«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ անօրիական միգրացիա կազմակերպելու համար մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ ԿԱ ԱԱԾ սահմանապահ զորքերի ՍՎԱՋ «Զվարթնոց» սահմանային վերահսկողության բաժնի պետին, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ անվտանգության հերթափոխի պետին, ինչպես նաեւ մի շարք տուրիստական ընկերությունների տնօրեններին:
Իսկ ի՞նչ են արել նրանք: Հայաստանում եւ արտերկրում կապեր ունեցող մի խումբ անձինք 2016 թվականի ընթացքում շուրջ երկու հարյուր ՀՀ քաղաքացիների համար կեղծ փաստաթղթեր ու տեղեկություններ ներկայացնելով՝ Շենգենյան համաձայնության երկրների դեսպանություններից ձեռք են բերել մուտքի արտոնագրեր եւ 2.000-3.500 եվրո գումարի դիմաց կազմակերպել են ՀՀ մի շարք քաղաքացիների արտագաղթը: Այս արարքի համար հինգ անձ հայտնվել էր մեղադրյալի աթոռին:
Հանցավոր խմբում ներգրավված են եղել պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք, որոնք տարբեր չափի կաշառքներով ապահովել են ապօրինի հիմքերով ստացված արտոնագրերով քաղաքացիների անարգել ելքը Հայաստանի Հանրապետությունից:
Երբ այս մասին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարությամբ տեղեկացրեց, չէր գաղտնազերծել, թե ովքեր են եղել այն պաշտոնյաները, որոնք կազմակերպել են մի շարք քաղաքացիների արտագաղթը Հայաստանից: «Ժողովուրդ» օրաթերթին պաշտոնատար անձանցից կազմված «հանցավոր խմբավորման» գործունեությունից աղմկահարույց մանրամասներ են հայտնի դարձել:
Եվ այսպես՝ պարզեցինք, որ ՀՀ քաղաքացի տուրիստական գործունեությամբ զբաղվող «Վիգուել» ՍՊԸ ընկերության տնօրեն Արուսյակ Մանասյանը եւ Կարեն Ենոգյանը տեղեկացել են, որ ՀՀ քաղաքացիներ Արմինե Պետրոսյանը եւ Ծաղիկ Փիլոյանը մտադրություն ունեն մշտական բնակության մեկնել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն եւ որոշել են օգնել նրանց: Արուսյակը եւ Կարենը երկար քննարկելով՝ հասկացել են, որ մենակ չեն կարող գործը գլուխ բերել եւ դիմել են իրեն ծանոթ պաշտոնատար անձանց:
Քանի որ «Վիգուել» ՍՊԸ ընկերության տնօրեն Արուսյակ Մանասյանը բավականին մտերիմ է եղել «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ անվտանգության հերթափոխի պետի հետ, դիմել է նրան՝ հայտնելով, որ տուրիստական ընկերություն են դիմել հինգ քաղաքացիներ եւ Լատվիայի Հանրապետության դեսպանատնից ստացել են Շենգենյան համաձայնության երկրների մուտքի արտոնագրեր, սակայն այդ երկրի տարածք մուտք չեն գործել, եւ անձնագրերում սահմանահատման վերաբերյալ դրոշմակնիքներ չկան:
«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ անվտանգության հերթափոխի պետը համաձայնել է օգնել իր ծանոթ Արուսյակին, քաղաքացիների անձնագրերում սահմանահատման վերաբերյալ դրոշմակնիքներ դնել՝ պայմանով որ պետք է գումար տան իրեն: Այսպիսով նա օգնության խնդրանքով դիմել է ՀՀ ԱԱԾ սահմանային վերահսկողության ՍՎՍՋ «Զվարթնոց» սահմանային վերահսկողության բաժնի 1-ին հերթափոխի պետ Արամ Գրիգորյանին, որն էլ իր հերթին է խոստացել օգնել, կազմակերպել քաղաքացիների անխոչընդոտ արտագաղթը կլորիկ գումարի դիմաց:
Բայց այսքանով ամեն ինչ չի ավարտվել: Գործում ներգրավված է եղել նաեւ ՀՀ ԿԱ ԱԱԾ սահմանապահ զորքերի ՍՎԱՋ «Զվարթնոց» սահմանային վերահսկողության բաժնի պետ Սամվել Աղաջանյանը, որը եւս կաշառք է վերցրել եւ խթանել քաղաքացիների անարգելք տեղափոխումը Հայաստանից արտերկիր:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ԱԱԾ-ն եւս մեկ «հանցավոր խմբավորում» է բացահայտել, որը օգնել է ՀՀ քաղաքացիներին անօրինական միգրացիան Հայաստանից:
Այսպիսով՝ ՀՀ քաղաքացի Էդգար Նազարյանը, ով տուրիստական բնագավառում է աշխատել, օգնել է Հայաստանում գտնվող եւ մշտական բնակության մեկնելու ցանկություն ունեցող 32 քաղաքացիների անօրինական միգրացիան ՀՀ-ից Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: Ի դեպ, պարզեցինք՝ 32 անձանց Եվրոպա հասցնելու հարցում օգնել է ՌԴ Մոսկվա քաղաքում բնակվող Ալեքսեյ Կրյուկովը:
Տուրիստական գործունեությամբ զբաղվող «Կոսմոստուր» ՍՊԸ տնօրեն Ալեքսան Մովսիսյանը եւս նույն արարքն է թույլ տվել: Նա օգնել է ՀՀ քաղաքացիներ Հայկ Կարապետյանի, Սուրեն Ստեփանյանի եւ Հովհաննես Իգիթյանի անօրինական միգրացիան ՀՀ-ից Նիդերլանդների Թագավորություն: Եւ իր այդ ծրագիրը իրականացնելու համար դիմել է իրեն ծանոթ Արմեն Ոսկանյանին, որն էլ ՀՀ ԱԱԾ սահմանային վերահսկողության ՍՎՍՋ «Զվարթնոց» սահմանային վերահսկողության բաժնի 2-րդ հերթափոխի ավագ հսկիչ Արսեն Տավարածյանի հետ է պայմանավորվել կլորիկ գումարի դիմաց ապահովել նրանց անխոչընդոտ անցումը սահմանում:
Այսպիսով՝ սրացվում է, որ ՀՀ ԱԱԾ մի շարք աշխատակիցներ օգնել են, որ մեր երկիրը դատարկվի:
Նշենք, որ գործով անցնող անձանց մեղադրանք է առաջադրված անօրինական միգրացիա կազմակերպելու (ՀՀ քրեական օրենսգրքի 329.1 հոդված), կաշառք ստանալու (ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդված), կաշառք տալու (ՀՀ քրեական օրենսգրքի 312 հոդված) եւ կաշառքի միջնորդության (ՀՀ քրեական օրենսգրքի 313 հոդված) համար:
Մեղադրյալի աթոռին է հայտնվել 8 անձ, որոնցից 4-ը ազատ են արձակվել գրավի դիմաց, իսկ ահա մյուս 4 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Քնար Մանուկյան