Վարչական ռեսուրսի կիրառումն էլ ինչպե՞ս է լինում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող ՀՀԿ-ի նախընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուներից շատերը զբաղեցնում են տարբեր պաշտոններ: ՀՀԿ-ի ցուցակում կտեսնեք վարչական շրջանի ղեկավարների, դպրոցի տնօրենների, տարբեր հիմնարկություններիի պետերի եւ այլոց: Բնական է, որ ընտրությունների ժամանակ այդպիսի պաշտոնատար անձինք իրենց ենթականներին «ժպիտով» կհրահանգեն ձայներ ապահովել իրենց համար: Ի՞նչ է սա նշանակում, եթե ոչ վարչական ռեսուրսի կիրառում: Այս եւ այլ հարցերի պատասխանները «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանից:

-Պարո՛ն Արեյան, Հայաստանի հանրապետական կուսակցության Երեւանի ավագանու ցուցակում ընդգրկված են թաղապետեր, փոխքաղաքապետեր, դպրոցի տնօրեններ: Ավագանու այսպիսի ցուցակը թույլ է տալիս ենթադրել, որ այս ընտրությունների ժամանակ եւս օգտագործվելու են վարչական լծակները…

-Ո՛չ, ո՛չ, ո՛չ:

-Այսինքն՝ Դուք պնդում եք, որ ցուցակում ընդգրծված պաշտոնյաները իրենց ենթականերին չեն հրահանգելու ընտրությունների ժամանակ աշխատել ՀՀԿ-ի համար:

-Ո՛չ, չկա այդպիսի բան:

-Վերջին շրջանում հասարակության, հատկապես վարորդների կողմից անհանգստության պատճառ դարձան Երեւանի տարբեր հատվածներում իրականացվող ասֆալտապատման աշխատանքները: Ինչո՞ւ հիմա որոշեցիք սկսել այդ աշխատանքները:

-Մեր մասնագիտական թիմը կապալառուների հետ աշխատում է սահմանված նորմատիվներով, գրաֆիկով, ժամանակացույցով եւ իր մասնագիտական գործն է անում, որը որոշակի տեւողություն է պահանջում:

Ավելի շուտ հնարավո՞ր չէր, որպեսզի տարակարծությունների տեղիք չտայիք, որ ընտրությունների նախաշեմն է, դրա համար էլ սկսել եք գործ անել: Թե՞ սա նախընտրական ասֆալտապատում է:

-Շուտն ու ուշը մասնագիտական աշխատանք է, ունի իր նորմավորված ընթացքը:

-Իսկ ընտրություններից հետո հնարավորություն կունենա՞ք կրկին զբաղեցնել փոխքաղաքապետի պաշտոնը:

-Ես կուսակցական եմ, կորոշի իմ կուսակցությունը:

Վահագն Հակոբյան




Լրահոս