Ֆրանսիան պատրաստվում է վաղվա ընտրություններին. թեկնածուներից ով ավելի մեծ հնարավորություն ունի անցնելու հաջորդ փուլ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կիրակի օրը` ապրիլի 23-ին, կկայանա արեւմտյան ժողովրդավարության հերթական քննությունը Ֆրանսիայում նախագահի ընտրության համար: Վերջինիս մասնակցում են 11 թեկնածուներ, որոնցից հիմնական պայքարն ընթանում է չորսի` Էմանուել Մակրոնի, Մարին Լը Պենի, Ֆրանսուա Ֆիյոնի եւ Ժան Լյուկ Մելանխոլի միջեւ: Ակնհայտորեն, այս ընտրություններով կորոշվի ոչ միայն Ֆրանսիայի ներքին քաղաքականության կարեւորագույն հարցերից մեկը, այլեւ Եվրամիության ճակատագիրը:

Ֆրանսիայի նախագահական մարաթոնում առաջնայնությունը պատկանում է էկոնոմիկայի նախկին նախարար Մակրոնին: Վերջինս համարվում է պրո-եվրոպական գործիչ, որը Ֆրանսիայի ապագան տեսնում է ԵՄ-ի կազմում: Հատկանշական է, որ նա իր պաշտոնից հրաժարվել է՝ նախագահական ընտրություններին մասնակցելու համար: Որքան խորթ երեւույթ է Հայաստանի համար, որտեղ պաշտոնյաները նույնիսկ արձակուրդ չեն գնում` վարչական ռեսուրսն ու պաշտոնեական դիրքը չարաշահելու ազատություն ունենալու համար: Ինչեւէ, Մակրոնի դիրքերը ուժեղացան Ֆիյոնի թուլացմանը զուգահեռ, եւ կարծիք կա, որ նրան ընտրում են Լը Պենին չընդունողները եւ Ֆիյոնից հիասթափվածները: Նրա ընտրությամբ առաջին հերթին կշահի ԵՄ-ն, իսկ վերջինից հեռացող Միացյալ Թագավորությունը (ՄԹ) կընկղմվի ծանր բանակցությունների մեջ արդեն ոչ միայն Գերմանիայի, այլեւ Ֆրանսիայի հետ: Ըստ էության, Մակրոնն առաջին փուլում առաջին հորիզոնականը վաստակելու իրական շանսեր ունի: Փետրվարի հարցումներով նա ստանում էր 18 տոկոս, մինչդեռ այսօր նրա վարկանիշը հասել է 24-ի:

Ֆրանսիայի ազգային ճակատը առաջադրել է ֆրանսիական ու համաշխարհային քաղաքականության թերեւս ամենահակասական կերպարներից մեկի` Մարին Լը Պենի թեկնածությունը: Նրան անվանում են Ֆրանսիայի Թրամփ` ակնարկելով, որ նա նույնչափ ամբոխահաճ է, իր հայացքներում ռադիկալ, կարծիքներ արտահայտելիս անշրջահայաց, որքան ԱՄՆ նախագահ Թրամփը: Լը Պենը հակված է Ֆրանսիան դուրս տեսնել Եվրոպական միությունից` պնդելով, որ ԵՄ-ն արգելում է Ֆրանսիայի զարգացումը: Այս թեզը հաղթանակ գտավ ՄԹ-ում, սակայն եթե վերջինս միշտ էլ վերապահումներով է առաջնորդվել ԵՄ-ի հետ հարաբերություններում, ապա Ֆրանսիան դասական իմաստով ԵՄ-ի հիմնադիրներից է: Այստեղ հասարակությունը շատ ավելի կողմնակից է տնտեսական գործակցությանը մայրցամաքի երկրների հետ` հաշվի առնելով նաեւ ֆրանս-գերմանական պատմական հակադրությունների հոգեբանական կողմը: Նախկինում տնտեսական մրցակցությունը մշտապես հանգեցնում էր Գերմանիայի ու Ֆրանսիայի միջեւ ռազմական ընդհարումների, մինչդեռ ԵՄ-ի շնորհիվ մրցակցությունը փոխարկվել է տնտեսական սերտ համագործակցության: Լը Պենի գաղափարները որքան էլ գրավիչ են ու ամբոխահաճ, դրանք դժվար թե կարողանան վայելել ողջ ֆրանսիական հասարակության համակրանքը: Փետրվարի հարցումներով Լը Պենը 27 տոկոսի աջակցություն ուներ, այսօր արդեն` 22.5:


Ֆրանսիային փոփոխություններ է խոստանում բերել նաեւ Հանրապետական կուսակցության թեկնածու, Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆրանսու Ֆիյոնը: Վերջինս, ինչ-որ տեղ կարելի է ասել, որ սինթեզում է Լը Պենի ու Մակրոնի քաղաքական առաջարկները: Նա ծայրահեղական կեցվածք չունի ԵՄ-ի նկատմամբ, սակայն միաժամանակ համոզված է, որ Ֆրանսիան չպետք է իր շահերը ստորադասի եվրոպական ինտեգրացիային: Այս առումով հատկանշական է Ֆիյոնի անհամեմատելիորեն մեղմ կեցվածքը Ռուսաստանի ու վերջինիս ագրեսիվ քաղաքականության հանդեպ: Ֆիյոնի հաղթանակը ներկուսակցական փրայմերիզներում բազմաթիվ վերլուծաբանների հուշում էր, որ նա նույնպիսի անակնկալ կարող է մատուցել նաեւ ընտրությունների առաջին փուլում: Այս հույսերը կարծես թե ի դերեւ ելան, քանզի Ֆիյոնը ներքաշվեց մի սկանդալային պատմության մեջ, որը էականորեն ազդեց նրա վարկանիշի վրա: Ըստ մամուլի բացահայտումների` 1988-2002թթ. Ֆիյոնն իր կնոջը նշանակել է խորհրդարանում իր օգնականի պաշտոնում: Պարզվում է, որ կինը որեւէ գործ այդպես էլ չի արել, սակայն աշխատավարձ է ստացել պետական բյուջեից: Անտեղի վճարված գումարները կազմել են մոտ 1 միլիոն եվրո: Ֆիյոնը հանդես եկավ հարցազրույցով եւ պատմեց, որ նույնպիսի օգնականի աշխատանք իր համար կատարել են նաեւ իր զավակները եւ պետական բյուջեից աշխատավարձ ստացել: Նախկին վարչապետը փաստորեն կամովին բացահայտել է հանրությունից դեռ գաղտնի մնացած տեղեկությունը, որպեսզի դա չանեին ԶԼՄ-ներն ու իրեն կրկնակի հարված չհասցնեին: Ֆիյոնը նաեւ ներողություն էր հայցել ֆրանսիացիներից իր ընտանիքի անդամներին պաշտոններ բաժանելու համար, սակայն շեշտել էր, որ օրենքի տառի խախտում թույլ չէր տվել: Սկանդալային այդ պատմությունը ազդեց Ֆիյոնի՝ օրեցօր մեծացող վարկանիշի վրա: Փետրվարին կատարված հարցումներով Ֆիյոնն ուներ 25 տոկոս, իսկ այսօր արդեն` 19:


Նախագահական թեկնածուների հեռուստաբանավեճերի արդյունքում իր դիրքերը զգալիորեն ամրապնդել է ձախակողմյան Ժան Լյուկ Մելանխոլը: Նա առաջ է մղում սոցիալիստական գաղափարները, թեեւ գործող նախագահ Օլանդի իշխանավարությունը նկատելիորեն նվազեցնում է նրա հաղթանակի շանսերը: Ի վերջո, Մելանխոլը 2012թ. ընտրություններում գրավել էր ընդամենը 4-րդ հորիզոնականը` 11 տոկոսով: Փետրվարին անցկացված նախնական հարցումներով նա վայելում էր ընտրողների 15 տոկոսի աջակցությունը, մինչդեռ այսօր` 18:


Հստակ է, որ առաջին փուլում թեկնածուներից որեւէ մեկը չի կարողանալու բացարձակ հաղթանակ տանել, ինչի պատճառով պայքարը կշարունակվի երկրորդ փուլով: Ներկայիս կանխատեսումներով` երկրորդ փուլում հայտնվելու իրական շանսերը երեքինն են` Ֆիյոնինը, Մակրոնինն ու Լը Պենինը: Արձանագրելի է, որ եթե վերջինս չանցնի երկրորդ փուլ, Ֆրանսիան լիովին ձերբազատված կլինի թրամփյան վտանգից, հակառակ դեպքում ֆրանսիական ընտրախավը նույնպես կկանգնի չափազանց բարդ խնդրի առաջ:

Ն. Հովսեփյան




Լրահոս