Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ:
Հանրապետության Նախագահը գյուղատնտեսության, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարների, Արարատի մարզպետի ուղեկցությամբ այցելել է «Գրինհաուզ» ընկերություն, ծանոթացել ընկերության զարգացման և ներդրումային ծրագրերի շնորհիվ արձանագրված հաջողություններին՝ ինտենսիվ այգիների ընդլայնման և ջերմոցաշինության ոլորտում իրականացված ներդրումներին, ընկերության գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով ստեղծված ենթակառուցվածքներին, կատարված ներդրումների արդյունքում ստեղծված աշխատատեղերին և 2017 թվականի գործունեության ուղղություններին: Ջերմոցային տնտեսությունում շրջայցից հետո Նախագահը «Գրինհաուզի» վարչական շենքում ծանոթացել է ընկերության ղեկավարության ներկայացրած տարեկան հաշվետվությանը և առաջիկա ծրագրերին:
Նախագահն այսօր այցելել է նաև տարածաշրջանի առաջատար ագրոհոլդինգի՝ «Սպայկա» ընկերության Երևանում գտնվող գլխամաս: Սերժ Սարգսյանը եղել է «Վոլվո» ընկերության բեռնատարների տեխսպասարկման նորագույն սարքավորումներով հագեցած կենտրոնում և «Սպայկա»-ի հյութերի ու պահածոների արտադրության գործարանում՝ ծանոթացել ընկերության ձեռքբերումներին, այդ թվում՝ արտահանման ծավալներին ու զարգացման ծրագրերին:
Ընկերության պատասխանատուները ներկայացրել են, որ 2016թ. դրությամբ «Սպայկա»-ի ուղղակի ներդրումները կազմել են 86 մլն ԱՄՆ դոլար, ընկերությունն ունեցել է 926 մշտական աշխատատեղ, իսկ 2017թ. տարեվերջին ներդրումների ընդհանուր չափը կկազմի 154 մլն ԱՄՆ դոլար, մշտական աշխատատեղերի քանակը կհասցվի 1 316-ի:
«Սպայկա» ընկերության պատասխանատուների հավաստմամբ, 2017 թվականին ընկերությունը զարգացնում է կաթի արտադրության և վերամշակման ուղղությունը՝ շարունակելով ներդրումները ինտենսիվ այգիների ու ջերմոցաշինության ոլորտում: «Սպայկա»-ի ծրագրերից է նաև հայկական ապրանքների օնլայն խանութի՝ «Արմզոն» ծրագրի իրականացմամբ այնպիսի հարթակի կազմակերպումը, որը հնարավորություն կտա Հայաստանի բոլոր արտադրողներին առանց միջնորդների ու սուպերմարկետների անմիջականորեն մուտք ունենալ ՌԴ հիմնական քաղաքներ` կարճ ժամկետում և մատչելի գներով ռուսաստանյան սպառողին հասցնելով վերոնշյալ օնլայն հարթակում նրա ընտրած հայկական ապրանքատեսակները: