Չնայած մի շարք գնահատականների, որ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններն անցել են «աննախադեպ լավ», սակայն ինչպես նկատում ենք՝ ՀՀ իրավապահ համակարգը շարունակում է «ջրի երես հանել» ընտրատեղամասերում տեղ գտած աղմկալի դրսեւորումները: Եվ այսպես՝ Փարպի համայնքը կրկին հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում:
Հարցաքննվել են
Երեկ ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ ապրիլի 2-ին «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության գերագույն մարմնի ներկայացուցիչ, Աղվան Վարդանյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին եւ հայտնել, որ Արագածոտնի մարզի Փարպի համայնքում տեղակայված 17/21 ընտրատեղամասում քվեարկությունը կատարվել է ուղղորդված եւ բաց, քվեախցիկ են մտել մեկից ավելի անձինք եւ վերահսկել ընտրողի կողմից կատարված քվեարկությունը:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ՀՅԴ ներկայացուցչի գրությունն ուղարկել է Արագածոտնի մարզային քննչական վարչություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով նախատեսված կարգով նյութեր նախապատրաստելու եւ ընթացքը լուծելու հանձնարարությամբ:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այդ գրության հիման վրա ապրիլի 4-ին Արագածոտնի մարզի քննչական բաժին են հրավիրվել 17/21 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամները, որոնք իրավապահներին հայտնել են, թե կուտակումներ եղել են, բայց ընտրողի կողմից կատարված քվեարկությունը վերահսկման կամ, առհասարակ, բաց քվեարկության դրսեւորումներ չեն եղել: Սակայն այդ պնդումները արժանահավատ չեն եղել:
Ապրիլի 7-ին Արագածոտնի մարզի դատախազությունը ստացել է 17 տարածքային ընտրական հանձնաժողովի թիվ 6-Ա որոշումը այն մասին, որ Արագածոտնի մարզի Փարպի համայնքի թիվ 17/21 ընտրական տեղամասում քվեարկության արդյունքները անվավեր են ճանաչվել: Հիմքն այն է, որ «հանձնաժողովը, ուսումնասիրելով հիշյալ ընտրական տեղամասում քվեարկության ընթացքի վերաբերյալ տեսանկարահանող սարքերի արխիվային նյութերը, արձանագրել է, որ թիվ 17/21 ընտրատեղամասում առկա են բազմաթիվ ընտրողներ, բաց քվեարկություններ եւ ընտրողների կամքի ազատ արտահայտման նկատմամբ վերահսկողություն, եւ հետեւության է հանգել, որ տեղի է ունեցել ՀՀ ընտրական օրենսգրքի 6-րդ հոդվածի պահանջների խախտում»:
Ավելին` ապրիլի 6-ին որոշում է կայացվել հարուցել քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի հատկանիշներով՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու մասով, եւ գործն ուղարկվում է ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչություն՝ նախաքննություն կատարելու:
Հանձնաժողովի կույր նախագահը
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում 17/21 ընտրատեղամասի ՀՀԿ-ական հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Սարիբեկյանը, անդրադառնալով ստեղծված իրավիճակին ասաց. «Ձեզանից եմ լսում նման բան: Այն, ինչ ասում եք, որ բաց քվեարկություն է եղել, չգիտեմ էլ ինչ, նման բան չի եղել: Ես չգիտեմ՝ ինչ է ֆիքսել տեսախցիկը, համենայնդեպս, ես չեմ տեսել նման բան ու ավելին ասեմ, որպես հանձնաժողովի նախագահ՝ այնտեղ լուրջ թերություններ չեն եղել: Կարող է՝ եղել են օգնողներ, նրանք գրանցամատյանում գրանցվել են, նրանց թիվը եղել է 39, որոնք, կրկնում եմ, անձնագրով եկել են եւ օգնել են իրենց տատիկին կամ բարեկամին»:
Հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Սարիբեկյանին հայտնեցինք, որ քվեարկության գաղտնիությունը խախտելու մասով հարուցվել է քրեական գործ, արդյո՞ք նա մտավախություն չունի, որ որպես հանձնաժողովի նախագահ կարող է հայտնվել ամբաստանյալի աթոռին, ասաց. «Մտավախություն չունեմ, քանի որ նման բան չի եղել»:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Փարպի համայնքի ղեկավար Իշխան Առաքելյանն էլ հայտնեց, որ չի բացառվում, որ համայնքի բնակիչները դիմեն ՍԴ իրենց իրավունքների ոտնահարման մասով. «Մարդիկ գնացել, ընտրել են, ինչու են չեղյալ հայտարարում ընտրության արդյունքները: Ինչ իմանանք, կարող է՝ այդ տեսախցիկները փոխել են, հիմա հազար բան կարող են անել»:
Իսկ հիմա ամենագլխավորի մասին, եթե 17/21 ընտրատեղամասում ընտրությունները անցել էին գեղական կարգով, ապա, ի վերջո, ով էր եղել այս ընտրատեղամասում առաջատարը: Պարզվում է, որ իր հայրենի գյուղի 17/21 ընտրատեղամասում ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված Բազմասեր Առաքելյանը հավաքել էր 760 ձայն, ՀՀԿ-ական Նաիրի Սահակյանը՝ 0 ձայն, Արագած Ախոյանը՝ 1 ձայն, իսկ ՀՅԴ-ն` 150 ձայն:
Ամենաթողության հետեւանքը
Ստացվում է, որ ընտրատեղամասում բաց եւ թափանցիկ աշխատել էին հանուն Բազմասեր Առաքելյանի: Այն պատգամավորի, որը համայնքում նախընտրական ժամանակահատվածում ծեծկռտուք սարքեց եւ «մարսեց»:
Հիշեցնենք, որ Արագածոտնի մարզի Փարպի գյուղում ԲՀԿ-ն լքած եւ ՀՀԿ-ի տարածքային ցուցակով Արագածոտնի մարզից առաջադրված Բազմասեր Առաքելյանի կողմնակիցները փետրվարի 26-ին Փարպի գյուղում ծեծի էին ենթարկել երկու եղբայրների, որոնք ասել էին, թե ապրիլի 2-ին խորհրդարանական ընտրություններին քվեարկելու են ՀՅԴ-ի օգտին: Աշտարակի բաժնում նյութեր էին նախապատրաստվել, իսկ ավելի ուշ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածի 1-ին մասի 1 կետի հիմքով կարճվել` «բացակայում է հանցագործության դեպքը» հիմնավորմամբ:
Ահա թե ինչպիսի հետեւանքներ են լինում ամենաթողության արդյունքում, մեկ անգամ օրենքը խախտողն ու անպատիժ մնացածը կարող է կրկնել հանցավոր արարքը:
Ինչպես երեւում է` Դաշնակցությունը չի ներել Բազմասեր Առաքելյանին, որն, ի դեպ, ողջ ընտրատարածքում հավաքեց ընդամենը 3735 ձայն ու չկարողացավ պատգամավոր դառնալ:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՀՔԾ-Ի ԴԵՄ
2015 թվականի հունիսի 23-ին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների դեմ բռնություն կիրառելու փաստի առթիվ հարուցված քրեական գործը նոր ընթացք է ստանում:
Արդեն երեք տարի է՝ հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների նկատմամբ կիրառված բռնության գործով նախաքննությունը: Ինչպես հայտնի է՝ 2016 թվականին լրագրողների դեմ բռնության գործով ամբաստանյալի աթոռին հայտնվեցին ոստիկանության 4 ծառայողներ՝ Տաճատ Նորատունկյանը, Արթուր Այվազյանը, Կոստան Բուդաղյանը եւ ՀՀ ոստիկանության զորքերի N զորամասի հրթիռահրետանային սպառազինության ծառայության պետ, փոխգնդապետ Դավիթ Փերիխանյանը:
Ըստ մեղադրանքի՝ Տաճատ Նորատունկյանը, Արթուր Այվազյանը, Կոստան Բուդաղյանը, ոստիկանության՝ իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով, լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դիտավորությամբ Ֆրանսիայի հրապարակին հարակից տարածքից ապօրինաբար բերման էին ենթարկել «Ֆոտոլուր» լրատվական գործակալության ֆոտոլրագրող Հայկ Բադալյանին` խոչընդոտելով նրա մասնագիտական գործունեությունը: ՀՀ ոստիկանության զորքերի N զորամասի հրթիռահրետանային սպառազինության ծառայության պետ, փոխգնդապետ Դավիթ Փերիխանյանն էլ Ազատության հրապարակում խոչընդոտել էր լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը կատարող, տեսանելի ձեւով լրագրողական անվանաքարտ (բեյջ) կրող «Ուտոպիանա.ամ» մշակութային ստեղծագործական ՀԿ-ի «ACTV» առցանց հեռուստաընկերության լրագրող Աշոտ Բոյաջյանի լրագրողական աշխատանքին. նրանից խլել էր ընկերությանը պատկանող «Canon EOS 6D» մոդելի թվային ֆոտոխցիկը եւ մի քանի անգամ հարվածելով գետնին՝ դիտավորությամբ վնասել:
Թեեւ իրականում ոստիկաններն ավելի գազան պահվածքով էին աչքի ընկել, սակայն 2017 թվականի փետրվարի 20-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը փոխգնդապետին պատժեց՝ ընդամենը տուգանք նշանակելով 600 հազար դրամի չափով, իսկ ահա ոստիկանության ծառայողներ Տաճատ Նորատունկյանին, Արթուր Այվազյանին եւ Կոստան Բուդաղյանին՝ 500 հազար դրամի չափով:
Սակայն ոստիկանության փոխգնդապետ Դավիթ Փերիխանյանը, որ աչքի է ընկնում լրագրողների նկատմամբ ագրեսիվ պահվածքով, չի հաշտվել դատարանի կայացրած որոշման հետ եւ բողոքարկել է վճիռը: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ 2017 թվականի մարտի 27-ին ոստիկանության փոխգնդապետ Դավիթ Փերիխանյանը դիմել է ՀՀ վերաքննիչ դատարան եւ պահանջում է փետրվարի 20-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումն անվավեր ճանաչել` արդարացնելով իրեն:
Հավելենք, որ ՀՔԾ-ում դեռեւս երեք տարի առաջ տեղի ունեցած դեպքերի մասով քննությունը շարունակվում է: Հետաքրքիր է` քանի տարի է դեռ անհրաժեշտ, որ ՀՔԾ-ն քննությունն ավարտի:
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԴԻՄԵԼՈՒ ԵՆ ԴԱՏԱՐԱՆ
Խորհրդարանական ընտրություններից առաջ ՀՀԿ-ի համար ընտրողների ցուցակագրմամբ զբաղված 30 դպրոցի եւ մանկապարտեզի տնօրեններ պատրաստվում են դիմել դատարան՝ ընդդեմ «Իրազեկ քաղաքացիների միավորման» ՀԿ-ի եւ Դանիել Իոաննիսյանի: Տնօրենները պահանջում են, որպեսզի ՀԿ-ի անունից ներողություն հայտնեն եւ 2մլն. դրամով փոխհատուցեն՝ իրենց պատիվն ու արժանապատվությունն արատավորելու համար: Դանիել Իոննիսյանն այս կապակցությամբ նշել է, որ նման հակաքայլն իր համար սպասելի էր, սակայն իրենք չեն պատրաստվում ոչ մեկի գումար վճարել, քանի որ իրենք չեն զրպարտել:
ԱԶԱՏՎԵԼ Է
ArmLur.am-ի տեղեկություններով՝ Երեւանի կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանն ազատվել է զինվորական կլինիկայի պետի պաշտոնից: Ըստ դեռեւս չհաստատված տեղեկությունների` վերջինիս ազատումը պայմանավորված է եղել ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով: Բանն այն է, որ նույն տեղեկությունների համաձայն` Արամ Ասատուրյանից պահանջվել է կոնկրետ թվով ձայն ապահովել, սակայն նրան դա չի հաջողվել:
250 ԿՐԱԿՈՑ
Ապրիլի 9-ին եւ լույս 10-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը հարաբերական հանգիստ է եղել: ԼՂ ՊՆ տեղեկացմամբ՝ հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 30 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 250 կրակոց:
ՍՈՒԳ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ
Եգիպտոսում կիրակի օրը տեղի ունեցած ահաբեկչություններից հետո, երբ երկու եկեղեցիներում պայթյունների հետեւանքով զոհվեց ավելի քան չորս տասնյակ մարդ, երկրի նախագահը երեք ամսով արտակարգ դրություն է հայտարարել: