Ինչպես հայտնի է` մայիսի 14-ին տեղի են ունենալու Երևանի ավագանու ընտրությունները, որին մասնակցող քաղաքական ուժերն արդեն որոշել են, թե ինչ կարգախոսով են մասնակցելու ընտրություններին:
Եւ այսպես, ՀՀԿ-ն, կուսակցության կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանի փոխանցմամբ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում է «Հանուն Երևանի» կարգախոսով, մյուս քաղաքական ուժը՝ «Ելք» դաշինքը, ինչպես ArmLur.am-ի փոխանցեց դաշինքի անդամ Ալեն Սիմոնյանը, հանդես կգան «Երևան ջան, ելք կա» կարգախոսով:
Ընտրությանը մասնակցող երրորդ քաղաքական ուժը` «Երկիր Ծիրանին», սակայն, չի շտապում հայտնել իր կարգախոսը: Կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ կարգախոսը կհայտնեն ապրիլի 21-ին` քարոզարշավի մեկնարկին:
Նշենք, որ «Ելք» դաշինքն այժմ տեսահոլովակ է նկարահանում, որտեղ երգելու է նաեւ դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը:
Հավելենք, որ «Ելք» դաշինքը հայտնել է, որ ապրիլի 21-ին` քարոզարշավի մեկնարկին Մոսկովյան, Իսահակյան և Տերյան փողոցներին հարող հատվածից մեկնարկող երթը կավարտվի Հյուսիսային պողոտա – Տերյան խաչմերուկին հարող տարածքում, որտեղ կկայանա հավաք և համերգ:
Հիշեցենք նաև, որ Երեւանի քաղաքապետի ընտրություններին մասնակցում է երեք քաղաքական ուժ` ՀՀԿ-ն, Ելք դաշինքն ու «Երկիր Ծիրանի» կուսակցությունը: ՀՀԿ-ի համամասնական ցուցակը գլխավորում է գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը, «Ելք» դաշինքինը՝ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, իսկ «Երկիր Ծիրանին» կուսակցությանը Զարուհի Փոստանջյանը: