ՀՀԿ-ում ներկուսակցական հետընտրական «ռազբորկաներ» են սկսվել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀԿ-ական թեկնածուներն ամեն չստացած քվեի դիմաց պարզաբանում են պահանջում այդ տարածքում ընտրության պատասխանատուներից՝ միաժամանակ պահանջելով ետ վերադարձնել չստացված ձայների դիմաց վճարված ընտրակաշառքը: Ու հիմա այս գործընթացը գրեթե մասսայական բնույթ է կրում, մեծ իրարանցում է առաջացրել թաղային խուժանի մոտ, քանի որ հենց նրանք են եղել ընտրության պատասխանատուները, տասնապետերը:
Ավելին՝ մեր տեղեկություններով՝ ՀՀԿ-ում ներկուսակցական սկանդալ է հասունանում մեկ այլ առումով. ձայների հաշվարկի ժամանակ ՀՀԿ-ական մի շարք թեկնածուների քվեաթերթիկներ դրվել են այդ տարածքում ՀՀԿ ուժեղ թեկնածուի անվան տակ: Ու քանի որ ընտրությունների արդյունքները բողոքարկողը եւ վերահաշվարկ պահանջողը կուսակցությունն է, ներքին որոշում է կայացվել` որեւէ դեպքում չգնալ այդ քայլին: Իսկ քիչ ձայն ստացած կամ ձայների նվազագույն տարբերությամբ պարտված թեկնածուների մեջ լուրջ դժգոհություն է հասունանում: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ դժգոհությունները մեղմելու համար Սերժ Սարգսյանն իր մոտ է կանչում թեկնածուներին` զրուցելու, հանգստացնելու համար. ոմանց պաշտոն է խոստանում, մյուսներին` մի կերպ պատգամավորի մանդատ, եւ այսպես շարունակ: Միայն թե դժգոհությունը հրապարակային բնույթ չկրի, ինչպես եղավ ՀՀԿ-ի կողմից առաջադրված գավառցի Տիգրան Արզաքանցյանի դեպքում, երբ հայտարարեց, թե «մարդիկ մտան կոռուպցիայի տակ» եւ իրեն չընտրեցին:
Երեւանի ավագանու ընտրություններում հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել. առաջադրվել է ընդամենը երեք ուժ` ՀՀԿ-ն, «Ելք» դաշինքը եւ ընդամենը մի քանի օր առաջ պետական գրանցում ստացած «Երկիր ծիրանի» կուսակցությունը, որ ձեւավորել է Զարուհի Փոստանջյանը: Իսկ ահա խորհրդարանական ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն, յուրաքանչյուրն իր պատճառաբանությամբ, չեն մասնակցում ընտրություններին: Այս ընտրություններին չեն մասնակցում նաեւ ԱԺ ընտրությունների արդյունքում խորհրդարանից դուրս մնացած ուժերը` ՀԱԿ-ը, ՕՐՕ դաշինքը, ՕԵԿ-ը: Ու հիմա, ըստ ԸՕ 141 հոդվածի, եթե ընտրություններին մասնակցում է 3 ուժ, ապա չի գործի կուսակցության դեպքում անցողիկ 6, դաշինքի դեպքում` 8 տոկոսի շեմը, եւ մանդատների բաշխումը տեղի կունենա այդ երեք ուժերի միջեւ՝ նրանցից յուրաքանչյուրին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվին համամասնորեն: Այսինքն` այսօր արդեն կարող ենք ասել, որ Երեւանի ավագանիի կազմում կլինեն մասնակից 3 ուժերի ներկայացուցիչներ, թե ով կհաղթի եւ քաղաքապետ կնշանակի, կորոշի երեւանցին:
Հայաստանի պետական պարտքը հասել է 6 մլրդ դոլարի սահմանագծին: Ապրիլի 1-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 5 մլրդ 996.2 մլն դոլար: Նշենք, որ այդ գումարի ահռելի մասը ՀՀ կառավարության արտաքին պարտքն է` 4.3 մլրդ դոլար: Միայն մեկ ամսվա ընթացքում այն ավելացել է 35 մլն դոլարով, իսկ տարեսկզբի համեմատ` 54.1 մլն դոլարով: Փաստորեն, պետք է արձանագրենք` Հայաստանի պետական պարտքն արդեն անցնում է ՀՆԱ 50 տոկոսի սահմանագիծը. մի ցուցանիշ, որը համարվում է վտանգավոր, եւ որը գուժում է դեֆոլտի մոտալուտ այցը: Ի դեպ, մեկ ուշագրավ փաստ եւս. պետական պարտքի ցուցանիշը հաշվարկելիս սովորաբար ՀՀ ֆիննախը չի ներառում խոշոր բիզնեսից վերցրած գերավճարները, այնինչ` այդ թվերը բավական պատկառելի են. միայն նախորդ տարվա վերջին գերավճարները կազմել են 132.8 մլրդ դրամ կամ ավելի քան 290 մլն դոլար. ի վերջո, այդ գերավճարները տրվել են հետագայում վերադարձնելու կամ այլ հարկատեսակի անվան տակ հաշվանցելու համար: Ուստի այս ցուցանիշը գումարելու դեպքում պատկերն առավել քան մռայլ է դառնում:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2015թ. էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիաների ժամանակ լրագրողների նկատմամբ բռնություն գործադրելու համար 600 հազար դրամ տուգանքի դատապարտված փոխգնդապետ Դավիթ Փերիխանյանը` ՀՀ ոստիկանության զորքերի N զորամասի հրթիռահրետանային սպառազինության ծառայության պետը, դիմել է վերաքննիչ դատարան` պահանջելով իրեն արդարացնել: Մինչդեռ դատաքննության ժամանակ նույն Փերիխանյանն առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր էր ճանաչել ու հրաժարվել ցուցմունքներ տալուց` խնդրելով հիմք ընդունել նախաքննության ժամանակ ասվածը: Այնինչ հիմա, ընդհակառակը, վերաքննիչ դատարան ներկայացրած դիմումի մեջ պնդել է, թե ինքը հանցագործություն չի արել: Այլ կերպ ասած՝ տխրահռչակ փոխգնդապետը, որ կոտրել էր մի քանի լրագրողի տեսախցիկ ու դրանից հետո բարեհաջող կերպով շարունակել պաշտոնավարումը, դեռ փորձում է իր արարքներն արդարացնել: Ի դեպ, նշենք, որ այս գործով դատապարտյալի աթոռին հայտնվել էր եւս երեք ոստիկան` Տաճատ Նորատունկյանը, Արթուր Այվազյանը, Կոստան Բուդաղյանը, որոնք դատապարտվել էին 500 հազար դրամ տուգանքի: Մյուս լրագրողների նկատմամբ բռնության գործը ՀՔԾ-ում 3 տարի է՝ շարունակվում է: Տեղում դոփում է նաեւ այս տարվա Սարի թաղի ջարդի քրգործը:
ՎԵՐԱՆԱՅԵԼՈՎ
ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը խորհրդարանական ընտրութուններից հետո երեկ երկրորդ անգամ հանդես եկավ հրապարակային խոսքով: Վերստին ներկայացնելով Հայաստանում ընտրությունների կեղծման արատավոր համակարգը եւ արձանագրելով, որ երկրում ոչնչացված է միջին խավը՝ իբրեւ ընտրությունների ելքը վճռող գործոն, Տեր-Պետրոսյանն արտահայտում է իր զարմանքը. «Ապշելու բան է, թե Խորհրդային բռնապետության դեմ 1988-ին միահամուռ ոտքի կանգնած հպարտ ժողովրդին ինչպես կարելի էր ընդամենը երկու տասնամյակում, բառիս բուն իմաստով, ծնկի բերել։ Դա հնարավոր էր միայն ու միայն նրան բացարձակ թշվառության մատնելու ճանապարհով, ինչը փայլուն կերպով իրականացրեց 2000-ական թթ. սկզբից Հայաստանում հաստատված ավազակապետական ռեժիմը»:
Թերեւս արդեն հոգնեցուցիչ է եւ անիմաստ հիշեցնելը, որ այդ գործընթացը սկսվել էր շատ ավելի վաղ՝ արդեն 90-ականների սկզբից, երբ ոչ պակաս թափով էր ընթանում ժողովրդի թշվառացման գործընթացը: Ավելի կարեւոր է դիտարկել Տեր-Պետրոսյանի երեկվա հոդվածում ի հայտ եկած նոր շեշտադրումները՝ կապված հայաստանցի-ղարաբաղցի տարանջատման անընդունելիության հետ: Այս համատեքստում նախ՝ նորություն էր, որ երկրի առաջին նախագահն արդեն հարկ է համարում արձագանքել որեւէ թերթում հրապարակված որեւէ կոնկրետ հոդվածի: Սա արդեն իսկ ժամանակին այնքան սակավախոս Տեր-Պետրոսյանի կողմից հրապարակախոսական ակտիվության ուշագրավ դրսեւորում է:
Առավել ուշագրավ է այն, թե ինչ է ասում Տեր-Պետրոսյանն իր արձագանքում. «Դեռ մեծ հարց է, թե ով ում է ավելի շատ բան տվել՝ Հայաստանը Ղարաբաղին, թե՞ Ղարաբաղը Հայաստանին։ Այդպիսի հիմք չէ նաեւ Հայաստանում ապաստանած մեկ-երկու տասնյակ ղարաբաղցի պաշտոնյաների ու խոշոր գործարարների նկատմամբ ձեւավորված խիստ բացասական վերաբերմունքը։ Հայաստանն ու Ղարաբաղը մեր ընդհանուր հայրենիքն են, որի քաղաքացիները հավասարապես կիսում են թե՛ հաղթանակները, թե՛ պարտությունները եւ թե՛ զրկանքներն ու տառապանքները»։ Տեր-Պետրոսյանի կողմից ղարաբաղցի-հայաստանցի տարանջատման դեմ նման վրդովմունքը ողջունելի լինելով հանդերձ, այնուամենայնիվ, առաջացնում է շատ կոնկրետ հիշողություններ: Մասնավորապես դժվար է մոռանալ, թե ինչպես էր ժամանակին Ստեփանակերտում Լեւոն Տեր-Պետրոսյանը այն նույն հանդիպմանը, որի ընթացքում Ռոբերտ Քոչարյանն արեց իր՝ ալբանացի լինելու մասին հայտնի կատակը, դահլիճից դուրս գալով ասում՝ «Լեոնարդին /Լեոնարդ Պետրոսյանին/ էլ թողնում ենք այստեղ որպես կես հայ-կես ղարաբաղցի…», եւ ուղղմանը, թե նախագահը գուցե նկատի ունի՝ «կես հայաստանցի, կես ղարաբաղցի» հեգնանքով երկրորդում՝ «ես գիտեմ, թե ինչ եմ ասում՝ կես ղարաբաղցի, կես հայ»:
Ինչեւէ, սեփական սխալները գիտակցելն ու մոտեցումները վերանայելու խիզախությունը միայն ողջունելի է: