ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխանությունները եւ, ընդհանրապես, նորընտիր խորհրդարանի պատգամավորները հայտնվել են անհարմար դրության մեջ, եւ սա օրենսդրական հակասությունների հետեւանքով:

Բանն այն է, որ 2005 թ. ընդունված Սահմանադրության 68-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` ԱԺ առաջին նիստը գումարվում է պատգամավորների երկու երրորդի ընտրվելուց հետո` երրորդ հինգշաբթի օրը։ Քանի որ ԿԸՀ-ն ընտրությունների վերջնական արդյունքներն ամփոփել է ապրիլի 9-ին, Սահմանադրությամբ նախատեսված երրորդ հինգշաբթի օրը ապրիլի 27-ին է, այսինքն` նորընտիր խորհրդարանի առաջին նիստը հենց այդ օրը պետք է գումարվի: Բայց մյուս կողմից, քանի որ ընտրությունների արդյունքները վիճարկվում են ՍԴ-ում, ԱԺ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին ԿԸՀ որոշումը չի կարելի համարել իրավական ուժի մեջ մտած, հետեւաբար նորընտիր խորհրդարանը չի կարող համարվել կազմավորված ու չի կարող սկսել աշխատանքները:
«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը որոշել է Սահմանադրական դատարանում բողոքարկել ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունների արդյունքները: ՍԴ դիմելու վերջնաժամկետն ապրիլի 14-ն է, եւ ենթադրվում է` հենց այդ օրն էլ Կոնգրեսը ՍԴ կներկայացնի ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումը: ՍԴ մասին օրենքի 74-րդ հոդվածն էլ սահմանում է, որ դատարանն առավելագույնը 15 օրվա ընթացքում պետք է քննի այդ դիմումն ու որոշում կայացնի: Ու ստացվում է` Սահմանադրության 68-րդ հոդվածը տվյալ դեպքում պարզապես չի գործելու, եւ նորընտիր ԱԺ առաջին նիստն ապրիլի 27-ին չի անցկացվելու:
ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը երեկ հայտարարել է. «Սահմանադրական դատարանի մասին օրենքով նախատեսված է այս դիմումների քննության առավելագույն ժամկետը, դա 15 օրն է։ Եթե հաշվենք ամսի 14-ից 15-ը, ապա վերջին օրը, երբ Սահմանադրական դատարանը այդ հարցով պետք է որոշում կայացնի, ապրիլի 29-ն է, եւ եթե այս դեպքում հիմք ընդունենք ապրիլի 29-ը որպես Ազգային ժողովի երկու երրորդի ձեւավորման ժամկետ, ապա դրանից սկսած պետք է հաշվարկել, թե երրորդ հինգշաբթի օրը որն է, տվյալ դեպքում` մայիսի 18-ը»:
Եւս մեկ ուշագրավ փաստ. ՀՀ ընտրական օրենսգրքով հստակ սահմանված չէ, թե երբ է ԿԸՀ-ն պատգամավորներին հանձնելու մանդատները. ԸՕ 100-րդ հոդվածը, որ վերնագրված է «Մանդատների տրամադրումը պատգամավորներին», սահմանում է միայն նոր` համամասնական ու ռեյտինգային ընտրակարգի համաձայն մանդատների տրամադրման ընթացակարգը, իսկ ահա ժամկետների մասին ոչ մի խոսք չկա նշված: Տեսականորեն չի բացառվում, որ ԿԸՀ-ն որոշի մանդատները հանձնել հաջորդ տարվա հունվարի 1-ին` որպես ամանորյա նվեր, եւ այս դեպքում ԱԺ-ն պետք է իր գործունեությունը սկսի այդ ժամանակ: Սա, ինքներդ եք հասկանում, զուտ տեսական դատողություն է, եւ որեւէ դեպքում ԿԸՀ-ն չի գնա նման քայլի: Բայց, դե, օրենսդրական սողանցքները կան, ու եթե որեւէ մեկը որոշի «չար կատակ խաղալ», հանգիստ կարող է օգտվել իրավիճակից:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարեց, թե մանդատների տրամադրման ժամկետների հարցն օրենքով կարգավորված չէ, եւ թողնված է ԿԸՀ հայեցողությանը: Ըստ Մուկուչյանի՝ քանի որ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը որոշել է ՍԴ-ում բողոքարկել ընտրությունների արդյունքները, իրենք սպասելու են ՍԴ որոշմանը, որից հետո, եթե ընտրություններն անվավեր չճանաչվեն, ողջամիտ ժամկետում կկազմակերպեն մանդատների տրամադրման գործընթացը:
Նկատենք, որ ԱԺ ընտրությունների ողջ գործընթացն ի սկզբանե ուղեկցվեց իրավական վեճերով. նախ` քննարկումների առարկա դարձավ ընտրությունների օրը հենց ապրիլի 2-ին նշանակելու փաստը. ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը դեռ հունվարին պնդում էր, որ ԱԺ ընտրությունների օրը ապրիլի 2-ին նշանակելը հակասում է Սահմանադրությանը: Մեջբերելով օրենքի համապատասխան հոդվածները՝ տիկին Վարդանյանը եզրակացրել էր. «ԱԺ-ի 5-րդ գումարումը կայացել է մայիսի 31-ին, եւ նրա լիազորությունները պետք է դադարեն մայիսի 31-ին: Հետեւաբար ԱԺ հերթական ընտրությունները պետք է նշանակվեին մայիսի 31-ից 40 օր առաջ», այսինքն` ապրիլի 20-21-ին: Թեեւ կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը փորձել էր հիմնավորել, որ ԱԺ ընտրություններն ապրիլի 2-ին նշանակելու որոշումը հակասահմանադրական չէ, բայց եւ խոստովանել էր` նոր ընդունված Սահմանադրությունը ներքին անհամապատասխանություններ ունի. «Ինչ վերաբերում է ՀՀ Սահմանադրության բովանդակային անհամապատասխանությանը, ապա մեր կարծիքով, այն հաղթահարվում է ՀՀ Սահմանադրության ինքնաբավության եւ սահմանադրական տեքստի ներքին միասնության երաշխավորման սկզբունքի կիրառմամբ, երբ անհամապատասխանության դեպքում գերապատվությունը տրվում է ոչ թե զուտ ընթացակարգային-կազմակերպական սահմանադրական կարգավորումներին, այլ ժողովրդավարական պետության հիմք հանդիսացող կարեւորագույն նշանակություն ունեցող սահմանադրական նորմերին եւ սկզբունքներին»,- ասել էր նա:
Փաստորեն, բովանդակային անհամապատասխանությունները միայն Սահմանադրության մեջ չեն, այլեւ ընտրական օրենսգրքի մեջ, Սահմանադրության եւ ԸՕ-ի մեջ: Ու չի բացառվում, որ վաղն էլ անհամապատասխանություններ հայտնաբերվեն այլ ոլորտների մասով, քանի որ օրենքները` այդ թվում հիմնական, գրվում են պահի շահի թելադրանքով:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 
ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ
Ինչպես հայտնի է՝ Երեւանի ավագանու ընտրություններին ՀՀ օրենսդրությունը չի պարտադրում ընտրատեղամասերում տեսանկարահանման սարքերի տեղադրումն ու ցուցակների հրապարակումը: Բայց «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս ընթացքում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում հակված են, որ Երեւանի ավագանու ընտրություններում եւս դրանք օգտագործվեն: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նշեց. «Օրենքով դա նախատեսված չէ, բայց հիմա մենք քննարկումներ ենք անցկացնում այս թեմայի շուրջ: Եւ չի բացառվում, որ դա կլինի: Այս պահին քննարկվում են այն բոլոր հնարավոր տարբերակները, որպեսզի դրանք լինեն»: Ըստ Մուկուչյանի՝ հավանականությունը մեծ է, որ դրանք կլինեն: Նշենք, որ ավագանու ընտրություններում դրանք օգտագործելու համար հավանաբար գումարներ կպահանջվեն:

 

 

ԹՈՒՅԼ ՉԵՆ ՏԱԼԻՍ ՏԵՍԱԿՑԵԼ
20 օր է անցել ԼՂՀ պաշտպանության բանակին նախկին հրամանատար Սամվել Բաբայանի կալանավորումից, սակայն հարազատներն այդպես էլ չեն կարողանում տեսակցել նրան: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասացին նրա հարազատները՝ նշելով, որ ո՛չ տեսել են եւ ո՛չ էլ հնարավարություն են ունեցել խոսելու: Ավելին՝ գրել էինք, որ մարտի 24-ից մինչ օրս ԱԱԾ-ն որեւէ քննչական գործողություն չի իրականացրել այս գործով կալանավորվածների մասով, ինչը, ըստ էության, խոսում է այն մասին, որ Սամվել Բաբայանի կալանավորումը քաղաքական հրահանգի հետեւանք է` նրան մեկուսացնելու ուղիղ նպատակով: Նշենք, որ ԱԱԾ-ն Բաբայանին, նրա մարտական ընկերոջը՝ Սանասար Գաբրիելյանին, ու եւս մեկ անձի կալանավորել է Վրաստանից մաքսանենգ ճանապարհով «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիրի արձակման ընդամենը խողովակ Հայաստան բերելու համար:

 

 

 

ԱՆԳԱՄ ՆԵՐԿԱՆԵՐԸ
Երեկ Ազգային ժողովի հերթական քառօրյայի առաջին նիստը չի կայացել քվորումի բացակայության պատճառով: Ժամը 12:00-ին համապատասխան թվով պատգամավորներ չեն գրանցվել: Չկայացած նիստի նախագահողը եղել է ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Վերջինս, ողջունելով «պարտաճանաչ պատգամավորներ»-ին, քմծիծաղով հիշեցրել է, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն՝ եթե համապատասխան թվով պատգամավորներ չեն ներկայանում, պատգամավորների գրանցումը շարունակվում է 3 ժամ: Սակայն 3 ժամ անց եւս նույն պատկերն է եղել, եւ նիստը համարվել է չկայացած: Նկատենք, որ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այդ ողջ ընթացքում եղել է ԱԺ շենքում, սակայն չի ներկայացել նիստին: Ավելին՝ երեկ հասցրել է զրուցել լրագրողների հետ եւ հերթական ուշագրավ միտքը արտահայտել: Հարցին՝ իրեն տեսնո՞ւմ է նոր ԱԺ խոսնակի պաշտոնում, Սահակյանը պատասխանել է. «Ինձ մի՛ տեսեք այդ պաշտոնում, ինձ տեսեք Գալուստ Սահակյան: Չեմ սիրում այդ մրցությունը, որ հայ ժողովրդի մեջ կա. բոլորն ուզում են ամեն ինչ դառնալ, բոլորն ուզում են թագավոր դառնալ եւ նախագահներ»:

 

 

 
ՎՐԱՑ ՆԱԽԱՐԱՐԸ ԿԱՅՑԵԼԻ
Ապրիլի 11-ից 12-ն արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան պաշտոնական այց կկատարի Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն: Այցի ընթացքում Վրաստանի արտգործնախարարին կընդունեն Սերժ Սարգսյանն ու վարչապետ Կարեն Կարապետյանը։

 

 

 

ԱԽՈՐԺԱԿԻԴ ՔԱՑԱԽ
ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է ուժեղացնի ճնշումը Հայաստանի վրա, որպեսզի վերջինս դադարեցնի օկուպացիան: Երեկ նման հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: « Տարածքային ամբողջականության սկզբունքը բանակցությունների թեմա չէ, եւ Ադրբեջանը պետք է վերականգնի իր տարածքային ամբողջականությունը: Որոշ դեպքերում մենք բախվում ենք երկակի չափանիշների: Երբեմն հետխորհրդային տարածաշրջանում առկա որոշ հակամարտությունների ավելի շատ ուշադրություն է դարձվում կամ դրանց վերաբերյալ ավելի հստակ ձեւակերպումներ են արվում»,- ասել է Ալիեւը:

 

 

 

ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ըստ ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջի՝ նոր ձեւավորված ԱԺ-ում պետք է ներկայացուցիչներ ունենան Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունները: Եւ ահա քաղաքական ուժերի կողմից ստացված ձայների հաշվարկով՝ 4 մանդատ բաժին է հասնում ազգային փոքրամասնություններին: 3 պատգամավոր պետք է ՀՀԿ-ն առաջարկի, 1-ը` «Ծառուկյան» դաշինքը: ArmLur.am-ը ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանից տեղեկացավ, որ եզդիական համայնքը ՀՀԿ-ի մանդատով խորհրդարանում կներկայացնի Ռուստամ Մահմուդյանը, նա եղել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ռազմական եւ զինծառայողների հարցերով խորհրդական, 2015 թ-ից առ այսօր ՀՀ դատական դեպարտամենտի իրավական վերլուծության վարչության պետն է: Ասորական համայնքից` «Աթուր» ասորիների միության նախագահ Արսեն Միխայիլովը, իսկ քրդական համայնքից` Հայաստանի քրդական համայնքի ղեկավար Կնյազ Հասանովը: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ «Ծառուկյան» դաշինքի քվոտայով ռուսական համայնքից խորհրդարան կգնա Տատյանա անունով մի ներկայացուցիչ: Թե ով է նա, առայժմ պարզել չհաջողվեց:

 

 

 

ԿԿՐՃԱՏՎԵՆ
ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը երեկ հայտնել է, թե նոր ԱԺ-ի առաջին նիստը կգումարվի ապրիլի 27-ին, եթե «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը ընտրությունների արդյունքները չվիճարկի ՍԴ-ում: Նա նաեւ նշել է, որ խորհրդարանում գործող մշտական հանձնաժողովների թիվը կարող է կրճատվել: «Նոր խորհրդարանի առաջին նիստի ժամանակ ԱԺ որոշմամբ կսահմանվի, թե քանի մշտական հանձնաժողով է լինելու: Սահմանադրությամբ դրանք 12-ից ավելի չեն կարող լինել: Կարծում եմ, որ օպտիմալ է 8-10 հանձնաժողովը»:

 

 

ՔՎՈՐՈՒՄ ՉԿԱՐ
Ազգային ժողովի երեկվա նիստը տապալվել է քվորումի բացակայության պատճառով։ 131 պատգամավորներից ընդամենը 16-ն էին ներկա: Ըստ ամենայնի, ԱԺ 5-րդ գումարման պատգամավորներն այլեւս անիմաստ են համարում խորհրդարան գնալը:




Լրահոս