«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀԿ ավագանու ցուցակում ընդգրկված են ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրությունների նախընտրական սկանդալում հայտնված կրթական հաստատությունների տնօրեններից մի քանիսը: Խոսքը «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ բացահայտման մասին է: Հիշում եք` ԱԺ ընտրություններից առաջ հրապարակվեցին թվով 114 դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենների ինքնախոստովանական ձայնագրությունները, որտեղ վերջիններս հայտարարել էին ՀՀԿ օգտին մարդկանց ցուցակագրելու եւ այդ ցուցակները պետական կառույցներին հանձնելու մասին:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ՀՀԿ ցուցակում ընդգրկված են սկանդալի մեջ հայտնված տնօրեններից երեքը` Երեւանի թիվ 170 դպրոցի տնօրեն Անուշ Հայրյանը, որը ցուցակի 35-րդ հորիզոնականում է, Երեւանի թիվ 175 դպրոցի տնօրեն Անահիտ Բաբաջանյանը, որը 176-րդն է, եւ Երեւանի թիվ 51 մանկապարտեզի տնօրեն Հրանուշ Խաչատրյանը, նա էլ 172-րդն է:
Փաստորեն, օրինախախտ տնօրենները հայտնի սկանդալից հետո ոչ միայն չպատժվեցին, այլեւ նրանց որպես պարգեւատրում ընդգրկել են ՀՀԿ ավագանու ցուցակում: Ու եթե հաշվի առնենք այն փաստը, որ նրանք ցուցակի ոչ անցողիկ տեղերում են գտնվում, նշանակում է` ՀՀԿ-ն շարունակում է տնօրեններին օգտագործել միայն ձայներ բերելու համար»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: