«Ժողովուրդ»-ն արդեն անդրադարձել է հայկական շոու-բիզնեսի ամենաոճային կին եւ տղամարդ աստղերին, ներկայացրել նրանց հագուկապի, վարսահարդարման, դիմահարդարման մասին մասնագետի տեսակետը: Իսկ այս անգամ ոճաբան Արայիկ Գաբաջյանն առանձնացրել է ոչ ոճային աստղերի թոփ 5-յակը: Նրա մեկնաբանությունները ներկայացնում ենք ստորեւ:
5-րդ հորիզոնական` երգչուհի Ալլա Լեւոնյան
Չնայած որ վերջին շրջանում այս երգչուհին դիմել է քթի պլաստիկ վիրահատության, նրա ոճում ոչինչ չի փոխվել: Լավ կլիներ, եթե նա բեմում հագնվեր իր ներկայացրած երգին համահունչ, հանդես գար սանրվածքի փոփոխությամբ: Մի պահ Ալլան ժանրային առումով էքսպերիմենտի դիմեց, որը բուռն կերպով ընկալվեց հանրության կողմից: Այդ ամենը, սակայն, երկար չտեւեց: Եթե ես լինեի նրա ոճաբանը, կփոխեի մազերի կտրվածքը, կցանկանայի տեսնել նրան կարճ սանրվածքով: Այդ դեպքում մազերի խնամքը երկար ժամանակ չէր պահանջի, եւ երգչուհին էլ միշտ «ֆորմայի» մեջ կլիներ: Ալլայի մազերի գույնը, ամեն դեպքում, կարծում եմ, նորմալ է, զգալի փոփոխություն այդ առումով չէի անի: Կարծում եմ` շատերը կհամաձայնեն, որ երգչուհու զգեստները միատոն են. նա կարող է անգամ կրել նույն զգեստի տարբեր գույները: Իսկ որ ամենակարեւորն է` Ալլան կրում է սխալ կտրվածքով զգեստներ, ինչի հետեւանքով գեր եւ կարճահասակ է երեւում: Նրան խորհուրդ կտայի հագնել ոչ թե կրծքի տակից, այլ գոտկատեղից սկսվող կտրվածքով զգեստներ:
4-րդ հորիզոնական` երգչուհի Աննա Խաչատրյան
Այս երգչուհին չգիտի ինչպես հագնվել, որտեղ ինչպես ներկայանալ: Նրա ոճն անփոփոխ է: Չեն փոխվում մազերի ո՛չ գույնը, ո՛չ կտրվածքը: Աննան ունի գեղեցիկ կազմվածք, որը կարելի է հրաշալի կերպով ընդգծել, այնինչ՝ նա նախընտրում է ծաղկավոր, զոլավոր հագուստներ, որոնք բեմը չի սիրում:
3-րդ հորիզոնական` երգիչ Գուրգեն Դաբաղյան
Գուրգենը վառ կերպար չէ: Ինչ-որ բան կիսատ է: Գույները եւս երգիչը ճիշտ չի ընտրում: Նա կարող է կրել այնպիսի հագուստներ, որոնք չեն համընկնում իր մաշկի գույնի հետ: Բացի այդ` դասական տաբատի հետ Գուրգենը կարող է համադրել կիսադասական վերնահագուստ, նա կարող է հագնել շատ տարօրինակ նախշերով շորեր, հայկական զարդանախշերով վերնաշապիկը կարող է համադրել կեդերի հետ: Մի խոսքով` երեւում է, որ դեռեւս չի գտել սեփական ոճը:
2-րդ հորիզոնական` դերասանուհի Լուիզա Ղամբարյան
Լուիզան միշտ ընտրում է հետաքրքիր աքսեսուարներ, բայց չունի ուրույն ոճ: Նա կարող է կրել ճիշտ ընտրված աքսեսուար, բայց դեմոդե պիջակի հետ: Դերասանուհին հագնում է երկար բաճկոն` լայն տաբատով, այնինչ՝ կարելի էր գոտկատեղն ընդգծող ինչ-որ բան ընտրել: Լուիզայի սանրվածքը վերջին տարիներին գրեթե նույնն է: Մի պահ միայն նա փորձեց հանդես գալ ավելի կարճ սանրվածքով, որով դերասանուհու դեմքն ավելի վառ էր: Լուիզան ունի նուրբ զարդեր, որոնցից մի քանիսը ես շատ եմ հավանում:
1-ին հորիզոնական` երգչուհի Ջուս
Այս երգչուհու պարագայում ամեն ինչը շատ է: Նա հագնում է մորթե թիկնոց, կաշվե տաբատ` նորից մորթե գոտու հետ, կամ փայլուն կիսաշրջազգեստ` փայլուն կոշիկի եւ պայուսակի հետ: Եթե երգչուհին համապատասխան առիթի դեպքում ուղղակի կրի կոկտելային զգեստ, մազերը թեթեւ հարդարի եւ հանդես գա վառ դիմահարդարմամբ, դա կլինի ընկալելի: Պետք չէ վառ կերպով ակցենտավորել ե՛ւ հագուստը, ե՛ւ սանրվածքը, ե՛ւ դիմահարդարումը: Բայց Ջուսը հաճախ ընկալվում է որպես վուլգար կերպար, այնինչ՝ նրա քայլերը պարզապես անճաշակության դրսեւորում են: Իհարկե, ողջունելի է, որ երգչուհին դիմում է կտրուկ փոփոխությունների, բայց ամեն բան պետք է ունենա չափ, ձեւ եւ մատուցելու ճիշտ տեղ: Վերջերս Ջուսը ներկայացավ մազերի կարճ կտրվածքով, որը շատ է սազում նրան, բայց երգչուհին ավելի գեղեցիկ է, երբ մազերը հատուկ չի լաքում, այլ նախընտրում է դրանք թողնել բնական տեսքով:
ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
«ԵՐԲԵՔ ՈՐԵՎԷ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՉԵՄ ԴԱՌՆԱԼՈՒ»
Հայաստանի հանրապետական կուսակցությունը հրապարակել է Երեւանի ավագանու ընտրություններին իր համամասնական ցուցակի առաջին 25 թեկնածուների անունները: Ցուցակը գլխավորում է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին 25 թեկնածուների թվում են մշակույթի գործիչներ, արվեստագետներ:
«Ժողովուրդ»-ը զրուցել է ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկված կոմպոզիտոր, դիրիժոր, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյանի հետ:
«Պետք է անեմ հնարավորը՝ այս քաղաքի վիճակը լավացնելու համար: Ես այստեղ ոչ մի քաղաքականություն չեմ տեսնում: Ցուցակում ընդգրկվելու առաջարկը եղել է քաղաքապետի կողմից, ես ընդունել եմ այն: Եթե առաջարկը լիներ մեկ ուրիշի կողմից, էլի կընդունեի, բայց նման բան չի եղել: Քաղաքի զարգացման դինամիկան այնքան էլ արագընթաց չէ, ահագին հարցեր կան, որոնք ենթակա են լուծման, բայց տեսնում եմ, որ Տարոն Մարգարյանն ուզում է լավացնել վիճակը. ինչ-որ բան ստացվում է, ինչ-որ բան՝ ոչ. պետք է օգնենք նրան: Ամեն դեպքում շատ ուրախ եմ, որ անկուսակցական մարդ եմ, նույնիսկ ժամանակին Կոմունիստական կուսակցության անդամ չեմ եղել: Ինձ համար կարեւորը կուսակցությունը չէ, այլ այն, որ ինչ-որ բան անեմ: Իհարկե, ՀՀԿ-ն ունի սխալներ, կան բաներ, որոնք դուրեկան չեն, շատերին վանում են, բայց ես հիմա տեսնում եմ դրական միտումներ եւ հույս ունեմ, որ կկարողանամ ինչ-որ բան անել: Սակայն երբեք որեւէ կուսակցության անդամ չեմ դառնալու»,-ասաց նա:
Նշենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին: Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի 2017թ. ապրիլի 21-ին եւ կշարունակվի մինչեւ մայիսի 12-ը ներառյալ: Սահմանված ժամկետում ընտրություններին մասնակցելու գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր են ներկայացրել Հանրապետական եւ «Երկիր Ծիրանի» կուսակցություններն ու «Ելք» դաշինքը:
Հավելենք, որ Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ի համամասնական ցուցակում առաջին անգամ ընդգրկվել է նաեւ դերասան, ռեժիսոր Միքայել Պողոսյանը: Լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում, սակայն, նա՝ իմանալով, որ ՀՀԿ-ի ցուցակում է, անակնկալի է եկել եւ նշել, որ չգիտեր այդ մասին: Նա նույնիսկ խոստացել է «լուծել այդ հարցը»:
Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
ԱՐԾՎԻԿՆ ԱՄՍՏԵՐԴԱՄՈՒՄ
Ամստերդամում կայացել է եվրատեսիլյան ամենահայտնի միջոցառումներից մեկը՝ «Eurovision in Concert»¬ը: Արդեն ավանդական դարձած միջոցառմանն այս տարի ելույթ են ունեցել 35 երկրների ներկայացուցիչներ եւ կատարել են իրենց եվրատեսիլյան երգերը: Մասնակիցների շարքում եղել է նաեւ Հայաստանի պատվիրակ Արծվիկը, ով իր մրցութային «Fly with me» երգով ոգեւորել է երկրպագուներին: Այս մասին տեղեկացնում են Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից: Ամստերդամում Արծվիկը մասնակցել է նաեւ պաշտոնական մամուլի ասուլիսի եւ հանդիպումներ ունեցել տարբեր միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Ի տարբերություն նախորդ 8 տարիների՝ այս անգամ «Eurovision in Concert»¬ը ոչ թե ազդարարել է փրոմո¬արշավների մեկնարկը, այլ հաջորդել է Ռիգայում, Լոնդոնում եւ Իսրայելում կայացած եվրատեսիլյան միջոցառումներին:
ՀԱՅԿԱԿԱՆ ՁԵՌԱԳՐԵՐԸ ՀՈՆԿՈՆԳՈՒՄ
11-18-րդ դարերի հայկական եւ վրացական ձեռագրերը կցուցադրվեն Հոնկոնգում: Այս մասին փոխանցում է Tert.am-ը: Առաջին անգամ Հոնկոնգում կբացվի ցուցահանդես, որում ընդգրկված են արեւելյան Միջերկրածովյան շրջանից ձեռագրերի ընտրանի, որոնք մանրակրկիտ պատկերում են Ավետարանը: «Հռչակավոր նկարազարդումներ II. 11-18-րդ դարերի հայկական եւ վրացական ձեռագրերը» անվանումով ցուցադրությունը կբացվի Հոնկոնգի համալսարանի պատկերասրահում: Նշվում է, որ այդ ձեռագրերը հայ իշխանավորները տանում էին իրենց հետ պատերազմների: Այդ ժամանակ անգամ հավատ կար, որ դրանք հրաշագործ ուժ ունեն: Ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ հունիսի 11-ը:
ԵՐԵԽԱ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ
Ռուս սուպերմոդել Իրինա Շեյքը եւ ամերիկացի դերասան Բրեդլի Քուփերը երեխա են ունեցել: Սակայն դեռեւս անհայտ է երեխայի թե՛ սեռը, թե՛ անունը, թե՛ նույնիսկ ծննդյան ճշգրիտ ամսաթիվը: Ինչպես հաղորդում է Just Jared-ը, Շեյքը ծննդաբերել է երկու շաբաթ առաջ, բայց այդ մասին հայտնի է դարձել միայն այժմ: Հիշեցնենք, որ զույգը հանդիպում է 2015թ-ից: