Զոռով չես կարողանա տանել, կոխել մարդու աչքը. Արթուր Գևորգյանը` ընտրակաշառք բաժանելու, և իր` խորհրդարան մտնելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաշվի առնելով ձայների հարաբերակցությունը՝ թիվ 2 ընտրատարածքից, որն ընդգրկում է Երեւանի Դավիթաշեն, Արաբկիր եւ Աջափնյակ վարչական շրջանները, ԱԺ մուտք գործելու հնարավորություն ունեն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդին՝ ԿԱ առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, եւ ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանը՝ ՍԱՍ-ի Արտակը:

Իսկ ձայների առավելությամբ երրորդ տեղում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսա Արթուր Գեւորգյանն է, որն այս պահի դրությամբ դեռեւս հնարավորություն չունի շարունակելու իր պատգամավորական գործունեությունը նոր` 6-րդ գումարման Ազգային ժողովում: Ինչպե՞ս է այդ իրողությանը վերաբերվում Գեւորգյանը. այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է Արթուր Գեւորգյանի հետ:

-Պարո՛ն Գեւորգյան, ինչպես՞ եք վերաբերվում այն հեռանկարին, որ նոր խորհրդարանում կարող եք չհայտնվել: Համենայն դեպս, այս պահի դրությամբ, կարծես թե, դա Ձեզ չի հաջողվում:

-Ու՞մ չի հաջողվում:

-Ձեզ:

-Ո՞վ է տենց բան ասում: Այսինքն՝ ի՞նչ է նշանակում հաջողվել կամ չհաջողվել: Ֆուտբոլ ենք խաղո՞ւմ, ի՞նչ ենք անում, գո՞լ պիտի խփենք, հաջողվում է, չի հաջողվում: Քաղաքական թիմ է, եւ քաղաքական թիմն է որոշում՝ ինչպես կլինի, ինչ կլինի: Հարաբերական է՝ հաջողվում է, թե չի հաջողվում:

-Բայց Ձեր թիմակից մյուս թեկնածուները, ովքեր ավելի շատ ձայն են ստացել, դեռ ինքնաբացարկներ չեն հայտնել, որ հնարավորություն ունենաք կրկին պատգամավոր դառնալ:

-Դեռ դրա ժամանակը կա, հետո գուցե ես եմ ինքնաբացարկ հայտարարում, ինչից եք խոսում: Դուք՝ լրագրողներդ, փորձում եք ավելորդ լարվածություն մտցնել, սա ինչ-որ մրցապայքարի վերածել, սա գոնկա չէ, մրցապայքար չէ, կա քաղաքական թիմ, կան քաղաքական որոշումներ, համբերեք, կգա ժամանակը, կտեսնեք:

-Իսկ ի՞նչն էր պատճառը, որ այդքան ձայն կարողացաք հավաքել:

-Այդքան շա՞տ, թե՞ այդքան քիչ:

-Համեմատած մյուս թիմակիցների՝ քիչ:

-Ո՛չ, բավականին շատ էր, նորմալ ձայներ էին, ինչի համար ես շնորհակալ եմ հասարակությանը եւ բնակիչներին, ես Դավիթաշենից ընտրված պատգամավոր եմ եւ Արաբկիրի մի հատվածից, այդ հատվածում էլ եղել է հիմնական շեշտը: Այդ հատվածում էլ ժողովուրդն իրենց նորմալ արձագանքը տվեցին: Դավիթաշենն իր մասշտաբներով փոքր է մյուս վարչական շրջաններից, նորմալ է ամեն ինչ:

-Համենայն դեպս, քիչ էր համեմատած մյուսների:

-Մյուսներն ովքեր են, մյուսներն իմ գործընկերներն են, իմ թիմակիցներն են, մյուսներին էլ եմ ես օգնում, մյուսներն էլ են ինձ օգնում: Սա թիմային աշխատանք է:

-Դեռեւս հույս ունե՞ք, որ կրկին կլինեք պատգամավոր:

-Այսինքն՝ հույսն ու անհույսը ո՞րն է: Ես դեռ պատգամավոր եմ:

-Կշարունակե՞ք լինել:

-Դե, ժամանակը կգա, կտեսնեք, ուր եք վռազում:

-Արդեն ամեն ինչ հստակեցվա՞ծ է:

-Դուք էլի վռազում եք, ուզում եք բոլորից շուտ իմանաք, կգա ժամանակը, ես էլ այդ ժամանակ կիմանամ Ձեզ հետ միասին, կհայտարարենք ամբողջ ցանկը ՀՀԿ-ի պատգամավորների, այդ ժամանակ էլ ե՛ւ ես, ե՛ւ Դուք բոլորս էլ կիմանանք:

-Կանխատեսելի՞ էր այդպիսի արդյունքը:

-Կանխատեսելի էր, որ լավ արդյունքներ կլինեն: Բոլոր ձեռնարկված միջոցները, որոնք ներդրվել էին ընտրություններն ավելի անառիկ պահելու առումով, արդարացրեցին, ինչ վերաբերում է ընտրատարածքներից դուրս, դա արդեն հարցը պետք է ուղղենք հասարկությանը: Հասկանու՞մ եք, եթե չկա վեկալող, չի լինի տվող, ամեն ինչ մեկը մյուսին լրացնում են, ոչ մի բանը պատահական չէ: Մեկ-երկու հոգով մի ամբողջ հասարակությանը չենք կարող փոխել: Դա մի խնդիր է, որն ավելի բարդ է լուծել, քան այն, ինչ իշխանությունները փորձեցին անել, այսինքն՝ փորձեցին ավելի մաքուր, ավելի անառիկ պահել ընտրությունները ընտրատարածքներում՝ լցոնումներ, մի քանի տարբերակներ, որոնք քննարկվում էր, որոնք բացմիցս նշվել էր, այդ ամեն ինչի դեմը հնարավոր եղավ կանխել եւ առնել, ինչը ավելին էր: Բայց գիտեք ինչ կա, ժամանակ է պահանջվում, որ հասարակությանը կարողանանք փոխել:

-Ինչպե՞ս՝ ընտրակաշառք բաժանելով հնարավո՞ր է փոխել հասարակությանը:

-Դե, հիմա հասարակությունը եթե փոխվի, ընտրակաշառք չվերցնի, խոսքը դրա մասին է, գիտեք ինչ…ինչքան անբարոյական է տալը, այնքան անբարոյական է վերցնելը:

-Բայց չէ՞ որ հենց իշխանություններն են հիմնականում բաժանում այդ ընտրակաշառքը:

-Ոչ միայն: Եթե վերցնողը կա, տալիս են բոլորը: Գիտեք, խնդիր կա, եթե վերցնողը չլինի, չես կարող գտնել մեկին, զոռով չես կարողանա տանել, կոխել մարդու աչքը, հնարավոր չէ: Ես հույսով եմ, որ մոտ ապագայում շատ արագ մենք կփորձենք վերադաստիարակվել, փոխվել: Մի շարք միջոցները, այս նոր հնարքները բերեցին նրան, որ ավելի լուրջ խնդիրը տեսանք, հասկացանք, որ խնդիրը ոչ թե ընտրատարածքում է, ոչ թե ընտրակեղծարարի մեջ է, լցոնում անողի, այլ եթե դա էլ ենք կանխում, տեսնում ենք հասարակության մոտ խնդիր: Այ, սրա մասին է պետք մտածել, սա ավելի լուրջ ահազանգ էր:

-Պարո՛ն Գեւորգյան, իսկ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ինչ-որ կերպ օգնե՞ց Ձեզ:

-Այսինքն՝ ի՞նչ պետք է աներ: Ոստիկանությունը ապաքաղաքականացված մարմին է, ոչ մի ձեւով իրավասու չէ օգնել:

-Դե, գործից դուրս, որպես բարեկամ չօգնե՞ց:

-Գործից դուրս պարոն Գասպարյանի հետ չեմ հանդիպում, ոչ էլ գործի ժամանակ եմ հանդիպում: Մանավանդ այս ակտիվ շրջանում, որտեղ ոստիկանության աշխատանքը բավականին մեծ էր եւ շատ էր, ժամանակ էլ չենք ունեցել՝ տեսնելու, խոսելու, գնահատականներ տալու:

Իսկ ի՞նչ կասեք Ձեր ընտրատարածքում առաջադրված Արտակ Սարգսյանին վերաբերող աղմկահարույց ձայնագրության մասին:

-Լավ էլի, ծիծաղելի բաներից եք խոսում: Արտակ Սարգսյանն իմ թիմակիցն է, իմ գործընկերն է, եթե կան խնդիրներ, կհարթվեն այդ խնդիրները, պարզաբանումները, խնդրում եմ, Արտակ Սարգսյանի եւ իր թիմի հետ:

-Եթե չլինեին այդպիսի ժողովներ, հնարավո՞ր է՝ Դուք ավելի շատ ձայն հավաքեիք:

-Գիտեք, խոսում եք գուցեներից: Մնացածը հետո կխոսենք:

Վահագն Հակոբյան




Լրահոս