«ՍԱՍ գրուպի» «նախընտրական» ձայնագրության առթիվ նյութերը փոխանցվել են ՀՔԾ, սակայն դեռ քրգործ չի հարուցվել: Այս մասին «Փաստը» տեղեկացավ ՀՔԾ մամուլի ծառայությունից: Իսկ մինչ դատախազությունն ու ՀՔԾ–ն նորից ու նորից լսում են «ՍԱՍ գրուպի» ժողովի ձայնագրությունը ու չեն կողմնորոշվում՝ ինչ անել, «ՍԱՍ»–ում հաշվեհարդար են տեսնում ձայներ չբերած աշխատակիցներից: Մասնավորապես երեկվա «ՀԺ»–ից պարզ դարձավ, որ հայտնի ժողովի մասնակիցներից մեկը՝ Արտակ Սարգսյանի համար 0 ձայն բերած Սիրանուշ Թումասյանը, այլևս չի աշխատում ՍԱՍ–ում:
Սկանդալային ձայնագրությունում լսվում է, որ նրա մասին խոսելով, ժողովը վարողն ասում էր. «Սիրանուշ Թումասյան: Յա, մազերդ տենց սիրուն ներկել ես, զուգվել–զարդարվել ես, գիտես պտի էսօր մեծարման երեկո անենք, հա՞ 0 ձայներիդ համար: Ամոթ չե՞ս անում, Սիրանուշ: Ամոթ ա, չէ՞: Որտե՞ղ ես ապրում, Թաիրո՞վ: Կապ չունի, տեսա՞ք մարդը ռայոնից 15 ձայն ա բերել»:
Սիրանուշ Թումասյանի մայրը՝ տիկին Արփենիկը, «Փաստի» հետ զրույցում ասաց, որ իր աղջիկը հիմա չի աշխատում, բայց առաջիկայում աշխատելու է ՍԱՍ գրուպում: «Ես չգիտեմ, հա, բայց ինքը իրանց հետ բացարձակ խնդիր չունի, խնդրում եմ մեզ այլևս չանհանգստացնեք»,– հայտարարեց Սիրանուշ Թումասյանի մայրը: Հետաքրքրվեցինք, թե հնարավո՞ր է Սիրանուշին հետ են կանչել մամուլի հրապարակումից հետո. «Չէ, չէ ուղղակի ինքը պետք ա միառժամանակ տանը մնար: Ես սկի չգիտեմ էլ ինչ հրապարակում ա: Ամեն ինչ նորմալ ա Սիրանուշի մոտ, ու ինքը խնդիր էլ չի ունեցել էնտեղ»:
Հարցին, թե վերականգնվել է աշխատանքում, տիկին Արփենիկն ասաց. «Չի վերականգնվել: Ինքը ուրիշի փոխարեն ա աշխատել, մինչև էդ տվյալ անձը պետք ա գնար, հիմա ինքը նորից աշխատանք ունի»: Հիշեցրինք, որ երեկ Սիրանուշն ասել էր, որ չի աշխատում այլևս ՍԱՍ–ում: «Խնդրում եմ ձեր հարցերով ուրիշներին դիմեք: Երեկ ի՞նչ կապ ունի ոնց ա ասել, ինքը աշխատանք ունեցել ա»,– ասաց մայրը: Հարցին, թե հնարավոր է իրեն ՍԱՍ–ից զանգել կանչել են, ասաց. «Չէ, իր հետ պայմանավորվածություն ունեցել են, որ մի ժամանակ տանը պիտի մնա, մինչև իր համար գործը կարգավորվի: Շատ գոհ ա եղել ինքը իրա ամբողջ տնօրինությունից: Ինքը էդտեղ միշտ էլ աշխատանք ունեցել ա, ուղղակի պատճառներ կար, որ տվյալ ժամանակ ինքը պետք ա տանը մնար, հետո նորից գնար աշխատանքի»: «ՍԱՍ գրուպի» աշխատակցի մայրը նաև տեղյակ չէ՝ իր աղջիկը պայմանագրո՞վ է աշխատում ՍԱՍ–ում, թե՝ ոչ. «Չգիտեմ: Հիմա ինքը աշխատանքի չի, բայց աշխատանքի լինելու է»:
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը «Փաստի» հետ զրույցում անդրադառնալով դեպքին՝ ասաց. «Կարծում եմ, որ ՍԱՍ–ի ղեկավարությունը «հետևողական» է եղել և անկախ այն բանից, որ բացահայտվել է այդ ձայնագրությունը, պատժում է այն մարդկանց, ովքեր ձայն չեն բերել սեփականատիրոջը: Իսկ որ այդ աշխատակիցը կամ նրա մայրը խուսափում են ուղիղ պատասխաններ տալ, ուրեմն կամ ՍԱՍ–ից ասել են, որ չասեն, թե չէ ավելի վատ կլինի, կամ դեռևս հույսեր են փայփայում, որ կարող է հետ ընդունեն աշխատանքի` համատարած գործազրկության այս պայմաններում, և նրան մեղադրելը տեղին չէ»: Ըստ նրա՝ աշխատողի իրավունքը Հայաստանում գրեթե պաշտպանված չէ, պաշտպանված կլինի այն դեպքում, երբ աշխատողները համարձակություն ունենան և ստեղծեն արհմիություններ:
Իրավաբան Արմինե Շումովիչը «Փաստի» հետ զրույցում ասաց, որ եթե գործատուն կարգ է խախտել և իրեն անհիմն աշխատանքից հեռացրել է, այդ դեպքում աշխատակիցը պետք է դիմի Առաջին ատյանի դատարան, որպեսզի գործատեղում իրեն վերականգնեն. «Ու հարկադիր պարապուրդի համար աշխատավարձը պետք է իրեն վճարվի: Դեպքերը շատ են, երբ դատարանը պարտադրում է, որ գործատուն վերականգնի ու կնքի աշխատանքային պայմանագիր աշխատողի հետ»:
Ըստ իրավաբանի՝ նախկինում աշխատանքի տեսչությունը որոշ չափով աշխատակիցների իրավունքների հարցը լուծում էր, սակայն հիմա լուծարվել ու միացվել է նախարարությանը ու ավելի բարձիթողի վիճակում է այդ հարցը:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: