«Դա կարող է բանակի փլուզմանն էլ բերել». նոր ծրագիրը արդյունավետ կլինի՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր «Ազգ-բանակ-2017» խորագրով համաժողովում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ներկայացրեց «Ես եմ» ծրագիրը:

Ըստ ծրագրի` ծառայությունը դառնալու է նոր տեսակի` ժամկետային պայմանագրային:

Ծառայությունը կտևի 3 տարի, սակայն դրանցից գումարային 7 ամիս զինծառայողը կանցկացնի ազատ արձակման մեջ` սկսած 6-րդ ամսվանից, երբ իր ստորաբաժանումը կստանձնի մարտական հերթապահությունը՝ յուրաքանչյուր ամիս ծառայելով 1+1+2 բանաձևով:

Մեկ շաբաթ` արձակուրդում, մեկ շաբաթ` զորամասում` պատրաստվելով մարտական հերթապահության, և երկու շաբաթ` առաջնագծում, մարտական հերթապահություն անցկացնելիս:

Յուրաքանչյուր անգամ արձակուրդ գնալիս կվճարվի կվճարվի որոշակի գումար` արձակուրդային ծախսերը հոգալու համար:

ArmLur.am-ը փորձեց մի շարք քաղաքագետներից և ռազմական գործիչներից իրենց տեսակետն իմանալ նշված ծրագրի վերաբերյալ, սակայն նրանցից ոչ ոք դեռ չէր հասցրել ծանոթանալ դրա բովանդակությանը կամ հրաժարվում էին մեկնաբանություններ թողնել` նշելով, որ ասելիք չունեն:

Այս ծրագրի վերաբերյալ մեզ հաջողվեց զրուցել միայն քաղաքագետ Լևոն Շիրինյանի հետ:

«Մենք կարգապահ չենք: Դուք պատկերացնո՞ւմ եք` զինվորին մի շաբաթ թողնում ենք տուն, կարգապահության հարց է, իսկ բանակը կարգապահություն չունենա, չի կարող բանակ լինել: Եթե Իսրայելի փորձը նկատի ունեն, ապա Իսրայելի փոքրությունը, զինվածության մակարդակը և նյութական ռեսուրսները բոլորովին ուրիշ են, դրանք ահռելի գումարներ են ծախսում: Մեզ որտեղի՞ց այդ գումարները»,- ի պատասխան մեր հարցի` ասաց նա:

Քաղաքագետի խոսքով` ծրագիրը լավագույնս պետք է մշակվի. «Ես կողմ եմ, որ պետությունը լինի ինստիտուցիոնալ կազմակերպվածությամբ. ամեն օղակ պետք է հստակ աշխատի սահմանադրությամբ և օրենսդրության ժողովրդավարական նորմերով. այդ է կարևոր: Օրենսդիր, դատական և գործադիր իշխանությունների ճյուղերը պետք է անջատված լինեն և հավասարակշռված, ինչը չի արվում Հայաստանում: Բանակի հետ խաղալը շատ վտանգավոր է»:

Շիրինյանի կարծիքով 3 տարին երկար ժամանակ է, և լավ կլինի դրա փոխարեն ծնելիությունը խրախուսվի. «Քչությունը ստեղծում է վիճակ: Հայաստանում արդար հասարակություն ստեղծե′ք` ժողովրդի քանակը կմեծանա, ներգաղթ կլինի, այդ ճանապարհը ճանապարհ չի: Կիսապատերազմի մեջ գտնվող երկրում, աղքատության մեջ, անկարգապահ վիճակում, դա կարող է բանակի փլուզմանն էլ բերել»:

Արփինե Թովմասյան




Լրահոս