ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին ընդունել է ջերմոցաշինությամբ և տոմատի մածուկի արտադրությամբ զբաղվողիրանական մի շարք խոշոր ընկերությունների ղեկավարների:
Համառոտ ներկայացնելով իրենց գործունեությունը`հյուրերը նշել են, որ մեծապես հետաքրքրված են գյուղատնտեսության ոլորտում հայկական կողմի հետ տարբեր ուղղություններով համագործակցություն ծավալելու հարցում: Մասնավորապես իրանցի գործարարները ցանկություն են հայտնել Հայաստանում հիմնել լոլիկի վերամշակման գործարան` արտադրանքը Եվրասիական տնտեսական միության երկրներ արտահանելու նպատակով:Գործարարները հավելել են, որ այս հարցում ակնկալում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության աջակցությունը: Նրանք նաև նշել են, որ նախատեսում են հայ ֆերմերների հետ պայմանագրեր կնքել լոլիկի արտադրության կազմակերպման համար:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը պատրաստակամություն է հայտնել աջակցություն ցուցաբերել իրանական կողմին Հայաստանում լոլիկի մշակություն և մածուկի արտադրություն կազմակերպելու հարցում: Տեղական սորտերի սերմերի վերաբերյալ առավել հանգամանալից տեղեկատվության ստանալու համար նախարարն առաջարկել է հյուրերին սերտորեն համագործակցել «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի և ՀՀ ԳՆ ենթակայության ներքո գործող մյուս գիտական կենտրոնների հետ:
Գործարարների հետ փոխգործակցությունը գործնական հիմքերի վրա դնելու նպատակով նախարար Իգնատի Առաքելյանն առաջարկել է ներկայացնել բիզնես-ծրագիր, որում կներառվեն բոլոր առաջարկները և միջոցառումները:
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Հայաստանում ջերմոցային կոնստրուկցիաների արտադրության և ներդրման, համատեղ ջանքերով գյուղատնտեսական այլ մթերքների արտադրության կազմակերպման հնարավորությունը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին