մի ամերիկահայից, որն օգնում է Հայաստանի հավաքականին: Ես ցանկանում էի աշխատել Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի հետ եւ սիրով ընդունեցի առաջարկը: Հայաստանը միշտ իմ սրտի մեջ է, եւ ցանկանում եմ օգտակար լինել հայրենիքին ինչպես կարող եմ:
Պատասխանատու աշխատանք է: Մ 20 տարեկանների հավաքականն ամենակարեւոր թիմերից է: Հենց այստեղից են բասկետբոլիստները տեղափոխվում գլխավոր թիմ:
– Մինչ այդ հետեւե՞լ եք հավաքականի խաղերին:
– Այո, հետեւել եմ: Սփյուռքում մենք հետեւում ենք Հայաստանի բոլոր մարզական իրադարձություններին: Ինձ համար ուրախություն է տեսնել, որ հայրենիքում սպորտը զարգանում է, հատկապես բասկետբոլը, որն իմ ուղղությունն է: Ուզում եմ` աշխարհում Հայաստանը ճանաչվի նաեւ որպես բասկետբոլի երկիր:
– Հասցրե՞լ եք ծանոթանալ բասկետբոլիստների հետ:
– Մեր խաղացողները սփյուռքից են: Ես ճանաչում եմ ամերիկաբնակներին: Բոլորի հետ մշտական կապի մեջ եմ:
– Դուք գիտեք ե´ւ թիմի խաղը, ե´ւ բասկետբոլիստներին: Ի՞նչ խնդիրներ եք տեսնում:
– Անշուշտ, խնդիրներ կան, եւ աշխատելու շատ տեղ ունենք: Մեր տղաների մեծ մասն ուսանողներ են, ամռանը դասընթացներ են ունենում, եւ դժվարություններ են առաջանում թիմով հավաքվելու համար: Ընտանիքից հեռու մնալ, ստանալ ծնողների համաձայնությունը, սրանք եւս որոշակի դժվարություններ են: Սակայն, բասկետբոլիստները սիրով են համաձայնել խաղալ հավաքականի կազմում: Կամքը կա:
– Այս տարի Մ 20 տարեկանների հավաքականը կմրցի Եվրոպայի առաջնության B դիվիզիոնում: Ի՞նչ նպատակներ ունեք այդ մրցաշարի հետ կապված:
– Իհարկե նպատակներ ունեմ, բայց չեմ ցանկանում արտահայտվել: Ես միշտ փոքր ծրագրեր եմ առաջ բերում, որ ավելին անենք: Հայաստանի համար նոր երեւույթ է նման մակարդակի մրցաշարերի մասնակցելը:
Յուրաքանչյուր խաղ ինձ համար կռիվ է եւ պետք է առանձնահատուկ մոտենալ: Խաղադաշտում ամեն վայրկյանը պայքար է լինելու մեզ համար: Հենց այս` պայքարի եւ նվիրումի կարգախոսով ենք մոտենալու ամեն խաղի: Կարծում եմ, այդ դեպքում արդյունքը չի ուշանա:
– Մինչեւ Եվրոպայի առաջնությունն ի՞նչ ծրագրեր ունեք: Ե՞րբ է լինելու առաջինհանդիպումը թիմի հետ:
– Մենք հունիսի կեսին կհավաքվենք Հայաստանում եւ կսկսենք մարզվել: Կփորձենք ստուգողական հանդիպումներ ունենալ: Նախատեսում ենք ընկերական մրցաշար անցկացնել 3-4 թիմերի մասնակցությամբ: Աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ:
– Նոր խաղացողներ կլինե՞ն հավաքականում:
– Այո, նոր խաղացողներ ունենք: Մեր թիմը տարիքային սահմանափակում ունի, ըստ այդմ փոփոխություններ ունենք: