Օտար լեզվի ուսուցիչների վերապատրաստումների արդյունավետությունը` հանդիպման առանցքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է աշխատանքային այցով Երևանում գտնվող ՌԴ հումանիտար առաքելության կրթական ծրագրերի փոխտնօրեն Իրինա Վասիլևային: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ դպրոցներում գործածվող ռուսերենի դասագրքերի և ռուսերենի ուսուցիչների վերապատրաստման դասընթացներին առնչվող մի շարք հարցեր:
Նախարարը նշել է, որ հայ-ռուսական կրթական համագործակցությունը վերջին տարիներին նոր զարգացում է ապրել, մասնավորապես Հայաստանում գործող Հայ-ռուսական սլավոնական համալսարանին զուգընթաց Երևանում բացվել է նաև Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղը:

Լևոն Մկրտչյանը կարևորելով ՀՀ-ում գործող ռուսական բուհերի ներուժը, միաժամանակ ընդգծել է, որ այն պետք է նպաստի դպրոցներում ռուսաց լեզվի զարգացմանը և ուսուցման արդյունավետության բարձրացմանը: Ներկայացնելով Հայաստանում դասագրքերի ստեղծման և ուսուցիչների վերապատրաստման գործընթացները՝ ԿԳ նախարարը տեղեկացրել է, որ այժմ քայլեր են ձեռնարկվում այդ համակարգերում փոփոխություններ կատարելու ուղղությամբ և այս տեսանկյունից ռուսական կողմը կարող է աջակցություն ցուցաբերել ինչպես դասագրքերի բովանադակային բարելավման, այնպես էլ ուսուցիչների վերապատրաստման դասընթացների արդյունավետության բարձրացման առումով: Լևոն Մկրտչյանը տեղեկացրել է, որ ՀՀ օրենսդրության համաձայն՝ բոլոր ուսուցիչները 5 տարին մեկ պարտադիր վերապատրաստումների են գնում.

«Մենք որոշել ենք օտար լեզվի, այդ թվում նաև ռուսերենի ուսուցիչների վերապատրաստման դասընթացները պատվիրակել մասնագիտացված կազմակերպություններին: Ռուսերենի դեպքում այդ գործառույթը կարող են վերցնել Հայ-ռուսական սլավոնական համալսարանը կամ Լոմոնոսովի անվան համալսարանի երևանյան մասնաճյուղը»,- նշել է Լ. Մկրտչյանը:
ՌԴ հումանիտար առաքելության ներկայացուցիչը, շնորհակալություն հայտնելով նախարարին ընդունելության համար, նշել է, որ ռուսական կողմը պատրաստ է քննարկել ռուսաց լեզվի դասավանդման արդյունավետությունը բարձրացնելու առաջարկներն ու աջակցելու կրթական ծրագրերի արդյունավետ իրականացմանը:




Լրահոս