Վարկանիշային համակարգը շատ քաղաքական գործիչների համար իսկապես դարձավ պատուհաս: Ընտրական օրենսգրքի քննարկումների ժամանակ ոչ մեկ անգամ է բարձրացվել այս համակարգի անարդյունավետության հարցը, որը, կարելի է ասել, ապացուցվեց հենց ընտրությունների արդյունքներով:
Ինչպես հայտնի է՝ մանդատների բաշխումն այս համակարգով կատարվում է ըստ ընտրատարածքներում կուսակցությունների ստացած ձայների, և ստացվեց այնպես, որ մի ընտրատարածքից նույն կուսակցությունը կունենա երեք, երկու, մեկ պատգամավոր, կամ էլ առհասարակ չի ունենա: Ըստ այդմ` նույնիսկ շատ ձայներ հավաքելն այս ընտրակարգի դեպքում չի ապահովում ԱԺ-ում մանդատ ստանալը:
Ամենավատ վիճակում, թերևս, ՀՀԿ վարկանիշային թեկնածուներն են. նրանցից շատերը չնայած պատկառելի ձայն են ստացել, սակայն խորհրդարան այդպես էլ չեն մտնի: Թերևս, այդ հանգամանքն «ամենածանրը կտանեն» այն թեկնածուները, որոնք նույնիսկ կուսակցություն էին փոխել՝ խորհրդարանում տեղ ունենալու համար, սակայն այդպես էլ չստացվեց:
Այս պահի դրությամբ, ըստ նախնական պատկերի, խորհրդարան գնալու բերկրանքից զրկվել են՝
Արթուր Գևորգյան՝ 10.150 ձայն,
Մարտուն Գրիգորյան՝ 10.700 ձայն,
Հակոբ Հակոբյան՝ 13.248 ձայն,
Ղուկաս Ուլիխանյան՝ 9500 ձայն,
Ալեքսան Պետրոսյան՝ 9581 ձայն:
ՀՀԿ-ի դեպքում այս շարքը կարելի է դեռ երկար շարունակել: Իսկ, օրինակ, մյուս քաղաքական ուժերի դեպքում նշվածից ավելի քիչ ձայներ ստացածները հնարավորություն ստացել են լինել խորհրդարանում: ՀՀԿ-ի դեպքում բախտը ժպտացել է Կորյուն Նահապետյանին. քանի որ թիվ երեք ընտրատարածքում ՀՀԿ-ն մեծ թվով ձայներ է ստացել, այստեղից խորհրդարան կանցնի երեք հոգի և Նահապետյանը, ըստ այդմ, 1046 ձայնով հնարավորություն է ստանում անցնել խորհրդարան: