Նոր բարդություններ են ստեղծվում թուրքական նարինջը ռուսական շուկա արտահանելու համար: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Businessht» լրատվական կայքը՝ գրելով, որ Եվրասիական տնտեսական միությունը, որի անդամ են Ռուսաստանը, Բելառուսը, Ղրղզստանը, Ղազախստանը և Հայաստանը, պատրաստվում է 5-13 տոկոս մաքսատուրք սահմանել մի շարք ապրանքների, այդ թվում նաև նարնջի վրա:
Ըստ կայքի՝ ԵՏՄ-ն առանց մաքսային տուրքի նարինջ ներմուծելու համար բանակցություններ է վարում Եգիպտոսի, Իսրայելի և Իրանի հետ:
Նշվում է, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև արդեն իսկ կան խնդիրներ ցորենի և լոլիկի արտահանման-ներմուծման հարցում, իսկ նարնջի՝ Ռուսաստան ներմուծման համար մաքսային տուրք սահմանելու որոշումը, չնայած ուղիղ չի վերաբերում թուրքական արտադրությանը, սակայն միևնույն է որոշումը բացասաբար կանդրադառնա թուրքական գյուղատնտեսության այդ սեկտորի վրա:
Նախատեսվում է, որ որոշումը ուժի մեջ կմտնի ապրիլի 27-ից: