«ԵԿԵՔ՝ ԱՅՍՊԵՍ ՊԱՏԱՍԽԱՆԵՄ. ԳՆԱԼՈՒ ԵՄ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արարատի մարզում ՀՀԿ-ի կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված ՀՀ նախագահի խորհրդական, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, ստանալով 6541 ձայն, հնարավորություն ունի իր գործունեությունը շարունակել խորհրդարանում: Կօգտվի՞ այդ հնարավորությունից Սարգսյանը եւ կգնա՞ ԱԺ, թե՞, այնուամենայնիվ, կմնա նախագահի խորհրդականի պաշտոնում: «Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը Ալիկ Սարգսյանն է:

-Պարո՛ն Սարգսյան, առաջիկայում Ձեզ կտեսնե՞նք Ազգային ժողովո՞ւմ, թե՞ կհրաժարվեք Ձեր մանդատից՝ շարունակելով նախագահի խորհրդականի պաշտոնում մնալ:
-Դե, դեռ չգիտեմ, այս երկու օրը կորոշվի, էլի, տեսնենք՝ ոնց կստացվի, որոշում կկայացվի, կորոշենք, չգիտեմ: Ես էլ դեռ, ճիշտն ասած, չեմ որոշել: Ամենայն հավանականությամբ, ազգային ժողով կգնամ, ամենայն հավանականությամբ:
-Բայց չե՞ք կարծում, որ նախագահի խորհրդականից պատգամավոր դառնալը նշանակում է պաշտոնի իջեցում:
-Հետաքրքիր հարց եք տալիս, վերջը ինչո՞ւ եմ մասնակցել ազգային ժողովի ընտրություններին, ինչ-որ նպատակ եղել է, չէ՞: Հիմա, դե, չգիտեմ, հարմար է, հարմար չէ, հարցը արդեն դրանում չէ, կորոշեմ այս քանի օրը, դեռ որոշված չէ: Մտածում եմ դեռ, պետք է հասկանամ՝ ինչ անեմ: Դա պաշտոն չէ, դա ժողովրդի ծառա է, այսպես բնութագրեմ: Պատգամավորը ես որպես պաշտոն չեմ տեսնում, ես արդեն շատ երկար ժամանակ որեւիցե պաշտոնի չեմ ձգտում:
-Ասում եք՝ դեռ պիտի մտածեք, բայց մի՞թե չպիտի արդեն մտածած լինեիք, մինչեւ ընտրապայքարի մեջ մտնելը:
-Ուրեմն համարեք՝ գնալու եմ, եկեք, այսպես պատասխանեմ, գնալու եմ ազգային ժողով:
-Իսկ ի՞նչ նպատակով եք գնում ԱԺ, ասացիք՝ կոնկրետ նպատակ ունեք:
-ԱԺ գնալու՞, օրգա՞ն եմ ընդունվում, մեկ-մեկ որ հարցնում են՝ ի՞նչ նպատակով ես ընդունվում համակարգ… ԱԺ գնում են ինչի՞ համար, պատգամավոր ինչի՞ համար են դառնում մարդիկ: Գնում եմ, աշխատեմ, ինչ-որ մի ձեւ կարողանամ պատգամավորի ֆունկցիաները ճիշտ օգտագործել, ինչի՞ մասին է խոսքը:
-Իսկ ի՞նչն էր պատճառը, որ համեմատած Ձեր մյուս գործընկերների հետ՝ ավելի քիչ ձայն հավաքեցիք:
-Պատճառն այն էր, որ ես մի քիչ ուշ մասնակցեցի այս գործընթացներին, այդքան էլ պատրաստ չէի այս ընտրություններին մասնակցել:
-Հնարավո՞ր է՝ նրանք ընտրակաշառք են բաժանել եւ այդ կերպ կարողացել նաեւ Ձեզանից շատ քվե հավաքել:
-Ես որեւիցե բան չեմ կարող ասել: Ամեն դեպքում ես մասնակցեցի այնքանով, ինչքան կարողացա: Քարոզարշավս էլ անցկացրել եմ Արտաշատի տարածաշրջանում եւ ես համարում եմ, որ այդպես ստացվեց, եղավ, որեւէ թեմա չկա:
-Իսկ ինչու՞ միայն Արտաշատի տարածաշրջանում, ընտրատարածքը մեծացել է, չէ՞, ամբողջ Արարատի մարզը մեկ ընտրատարածք է:
-Ֆիզիկապես չէի հասցնի: Ես զբաղված էի կուսակցական աշխատանքով, ամբողջ մարզի Հանրապետական կուսակցության գործերով էի ես զբաղված: Եւ այնպես չէ, որ մյուս ձայների հետ կապված՝ ես որեւէ լումա չունեմ: Առաջին օրից հայտարարել եմ՝ ինձ հետաքրքրում են կուսակցության ձայները:
-Տեղեկություններ կան, որ Արարատի մարզից պետական ապարատում աշխատողներին հրահանգված է եղել իրենց քվեն տալ Արայիկ Գրիգորյանին, ինչու՞, նա՞ է Արգամ Աբրահամյանի հիմնական մրցակիցը համարվել, եւ այդ կերպ ցանկացել են ցույց տալ, որ ՀՀԿ-ն այդ մարզում ճնշող մեծամասնություն ունի:
-Ես այդ կարծիքին չեմ եւ որեւէ մեկնաբանություն չեմ կարող այս պահին անել, ամեն մեկը մեկի համար է աշխատել, ես չգիտեմ, թե ինչ չափով են ընդգրկված եղել Ձեր ասած մարդիկ այս ամեն ինչի մեջ, այնուամենայնիվ, փաստ է, որ Արայիկ Գրիգորյանն այսքան ձայն է տարել, մնացածը ես չգիտեմ, պետք է ճշտեմ:
-Լուրեր շրջանառվեցին, որ շատ ընտրատեղամասերում քվեների գողություն է եղել, անգամ թիմակիցները իրարից ձայներ են գողացել: Ձեզանից գողություն կատարե՞լ են՝ հաշվի առնելով մարզում Ձեր թիմակիցների հավաքած ձայները:
-Ես առայժմ այդ մասին որեւէ կոնկրետ տեղեկություն չունեմ: Եթե այդպիսի բան լինի, հետագայում արձագանք կլինի, ես հիմա որեւէ տեղեկություն չունեմ:
-Ուսումնասիրությու՞ն եք կատարելու:
-Դե, ինչի մասին է խոսքը, հետաքրքիր է, որ իմանամ, բայց ամեն դեպքում տեղեկություն այս պահին չունեմ եւ որեւիցե մեկի նկատմամբ մեղադրանք հնչեցնելու կարիք չունեմ, եւ դրա առիթն էլ չկա:
-Իսկ կուսակցությունը գո՞հ է Ձեր աշխատանքից, Սերժ Սարգսյանն իր գոհունակությունը արտահայե՞լ է:
-Կարծում եմ, որ այո, այդպիսի թեմա չի եղել, մեղադրանքի խոսք իմ հասցեին չի եղել, նորմալ է ամեն ինչ: Կուսակցական աշխատանքը եղել է իմ թիվ մեկ խնդիրը:

 

 

 
ՆՈՐԱԹՈՒԽ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ «ԱՆՀԱՅՏ» ՀԱՅՏՆԻՆԵՐԸ

Ինչպես հայտնի է՝ մայիսի 14-ի Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել երեք քաղաքական ուժ՝ ՀՀԿ-ն, «Ելք» դաշինքը եւ օրերս պաշտոնապես գրանցված «Երկիր ծիրանի» կուսակցությունը: Թեեւ ավագանու ընտրությունների քարոզարշավը կմեկնարկի ապրիլի 21-ին, արդեն իսկ այսօր ակնհայտ է, որ հիմնական մրցակցությունը ընթանալու ՀՀԿ-ի եւ «Ելք» դաշինքի միջեւ, որը խորհրդարանական ընտրությունների ժամանակ Երեւանում պատկառելի քվեներ ստացավ:

Այսօր, սակայն, անդրադառնանք դեռեւս ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Երկիր ծիրանի» կուսակցությանը: Այս կուսակցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել 50 հոգանոց ցուցակ, որը գլխավորում է Զարուհի Փոստանջյանը: Նորաթուխ կուսակցության ցուցակում, սակայն, Զարուհի Փոստանջյանից բացի, հանրությանը ծանոթ որեւէ այլ դեմք չկա:
Թեպետ Զարուհի Փոստանջյանը, անդրադառնալով իր անհայտ թիմին, նշել է, որ այն հաղթող է եւ վարկաբեկված չէ, սակայն «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ Փոստանջյանի կուսակցության ավագանու ցուցակի մեջ կան մարդիկ, որոնք որոշ ժամանակ եղել են քաղաքական դեգերումների մեջ: Մասնավորապես, ըստ մեր տեղեկությունների՝ «Երկիր ծիրանի» կուսակցության ավագանու նախընտրական ցուցակում տեղ գտած Հայկ Պետրոսյանը եւ Անդրանիկ Վարդանյանը ի սկզբանե եղել են «Ելք» դաշինքի մաս կազմող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ, սակայն ինչ-ինչ պատճառներով հետագայում հայտնվել են «Միասնություն» շարժման կազմում: Իսկ հիմա էլ, ինչպես երեւում է, իրենց ուժերն են որոշել փորձել Զարուհի Փոստանջյանի հրամանատարությամբ գործող կուսակցության ցուցակով:
Ինչեւէ: Նկատենք, որ «երկաթե տիկնոջ» կուսակցությունը անգամ կես տոկոս ձայներ ստանալու դեպքում ներկայացվածություն կունենա Երեւանի ավագանու կազմում, քանի որ ըստ ընտրական օրենսգրքի՝ ավագանու խմբակցությունները երեքից պակաս չպետք է լինեն, հետեւաբար, եթե հաշվարկի արդյունքում նվագազույն շեմը հաղթահարել է երեքից պակաս ուժ, ապա մանդատների բաշխմանը մասնակցում են առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած երեք կուսակցությունները եւ դաշինքները:
Այսպիսով՝ ակնհայտ է, որ «Երկիր ծիրան»-ի կուսակցությունը ամեն դեպքում ներկայացված է լինելու Երեւանի ավագանու կազմում:

Նյութերը՝ ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ

 

 

 
ՀԱՋՈՐԴ ՆԻՍՏԸ` ՉՈՐԵՔՇԱԲԹԻ
ՀՀԿ ԳՄ առաջիկա նիստը տեղի կունենա ոչ թե ավանդական հինգշաբթի օրը, այլ չորեքշաբթի, այդ մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տեղեկացրել է ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը: Հատկանշական է այն փաստը, որ ՀՀԿ ԳՄ վերջին նիստի ժամանակ կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, թե ԱԺ ընտրությունների հետ կապված որեւէ հարց չեն քննարկել։ «Քանի որ ԿԸՀ-ն վերջնական արդյունքները չի ամփոփել, կոռեկտ չենք համարում խոսել դրա մասին։ Միգուցե մյուս շաբաթվա ընթացքում ՀՀԿ-ն քննարկի քաղաքական իրավիճակի հարցերը»,- ասել էր Շարմազանովը: Սակայն Ռուբեն Թադեւոսյանն այդպես էլ չհստակեցրեց, թե ինչ օրակարգ է ունենալու նիստը: «Գործադիր մարմնի օրակարգը ձեւավորվում է տեղում, կուսակցության նախագահի եւ գործադիր մարմնի անդամների առաջարկությունների հիման վրա»,- ասաց նա: Նկատենք, որ ՀՀԿ-ն պետք է որոշի` համամասնական եւ ռեյտինգային ցուցակի թեկնածուներից ովքե՞ր պետք է դառնան պատգամավոր, արդյո՞ք ՀՅԴ-ի հետ կրկին կոալիցիա կկազմեն, եւ, ընդհանրապես, ինչ տեսք է ունենալու ապագա կառավարությունը:

 

 

 

ԿՄՆԱ՞ ՊԱՇՏՈՆԻՆ
Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, որը ՀՀԿ ռեյտինգային ցուցակով իր թեկնածությունն էր առաջադրել ԱԺ ընտրություններին, բավականին մեծ թվով ձայներ հավաքել, խորհրդարան չի գնա եւ կշարունակի պաշտոնավարումը: Ըստ որոշ տեղեկությունների՝ նա մտադրություն չունի մարզպետի պաշտոնից հրաժարվելու, բայց կա նաեւ տեսակետ, որ ՀՀԿ վերնախավը չի ցանկանում նրան տանել ԱԺ: «Ժողովուրդ»-ը մեկնաբանությունների համար դիմեց նրան, սակայն Հակոբյանը «հարձակվեց» մեզ վրա. «Ժամանակը կգա, կիմանաք»: Իսկ ահա նրա մամուլի խոսնակ Վազգեն Սաղաթելյանը այս հարցի շուրջ հայտարարեց, որ կուսակցությունն է որոշում կայացնում, բայց առայժմ նման որոշում չկա կայացված: Տեղեկացնենք, որ ՀՀ Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերն ընդգրկող թիվ 12 ընտրատարածքում առաջադրված, ամենաշատ ձայներ հավաքած թեկնածուներից է Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, որը հավաքել է 21 հազար 823 ձայն:

 

 

 

ՁՈՒԿԸ ԳԼԽԻՑ Է ՀՈՏԱԾ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ օրերս աշխատանքից ազատվել է «Կոշ» ՔԿՀ-ի օպերատիվ բաժնի պետ Սարգիս Մկրտչյանը: ՔԿՀ-ից մեզ հասած լուրերի համաձայն՝ օպերատիվ բաժնի պետը փորձել է ՔԿՀ-ի կալանավորներից մեկին հեռախոսը փոխանցել, ինչի մասին ղեկավարները տեղեկացվել են եւ Մկրտչյանին ազատել են աշխատանքից` տեղափոխելով այլ ՔԿՀ: Նկատենք, որ տեւական ժամանակ է՝ բարձրաձայնվում է այն մասին, որ քրեակատարողական հիմնարկներում պատիժը կրող դատապարտյալները խարդախությամբ թալանում են մի շարք քաղաքացիների, եւ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ ըստ էության, նրանց այդ քայլում աջակցում են վարչության աշխատակիցները՝ հեռախոս կամ այլ տեխնիկական միջոցներ տրամադրելով:




Լրահոս