Այդ մարդիկ «ֆանտազյոր» են. Արտավազդ Բայաթյանը` ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկված մշակույթի գործիչների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առաջիկայում Երեւանի ավագանու ընտրություններն են, եւ այդ առիթով «Ժողովուրդ»-ը զրուցում է մշակույթի գործիչների հետ, պարզում՝ ինչ ակնկալիքներ ունեն նրանք այդ գործընթացից եւ ինչը կցանկանան փոխված տեսնել մայրաքաղաքում: Մեր այսօրվա զրուցակիցը երգիչ, երգահան Արտավազդ Բայաթյանն է: Նա խոստովանում է, որ պատրանքների մեջ չի ապրում եւ վստահ է, որ ընտրությունների արդյունքում լուրջ փոփոխություններ չեն գրանցվի:

-Պարո՛ն Բայաթյան, առաջիկա ընտրություններից ի՞նչ սպասելիքներ ունեք:

-Հաշվի առնելով, թե ովքեր են առաջադրվել ընտրություններում, ենթադրում եմ, որ մեր իրականությունում լուրջ փոփոխություն չի լինի: Համենայն դեպս, ժամանակը ցույց է տալիս, որ ով կա, իր տեղում մնում է: Կարծում եմ՝ տեղաշարժ կլինի, բայց թեթեւակի: Ամեն դեպքում, ցանկացած փոփոխություն զգուշացում կլիներ իշխանություններին, որ իրենք հավերժ չեն: Դա զգոնություն կներշնչեր նրանց: Բայց, դե, մեզ մոտ որ մեկ նստում են մի պաշտոնի, հավերժ են դառնում, ասում են՝ էս սարն իմն է, էս քարն իմն է: Ուրիշ երկրներում պաշտոնյաները, սովորաբար, գիտեն, որ ցանկացած պահի, եթե օրենք խախտեն, պետք է հրաժարական տան, իսկ մերոնք հանգիստ նստած են, իրենց կարծիքով՝ ոչ մի խնդիր չունեն, դրա համար էլ մեզ մոտ ամեն ինչ նույնն է մնում: Այնինչ՝ ցանկալի կլիներ, որ կարեւոր բաներ փոխվեին մեր կյանքում:

-Ի՞նչ նկատի ունեք:

-Օրինակ՝ քաղաքաշինության ոլորտում ցանկացած քայլ անող օրենքի վերահսկողության ներքո լիներ, վերջապես կարգավորվեր ճանապարհային երթեւեկությունը՝ բայց ոչ արագաչափեր շարելով ու մարդկանցից արհեստականորեն փողեր կորզելով:

-Իսկ մշակութային մասով ի՞նչ ակնկալիքներ ունեք:

-Դե, եթե մայրաքաղաքը չլինի երկրի մշակութային կյանքի արտացոլողը, կարող ենք ասել, որ կործանվել ենք: Բազմիցս խոսել ենք այն մասին, որ ամեն մեկի ասպարեզ չպետք է տրամադրվի, որ ամեն մշակութային օջախ պետք է ծառայի իր նպատակին, Օպերային թատրոնը՝ օպերային, Ֆիլհարմոնիկի շենքը՝ ֆիլհարմոնիային: Որեւէ դեպքում չպետք է հայտնվի մեկը, ով փող կտա ու ինչ կուզի, կանի:

-Երեւանի ավագանու ընտրություններին ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկված են նաեւ մշակույթի գործիչներ: Ըստ Ձեզ՝ նրանք կարո՞ղ են ինչ-որ բան փոխել մայրաքաղաքին առնչվող կարեւոր որոշումներ կայացնելիս:

-Այդ մարդիկ կա՛մ շատ լավատես են, կա՛մ «ֆանտազյոր» են, եթե իրենց թվում է, որ կարող են ինչ-որ բան փոխել: Բացի այդ՝ մարդ պետք է բավական պարապ լինի, որ հանձն առնի այդ գործը: Զբաղված մարդը ոչ մի դեպքում ադմինիստրատիվ գործեր չի կատարի. դրա համար կան չինովնիկներ: Ամեն դեպքում, եթե մշակութային այդ գործիչները կարողանան ինչ-որ դրական տեղաշարժերի հասնել, միայն ուրախ կլինեմ: Բայց հիշենք, որ մենք խորհրդարանում էլ ունենք արվեստի ներկայացուցիչներ, որոնց ներկայությունն այնտեղ հավասար է զրոյի: Սովորաբար նրանց հայհոյում են, վարկաբեկում, ինչը ոչ ոքի պատիվ չի բերում. ավելի լավ կլիներ, եթե այդ մարդիկ իրենց գործով զբաղվեին, որը ոչ պակաս պատասխանատու է:

Պարո՛ն Բայաթյան, Ձեր հույսը, կարծես, վերջնականապես կորցրել եք…

-Չէ՛, ուղղակի ես պատրանքների մեջ չեմ ապրում: Ի վերջո, ամեն ինչ չէ, որ մեզնից է կախված, մեր երկրի ղեկավարներն էլ ամենաուժեղները չեն, նրանք էլ են ենթարկվում մի շարք գործոնների: Չնայած, եթե այդ մարդիկ մի քիչ բարեխիղճ լինեին, կաշառակեր չլինեին, շատ բաներ կարող էին փոխվել դեպի լավը: Ցանկալի կլիներ, որ պաշտոնյաները ոչ թե գոռգոռալով իրենց հայրենասեր կարծեին, այլ արած գործով:

Աննա Բաբաջանյան




Լրահոս