«Իմիջ կոդ», «Առավոտ լուսո» հաղորդումներից, «Աննա» հեռուստասերիալից հայտնի հաղորդավարուհի, դերասանուհի Յանա Դանիելյանը վերջին շրջանում նախկին ակտիվությամբ չի երեւում էկրաններին. նա այժմ վարում է միայն «Ինչ եփել այսօր» ծրագիրը: «Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց՝ Յանան նոր առաջարկներ չի՞ ստանում, թե՞ պարզապես մերժում է դրանք:
«Հրավերներ շատ եմ ստանում, բայց չեմ կարող ընդունել, քանի որ Հայկական Երկրորդ հեռուստաալիքի հետ կնքված պայմանագիրը դա թույլ չի տա: Իհարկե, ունեցել եմ առաջարկներ, որոնք իմ սրտով էին, ունեցել եմ, որ ոչ, ամեն դեպքում, առայժմ այդ ուղղությամբ որեւէ փոփոխություն չի սպասվում»,-ասաց նա:
Մենք հետաքրքրվեցինք՝ Յանան եւ ամուսինը՝ հաղորդավար Սուրեն Փահլեւանյանը, միասին որեւէ ծրագիր վարելու ցանկություն, առաջարկ ունե՞ն. «Անկեղծ ասած՝ նման նպատակ չկա. մենք առանձին ենք հանդես գալիս, այս պահին ես ծրագիր եմ վարում, ինքը՝ նկարահանվում է սերիալներում, զուգահեռաբար գործունեություն է ծավալում բոլորովին այլ բնագավառում»,-պատասխանեց Յանան:
Քանի որ հաղորդավարուհու արտաքինը շատ է քննարկվում սոցցանցերում, եւ օգտատերերը նրան վերագրում են ամենատարբեր պլաստիկ վիրահատություններ, հարցրինք՝ վերջին շրջանում նա իսկապե՞ս դիմել է նման միջամտությունների, թե՞ ոչ. «Ես՝ որպես 21-րդ դարի կին, շատ եմ հետեւում իմ արտաքինին, մաշկի խնամքին, պարբերաբար այցելում եմ մերսումների: Բայց բնական է, որ բոլորին դուր գալ չեմ կարող: Ոչ ոքի հետ չեմ վիճում եւ քննարկումների մեջ չեմ մտնում: Ամեն դեպքում, ուշադրություն չեմ դարձնում իմ վիրահատությունների վերաբերյալ այդ անհավանական, հորինովի խոսակցություններին: Ինձ համար ամենաէականն այն է, որ նայում եմ հայելու մեջ եւ ինքս ինձ դուր եմ գալիս»,-մեկնաբանեց Յանան՝ հավելելով, որ սիրում է արտաքինի հարցում դիմել ոճային կտրուկ փոփոխությունների, ինչպես ինքն է ասում՝ թույլատրելիի սահմաններում:
«Ժողովուրդ»-ը, անդրադառնալով հաղորդավարուհու անձնական կյանքին, հարցրեց՝ առաջիկայում ընտանիքը համալրելու մասին երազո՞ւմ է, թե՞ ոչ. «Կարող է տարօրինակ հնչել, բայց ես երազանքներ չունեմ, փոխարենը ունեմ նպատակներ, որոնք հերթականությամբ իրագործում եմ, իսկ երազանքը մի բան է, որը մնում է անկատար: Ինչ վերաբերում է համալրմանը, դեռեւս չենք պլանավորում նման բան. նախընտրում ենք ուշադրությունը բեւեռել մեր դստեր վրա: Սիրում եմ, որ երեխաների միջեւ տարիքային մեծ տարբերություն է լինում, դա ինձ համար գեղեցիկ երեւույթ է, այնպես որ, կնախընտրեմ երկրորդ երեխային լույս աշխարհ բերել ավելի ուշ»,-եզրափակեց մեր զրուցակիցը:
Աննա Բաբաջանյան