Հիասթափված եմ, որ ո՛չ նախագահը, ո՛չ Կոնգրեսը ինչպես հարկն է չճանաչեցին Հայոց ցեղասպանությունը. կոնգրեսական Բրեդ Շերման

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ  ամերիկացի կոնգրեսական Բրեդ Շերմանը հայտարարություն է արել՝ ԱՄՆ նախագահի ադմինիստրացիային և Կոնգրեսին կրկին կոչ անելով ճանաչել այդ ողբերգական իրադարձությունը, ասվում է կոնգրեսականի կայքում տեղակայված հաղորդագրության մեջ:

«1915թ.-ից սկսած օսմանյան կառավարությունը սկսեց իր տարածքից հայ ժողովրդին արտաքսելու հարցով իր պլաններն իրականացնել: Իրադարձություն, որը համապատասխանում է «ցեղասպանություն» բառի սահմանմանը: Զոհվել է մեկուկես միլիոն մարդ»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Կոնգրեսական Շերմանը նշում է, որ բազմիցս դիմել է նախագահին և խնդրել իր գործընկերներին պաշտոնապես ճանաչել ցեղասպանության փաստը: «Մենք չենք կարող սպասել: Ես հիասթափված եմ, որ ո՛չ նախագահը, ո՛չ Կոնգրեսը ինչպես հարկն է չճանաչեցին Հայոց ցեղասպանությունը»,-նշում է կոնգրեսականը:

«Ցեղասպանության մերժումը ցեղասպանության վերջին ակտ է համարվում և առաջին քայլ դեպի հաջորդ ցեղասպանություն: Մեր պարտքն է հարգել նրանց հիշատակը, ովքեր զոհվեցին, հարգել նրանց հարազատներին և ապահովել, որպեսզի նման սարսափելի իրադարձություններ այլևս երբեք չկրկնվեն»,-ասվում է կոնգրեսականի տարածած հաղորդագրության մեջ:




Լրահոս