Ադրբեջանի սրտով չէ արցախցի Էռնայի մասնակցությունը «Նոր Ալիք»-ին, հայաստանյան կողմն իրավաբանորեն ամուր է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ն արդեն տեղեկացրել է, որ «Նոր ալիք» միջազգային երաժշտական մրցույթում այս տարի Հայաստանը կունենա երկու ներկայացուցիչ` Սյուզաննա Մելքոնյանն ու Էռնա Միրզոյանը: Պարզվում է, սակայն, որ մեր հարեւան Ադրբեջանի սրտով չէ ծնունդով արցախցի Էռնայի մասնակցությունը մրցույթին: Ադրբեջանի արտաքին գործերի եւ մշակույթի ու զբոսաշրջության նախարարություններն ուսումնասիրում են այս հարցը: Հաղորդվում է, որ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Հիքմեթ Գաջիեւը կձեռնարկի համապատասխան քայլեր՝ մրցույթում Էռնայի մասնակցությունը չեղարկելու համար:

«Ժողովուրդ»-ը թեմայի շուրջ զրուցեց Էռնա Միրզոյանի պրոդյուսեր Լիրա Քոչարյանի հետ: Նա նախ շեշտեց այն հանգամանքը, որ թեեւ Էռնան արցախցի է, բայց «Նոր ալիքին» մասնակցում է որպես Հայաստանի, ոչ թե Արցախի ներկայացուցիչ. «Ադրբեջանն իրավաբանորեն մեզ վրա «հարձակում» գործելու ոչ մի հիմք չունի: Ադրբեջանական կողմը կարող է բանեցնել միայն իրեն բնորոշ շանտաժ, բայց ես վստահ եմ, որ «Նոր ալիքը», ունենալով բարի համբավ, սկզբունքներ եւ տարիների փորձ, թույլ չի տա, որ որեւէ կերպ իր որոշումները փոփոխության ենթարկվեն: Իհարկե, Ադրբեջանի կողմից նման փորձեր լինելու են, եւ, անկեղծ ասած, ինձ զարմացրեց այդ երկրի ինքնավստահ կեցվածքը այս հարցի շուրջ: Այնուամենայնիվ, «Նոր ալիքը» չպետք է տեղի տա քաղաքական շանտաժներին»,-մեկնաբանեց պրոդյուսերը:

Նա նկատեց, որ Ռուսաստանը չի կարող մասնակցել «Եվրատեսիլ 2017»-ին` Ուկրաինայի կողմից քաղաքական նույնատիպ մոտեցումների պատճառով (Ռուսաստանը ներկայացնելու էր երգչուհի Յուլյա Սամոյլովան, սակայն մարտի 22-ին Ուկրաինայի անվտանգության ծառայությունը երեք տարով արգելել է նրա մուտքը երկիր, քանի որ երգչուհին 2015-ին համերգով հանդես է եկել բռնազավթված Ղրիմում՝ այդպիսով խախտելով ուկրաինական օրենքը-հեղ.). «Եթե Ռուսաստանն իր հանդեպ այդ վերաբերմունքը չի ընդունում, ուրեմն չպետք է նմանատիպ վերաբերմունք ցուցաբերի արցախցի ներկայացուցչի հանդեպ: Եվ, առհասարակ, արվեստն ու սպորտը բացարձակապես կապ չունեն քաղաքականության հետ: Լավ երգիչը մնում է լավ երգիչ` անկախ այն բանից՝ արցախցի է, ամերիկացի, թե աֆրիկացի»,-շեշտեց Լ. Քոչարյանը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս