Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմից ստացված շուրջ 20 մլն ԱՄՆ դոլարի հասույթը կուղղվի Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի իրավունքի դպրոցում նոր ինստիտուտի ստեղծմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Daily News-ը: «Մարդու իրավունքների «Խոստումը» ինստիտուտը մեր իրավունքի դպրոցն ու այս համալսարանը կդարձնի մարդու իրավունքների կրթության առաջամարտիկ», նշել է իրավունքի դպրոցի դեկան Ջենիֆեր Լ. Մնուկինը:
Նա ընդգծել է, որ 20 մլն ԱՄՆ դոլարն ամենամեծ նվիրատվությունն է, որ իրավունքի դպրոցը երբևէ ստացել է ինստիտուտ ստեղծելու համար: «Շատ մարդկանց Հայոց ցեղասպանությունը հայտնի չէ: 102 տարի մշտական ժխտման արշավ է եղել: Մենք հուսով ենք, որ Հայոց ցեղասպանության հարցում առկա մութը ցրելով` կարող ենք շարժվել առաջ և իսկապես առաջատար լինել մարդու իրավունքների հարցում կրթության, ուսումնասիրությունների, քարոզի և կրթաթոշակների գործում», նշել է «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր, Կալիֆորնիայի համալսարանի բժշկական դպրոցի մարսողական հիվանդությունների բաժնի համաղեկավար Էրիկ Էսրաիլյանը: Նոր ինստիտուտի առաջին տնօրենը լինելու է իրավունքի պրոֆեսոր Ասլի Բալին: «Հայերը միայն սեփական պատմության վրա կենտրոնացած չեն: Մենք ցանկանում ենք, որ մարդիկ մեր պատմությունից դասեր քաղեն, որ մյուսներն այդ գիտելիքներից օգուտ ունենան», նշել Էսրաիլյանը:
«Խոստումը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա ապրիլի 21-ին: Հայաստանի կինոթատրոններում ֆիլմը կցուցադրվի ապրիլի 27-ից: