Gallup International Association-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի Զի» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրեց կազմակերպության կողմից իրականացված «Երեւան քաղաքի հիմնախնդիրները/ քաղաքապետի թեկնածուների վարկանիշերն առ ապրիլի 20-ը» թեմայով արված հարցման առաջին արդյունքները:
Նշենք, որ հարցվածների քանակը 1044 է, իրականացման մեթոդը՝ դեմ առ դեմ: Հարցումն իրականացվել է ապրիլի 12-20-ն ընկած ժամանակահատվածում: Ըստ այդմ, երևանցիների մեծամասնությունը կարծում է, որ առաջիկա ընտրություններում քաղաքապետի պաշտոնի համար պայքարող թեկնածուներից Տարոն Մարգարյանն ունակ կլինի լուծել քաղաքացիների բարձրացրած հիմնախնդիրները, 12.1 տոկոսը նույն հարցում վստահում է Նիկոլ Փաշինյանին, իսկ 4.2 տոկոսը՝ Զարուհի Փոստանջյանին:
Հարցումից պարզ է դառնում, որ որպես առաջնային խնդիր երևանցիների մեծամասնությունը տեսնում է քաղաքային տրանսպորտի խնդիրը: Ըստ երեւանցիների՝ ամենալավ ճարտարապետական տեսքն ունեն Կենտրոն, Ավան, Դավիթաշեն վարչական շրջանները, իսկ ամենավատը՝ Շենգավիթը եւ Նուբարաշենը: Նավասարդյանի խոսքով, հաջորդ հարցումը կիրականացվի մայիսի 1-10-ն ընկած ժամանակահատվածում: