Չկա որևէ փաստ, որ զինվորականները քվեարկել են «Ելք»-ի օգտին. Արտակ Զեյնալյան. «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստ» օրաթերթը զրուցել է «Ելք» դաշինքի պատգամավորի թեկնածու, «Հանրապետություն» կուսակցության անդամ Արտակ Զեյնալյանի հետ.

Չե՞ք կարծում, որ հիասթափեցնող կարող է լինել նաև այն, երբ մարդիկ տեսնում են, որ ընդդիմության մի մասը գոհ է ընտրակաշառքով ընտրությունների արդյունքներից: 

Մենք ստացել ենք ավելի քան 120 հազար քվե, և այդ քվեները մեզնից չեն գողացել: Մենք այդքան քվե, որ ստացել ենք, կարողացել ենք պահել, և այդ քվեների նկատմամբ ոտնձգություն չի եղել: Ուրիշ բան, որ ընտրակաշառքով են քվեարկել մնացած մարդկանց մի զգալի մասը: Բայց մենք դա չենք կարողացել ապացուցել: Հայտարարությամբ ենք հանդես եկել իրավապահների անգործության մասին: Սակայն մեզ համար կարևոր է 120 հազար մարդկանց ձայնը, նաև կարևոր է, որ մարդիկ, որոնք ընտրակաշառքով են քվեարկել, տեսնեն, որ կա մի զգալի հատված մադկանց, ում ձայնը տեղ է հասնում: Մենք մեր առջև խնդիր ենք դրել ավելացնելու այն մարդկանց քանակը, ովքեր որ հավատում են ընտրության արդյունքներին՝ անկախ, թե նրանք ում օգտին են քվեարկում: Կարևորը, որ նրանք քաղաքական որոշում կայացնեն ու մասնակցեն ընտրություններին և ազատ կամքի դրսևորմամբ քվեարկեն:

«Ելք»-ը այլ ընդդիմադիրների կողմից մեղադրվեց իշխանության հետ համագործակցության մեջ: Նաև ասվում է, թե զինվորականների մի մասը քվեարկել է «Ելք»-ի օգտին: 

Այդ մեղադրանքներն այնքան չնչին են, մերկապարանոց ու անհիմն, որ ես դրանք լուրջ չեմ համարում: Կա՞ որևէ փաստ, որ զինվորականները քվեարկել են «Ելք»-ի օգտին: Մենք այդպիսի վերլուծություն չունենք: Սակայն մեր նախընտրական ծրագրում կային դրույթներ, որոնք նաև ուղղված էին և՛ գործող, և՛ ապագա զինծառայողներին ու նրանց ընտանիքի անդամներին: Մենք ունենք փաստ, որ հոգեբուժարաններն ու քրեակատարողական հիմնարկները 100%ով քվեարկել են ՀՀԿ-ի օգտին՝ հիմնված կոնկրետ փաստերի վրա: Սակայն, թե ինչպես է բանակը քվեարկել, որևէ վերլուծություն չունենք: Մարգինալ մեղադրանքներ կարող են լինել:

Մամուլի տեղեկություններով՝ խորհրդարանական ընտրությունից հետո «Ելք»-ում փոխվել է տրամադրվածությունը «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հանդեպ, քանի որ նա ընդամենը 520 ձայն է ապահովել իրենց դաշինքի համար:

Չեմ կարդացել նման հրապարակում: «Ելք» դաշինքում նման խնդիր չկա և բոլորի կողմից կատարված աշխատանքի արդյունքն է այն, ինչը որ մենք ստացել ենք: Յուրաքանչյուր թեկնածու իր քարոզչությամբ բերել է ընդհանուր ձայներ: Արամ Սարգսյանն առաջադրվել էր չափազանց բարդ ընտրատարածքում և իր կողմից կատարված աշխատանքը կարևոր նշանակություն է ունեցել և՛ տվյալ ընտրատարածքում, և՛ ընդհանուր քարոզարշավի ժամանակ կատարվածը չափազանց կարևոր էր:




Լրահոս