Խորհրդարանական ընտրություններից հետո ԱԺ անցած կուսակցությունները դեռեւս հստակեցումների փուլում են գտնվում: ՀՅԴ-ում ևս դեռ վերջնական որոշում կայացված չէ՝ ո՞վ կդառնա պատգամավոր, ո՞վ ինքնաբացարկ կհայտնի:
ArmLur.am-ը փորձեց ՀՅԴ-ից ճշտել, թե երբ կհայտարարվեն անձանց անունները, ովքեր կհայտնվեն խորհրդարանում: Ի պատասխան` կուսակցության կենտրոնական գրասենյակից մեզ հայտնեցին, որ բոլոր տվյալները ժամանակին կհրապարակվեն: «Ամեն ինչ ժամանակին», – փոխանցեցին կենտրոնական գրասենյակից:
Հավելենք, որ ՀՅԴ-ն նոր խորհրդարանում կունենա 7 պատգամավոր: Նրանցից երեքը պետք է խորհրդարան անցնեն վարկանիշային համակարգով: ՀՅԴ ներկայացուցիչներին վարկանիշային համակարգով խորհրդարան կարող են անցնել` թիվ 11 ընտրատարածք՝ Ռոմիկ Մանուկյան՝ 3123 ձայն, թիվ 6 ընտրատարածք` Անդրանիկ Կարապետյան`2975 ձայն և Սուրեն Մանուկյան` 5274 ձայն:
Իսկ ՀՅԴ համամասնական ցուցակի առաջին քառյակն ունի հետևյալ տեսքը.
Արմեն Ռուստամյան,
Աղվան Վարդանյան,
Դավիթ Լոքյան,
Արմենուհի Կյուրեղյան:
Քանի որ Դավիթ Լոքյանը կառավարության անդամ է, նրա փոխարեն պետք է մանդատ ստանա 5-րդ համարը, սակայն ՀՅԴ-ի ցուցակում 5-րդ եւ 6-րդ համարները եւս կառավարության ներկայիս անդամներ են՝ Լեւոն Մկրտչյան, Արծվիկ Մինասյան, եւ նրանց ինքնաբացարկների դեպքում կուսակցության վերջին մանդատը բաժին կարող է հասնել Արմեն Բաբայանին: