Ինչպես հայտնի է` Թուրքիայում ապրիլի 16-ին տեղի է ունեցել պատմական նշանակություն ունեցող սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, որով երկիրը խորհրդարանական կառավարման համակարգից անցում է կատարելու նախագահական համակարգի:
Այս փոփոխություններով, ըստ էության, ընդլայնվելու է 2003 թվականից իշխանության գլխին գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի լիազորությունները, ով փոփոխությունների պարագայում կարող է իշխանության ղեկին մնալ մինչև 2029 թվականը:
Իսկ ինչպիսին կլինեն հայ-թուրքական հարաբերություններն այս փոփոխություններից հետո, ArmLur.am-ը փորձեց պարզել քաղաքագետ Լևոն Շիրինյանից:
«Ավտորիտար ռեժիմն ուժեղանում է, ինստիտուցիոնալ իմաստով երկիրը դառնում է ավելի կենտրոնացված: Այդ կենտրոնացված պետությունն ունի կոնսոլիդացման և մոբիլիզացիայի մեծ հնարավորություններ: Պարզ է, որ այդ տարածաշրջանային հավակնությունները ուժեղանալու են, այն էլ Թուրքիայի ախորժակով»,- նշեց քաղաքագետը:
Վերջինիս համոզմամբ` մենք պետք է մեր պետականության որակն ու մակարդակը բարձրացնենք:
«Այժմ դժվար է ասել, թե ինչպես են լինելու Հայաստանի հետ հարաբերությունները, բայց Ռուսաստանի հետ հարաբերությունների նոր որակ կարող է լինել, ինչպես նաև Եվրոպայի հետ: Սա ի՞նչ է խոսում. պետք է նկատի ունենալ մի բան, որ ագրեսիվ պետության մեջ ագրեսիվ է նաև ղեկավարը, մնացածի մասին ասելու իմաստ չկա: Դրա համար Հայաստանը պետք է որոշակի մոբիլիզացիոն վիճակի անցնի, արագ իշխանություն ձևավորեն, իրենց «բազառները» վերջացնեն: Մեզ պետք է կարգի բերենք, պետականության որակն ու մակարդակը պետք է բարձրացնենք: Այն, որ ասում են անկանխատեսելի է, դա այդպես չի, կանխատեսելի է, որ ակտիվ է լինելու, աջ ու ձախ չռփելով ման է գալու, դա ակնհայտ է»,- հավելեց Շիրինյանը:
Խոսելով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի շուրջ ընդդիմադիր դաշտի կողմից եղած դժգոհություններից` քաղաքագետը նկատեց. «Տեսնում ենք` քվերկողների կողմ ու դեմերը, կարծես, հավասար են, դա Թուրքայի ներքին կյանքին հաղորդում է անկայունություն: Կեսը համաձայն չի այդ հարցի հետ: Դժգոհությունը շատ է: Թուրքիան տարբեր քաղաքակրթություններ, մշակույթներ, կողմնորոշումներ ունի: Ինչքան գիտեմ` էթնիկ թուրքն իրենց ազգաբնակչության 54-56 տոկոսն է կազմում, մնացածները թուրք չեն. քրդեր, հայեր, ասորիներ… Դա նշանակում է, թե նայած ինչ քաղաքականություն կվարի ազգային փոքրամասնությունների հանդեպ Էրդողանը, դրանից շատ բան է կախված»:
Արփինե Թովմասյան