Թուրքիայի նախագահը ստանում է գրեթե անվերահսկելի լիազորություններ. քաղաքագետը` անցկացված հանրաքվեի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` Թուրքիայում ապրիլի 16-ին տեղի է ունեցել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, որով երկիրը խորհրդարանական կառավարման համակարգից անցում է կատարելու նախագահական համակարգի:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ըստ նոր Սահմանադրության, կստանա բյուջե կազմելու, քաղաքական կուսակցության անդամ լինելու, օրենքի ուժ ունեցող հրամանագրեր արձակելու, կառավարության կառուցվածքը փոխելու, խորհրդարանը լուծարելու, արտակարգ դրություն հայտարարելու, բարձրաստիճան դատավորներին նշանակելու, խորհրդարանի կարծիքը հաշվի չառնելով` կառավարության անդամներին նշանակելու իրավունքներ:

Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցել է քաղաքագետ Արմեն Բադալյանի հետ:

«Թուրքիայի նախագահին ոչ թե մի քանի լիազորություններ են ավելանում, այլ Թուրքիայի նախագահը ստանում է գրեթե անվերահսկելի լիազորություններ, որը կարող է օգտագործել ինչպես ներքին, այնպես էլ արտաքին հարաբերություններում և հաստատ օգտագործելու է: Այսինքն, նա գրեթե անվերահսկելի անձնավորություն է դառնում:

Հիմա Էրդողանն է, բայց դրանից հետո ով կարող է լինել, եւ հարց է, թե ինչպես կօգտագործի երաշխիքները: Դա նշանաում է, որ Թուրքիայում իսպառ բացակայում է նախագահին վերահսկելու ինստիտուտը, այդ ինստիտուտը, կարելի է ասել, որ ընդանրապես գոյություն չունի, միանձնյա իշխանավոր է դառնում այսօրա նախագահը»,- ի պատասխան մեր հարցադրմանն ասաց քաղաքագետը:

Վերջինիս համոզմամբ` Սահմանադրական հանրաքվեն հայ-թուրքական հարաբերությունների վրա էական ազդեցություն չի ունենա, իսկ թուրք-ադրբեջանական հարաբերությունները կշարունակվեն մնալ այնպես, ինչպես եղել են նախորդ ժամանակաշրջանում:

«Էրդողանը երկար տարիներ բազմաթիվ գործողություններ իրականացրեց ներքին քաղաքական կյանքում եւ, ի վերջո, հասավ իր նպատակին եւ ստացավ անվերահսկելի լիազորություններ: Սա ցույց է տալիս, որ քաղաքական գործիչը եթե մի բանի ցանկանում է հասնել, նա պետք է 100 տոկոսով օգտագործի իրեն տրված հնարավորությունները: Էրդողանը 100 տոկոսով օգտագործեց և հասավ արդյունքի»,-հավելեց քաղաքագետը:

Արփինե Թովմասյան




Լրահոս