Տարվա առաջին մրցաշարն է` մեծ ակնկալիքներ չունեմ. Հրաչյա Չանդիրյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 21-ին Երեւանում կմեկնարկի ջրացատկի Հայաստանի մեծահասակների եւ պատանիների առաջնությունը: Ընդհանուր հաշվով մրցաշարին կմասնակցի մոտ 30 մարզիկ:

ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանը նշեց, որ առաջնությունում հանդես կգան նաեւ հավաքականի առաջատարները.

«Հայաստանի առաջնությունն այս տարվա մեր առաջին մրցաշարն է, այնպես որ մեծ ակնկալիքներ չունեմ: Հավաքականի հիմնական մարզիկները տարբեր պատճառներով լիովին պատրաստ չեն: Այս առաջնությունը ցույց կտա` ինչ մարզավիճակում են նրանք եւ ինչի վրա պետք է աշխատենք»,-ասաց մարզիչը:

Հունիսին եւ հուլիսին ջրացատկորդները հանդես կգան Եվրոպայի, ապա աշխարհի առաջնություններում: Հրաչյա Չանդիրյանը հայտնեց, որ գլխավոր ստուգատեսներին նախատեսում է երեք մարզիկի մասնակցություն, բայց դեռ պարզ չէ, թե ովքեր կընդգրկվեն թիմի կազմում.

«Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններին կմասնակցեն միայն տղաները: Իսկ Հայաստանի առաջնության ավարտից անմիջապես հետո Վլադիմիր եւ Ազատ Հարությունյանները կմեկնեն Կիեւ` Ուկրաինայի բաց առաջնություն: Հարությունյան եղբայրները, ամենայն հավանականությամբ, մայիսին հանդես կգան նաեւ Մադրիդի «Գրան Պրիում»,- եզրափակեց Հրաչյա Չանդիրյանը:

Ջրացատկի Հայաստանի առաջնությունը կկայանա ապրիլի 21-ից 23-ը:




Լրահոս