Երեկ «Ազգ-բանակ-2017» խորագրով համաժողովում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ներկայացրեց «Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերը` նախատեսված սպաների և ժամկետային զինծառայողների համար:
Ըստ նրա` «Պատիվ ունեմ» ծրագրի գաղափարն է կապել բուհերը սպայական ծառայության հետ: Ծրագրին կարող են մասնակցել բոլոր ուսանողները, եթե նրանք համապատասխանում են պահանջներին և կծառայեն որպես ժամկետային զինծառայողներ ոչ թե երկու տարի, այլ` երեք տարի` որպես սպա:
Դրա համար ուսանողները, սովորելով քաղաքացիական բուհերում, պետք է երկրորդից չորրորդ կուրսերում յուրաքանչյուր շաբաթ սովորեն Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում:
Իսկ «Ես եմ» ծրագրի գաղափարն այն է, որ ծառայությունը տևի 3 տարի, սակայն դրանցից գումարային 7 ամիս զինծառայողը կանցկացնի ազատ արձակման մեջ` սկսած 6-րդ ամսվանից:
Մեկ շաբաթ` արձակուրդում, մեկ շաբաթ` զորամասում` պատրաստվելով մարտական հերթապահության, և երկու շաբաթ` առաջնագծում, մարտական հերթապահություն անցկացնելիս: Յուրաքանչյուր անգամ արձակուրդ գնալիս կվճարվի որոշակի գումար` արձակուրդային ծախսերը հոգալու համար:
Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցել է քաղաքագետ Արմեն Բադալյանի հետ` հասկանալու համար որքանով են արդյունավետ այս ծրագրերը բանակի համար:
««Պատիվ ունեմ» ծրագրին հիշեցնում է Խորհրդային միությունում ընդունված կարգը, այդ տարիներին համակարգ կար, ռազմական ամբիոներ կային, որը ավարտում էր ուսանողը և գնում էր որպես սպա ծառայելու: Հիմքում մոտավորապես դա է ընկած, բայց չի նշանակում նույն սկզբունքներն են, ոնց որ Խորհրդային միությունում»,-ի պատասխան մեր հարցի ասաց նա:
Քաղաքագետի խոսքով` այս ծրագրի շնորհիվ կապը բանակի հետ հոգեբանորեն ավելի կմեծանա, քան հիմա կա. «Բանակը հոգեբանորեն դառնում է քո սեփականությունը, հոգեբանորեն այդ համակարգի հետ ես կապվում: Սա հոգեբանական պահ է, քան զուտ սպաներ պատրաստելը: Հիմա կաշխատի, թե չի աշխատի դժվար է ասել: Պետք է դիտարկես, թե ինչ մեխանիզմով ես աշխատում, ինչպիսի գաղափարախոսություն է, նրանք սոցիալական ինչ պայմաններում են գտնվում: Դեռևս բազմաթիվ գործոններ կան, որոնք պետք է ուսումնասիրվի»:
Քաղաքագետը հավելմամբ` ծրագիրը նորություն չի, այն գործում է նաև տարբեր երկրներում:
Անդրառանալով «Ես եմ» ծրագրին քաղաքագետն ասաց. «Ես եմ ծրագիրը սրա զինվորական տարբերակն է, առաջին գծում գնում կանգնում ես մեկ շաբաթ, հետո տանը, զորամասում, ծառայությունը դառնում է ոչ այնքան հոգեբանորեն մերժելի: Դու չես կտրում քաղաքացիական կյանքից, չես կտրում զինվորական կյանքից և շատ բացասական երևույթներ հնարավոր է չեզոքանան: Իհարկե այստեղ էլ եթե կոռուպցիոն երևույթներ չլինեն, օրինակ մեկը միշտ լինի առաջին գծում, մյուսը` անընդհատ տանը»:
Բադալյանի հավելմամբ` սա նույնպես հայկական չի, շատ երկրներում նորմալ աշխատող համակարգ է: «Այս ծրագրերը եթե նորմալ աշխատացնեն, ինչ որ չափով զինծառայողներին դրական արդյունք կտա»,-իր խոսքը եզրափակեց նա:
Արփինե Թովմասյան