ՀՅԴ-ն կարող է կառավարության ներսում կատալիզատորի ֆունկցիա ունենալ. Դավիթ Լոքյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանի հետ զրուցել է օրերս համայնքների 20 ղեկավարներ հետ հանդիպման ժամանակ վարչապետի նախանշած համայնքների զարգացման ծրագրերի, ինչպես նաեւ ՀՀԿ-ՀՅԴ հնարավոր կոալիցոն գործընկերության մասին:

-Պարո՛ն Լոքյան, ինչո՞վ է պայմանավորված վարչապետի այն հայտարարությունը, որ երկրի զարգացումն անհնար է, եթե մարզերը, համայնքները չունենան զարգացման նոր ծրագրեր: Իսկ ի՞նչ եղան համայնքների զարգացման այն ծրագրերը, որոնք ունեին հստակ ֆինանսավորում:

-Մարզերն ունեցել են սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիր, համայնքներն ունեցել են քառամյա զարգացման ծրագիր: Այնտեղ տնտեսական բլոկի հետ կապված խնդիրները կա՛մ չեն արծարծված, կա՛մ ընդհանրապես շատ փոքր ծավալ են զբաղեցրել, այսինքն՝ աշխատանքներ, որով համայնքն իր ֆոնդային բյուջեով, պետության օժանդակությամբ ստեղծում է աշխատատեղեր: Գաղափարախոսությունը դա էր: Սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերը նախկինում գործել են, ավելի շատ ընթացիկ պրոբլեմներն են դրանք եղել՝ ենթակառուցվածքային, սոցիալական ոլորտի, այսօր արդեն մարզերի նոր ստեղծած ռազմավարության մեջ ընդգծված է մարզի տնտեսական զարգացումը, տեսլականը, տնտեսական գործունեությունը, աշխատատեղերը:

-Վարչապետի խոսքով՝ պետք է ունենալ զարգացման ծրագրեր, որտեղ կլինեն ոչ միայն մանկապարտեզի, տանիքի, այլեւ զբաղվածության խնդիրների լուծման, սեփական եկամուտներն ավելացնելու հստակ քայլեր: Այդ դեպքում ինչո՞ւ ենք մենք միշտ զարգացում ասելով՝ նշել, օրինակ, մանկապարտեզների վերանորոգումը կամ կառուցումը:

-Գիտեք ինչ, վարչապետը նկատի ուներ, որ մարզերում, համայնքներում, նույն Երեւան համայնքում այդ ռեսուրսները պետք է օգտագործենք օպտիմալ: Հիմա եթե Դուք փորձեք մեր ուսումնասիրությունների հետ ծանոթանալ, մենք ուսումնասիրում ենք հանրապետության տարածքում մանկապարտեզների խնդիրները, որոնք համայնքային ծառայություն են իրենցից ներկայացնում, Դուք կտեսնեք տարաչափ տարբեր թվով երեխաներ, տարբեր թվով խմբեր, տարբեր հաստիքակազմ եւ այլն, եւ այլն, այս խնդիրները կանոնակարգելու հարցեր ունենք:

-Կարո՞ղ ենք արձանագրել, որ համայնքների զարգացման ծրագրերը մինչ այս արդյունավետ չեն եղել:

-Գիտեք, այդ համայնքային զարգացման ծրագրերն այն մասով, որ կազմվել են, բավականին էլ արդյունավետ են եղել: Կան համայնքներ, որոնք նախկինում չեն ունեցել համայնքապետարաններ, չեն ունեցել մանկապարտեզներ, չեն ունեցել բուժկետեր, այսօր ունեն այդ համայնքները: Այսօրվա դրված խնդիրներն այլ են, զարգացում ապահովելու գրավականը՝ աշխատատեղ, զբաղվածություն ավելացրած արժեք, համայնքային եկամուտների մեծացում, սա է ամբողջ կոնցեպտը:

-Լավ, անդրադառնանք մի քանի քաղաքական հարցերի: Ի՞նչ փուլում են գտնվում ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն գործընկերությունը շարունակելու մասին քննարկումները:

-Տեղյակ չեմ:

-Լուրեր շրջանառվեցին այն մասին, որ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ցանկանում, որ ՀՀԿ-ն Դաշնակցության հետ կոալիցիա կազմի: Ինչո՞ւ:

-Ես չեմ կարծում: Դաշնակցության նկատմամբ վարչապետն ունի մեծ հարգանք, եւ կարծում եմ, որ ամեն ինչ նորմալ ընթացքի մեջ կլինի:

-Պարո՛ն Լոքյան, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, անդրադառնալով ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն գործընկերության անհրաժեշտությանը, նշել է, որ մի շարք կարեւորագույն օրենքների ընդունման համար արդեն կպահանջվի պատգամավորների ընդհանուր թվի 3/5-րդի աջակցությունը, իսկ դա նշանակում է առնվազն 60 տոկոս ձայն: ՀՀԿ-ն էլ չի կարողանալու միայնակ այդքան ձայն ապահովել: Մի՞թե Դաշնակցությունը, որն ունի դարի պատմություն, այսօր ՀՀԿ-ի որոշումներն ընդունելու համար միջոց է դառնում:

-Դաշնակցությունը չի կարող միջոց լինել: Գիտեք, մենք մեր երկրում կառավարման հսկայական փոփոխությունների դաշտ ենք մտել, այդ փոփոխությունների հիմնական ջատագովը եղել է Դաշնակցությունը եւ Դաշնակցությունը մասնակցում է պետական կառավարմանը խորհրդարանում եւ կառավարությունում, որպեսզի այդ փոփոխությունները տանի մեր ցանակալի ուղղություններով: Երկրորդը՝ ես կարծում եմ, որ Դաշնակցությունը որպես քաղաքական ուժ իր ամբողջ հզորություններով աշխարհում գործող շատ լուրջ ֆակտոր կարող է դառնալ երկրի ֆորմալ տնտեսական զարգացման, ժողովրդավարության տարածման եւ այլ հարցերում: Գիտեք ինչ, կարելի է հակառակ հարցը դնել՝ արդյոք ճիշտ կլիներ անել սահմանադրական փոփոխություններ, գնալ այսպիսի ընտրությունների, կառավարման այսպիսի ձեւի եւ կողքի քաշվել՝ չմասնակցել եւ ասել՝ լավ չէ այդ ամբողջը: Սրանք են հիմնական մեխերը, եւ հետո Դաշնակցությունը կարող է նույն կառավարության ներսում շատ կարեւոր ֆունկցիա ունենալ, կատալիզատորի ֆունկցիա ունենալ, գործընթանցներն արագացնելու, համապատասխան կոլեգաների հետ նորմալ աշխատելու, նորմալ գաղափարներ դնելու:

-Իսկ ի՞նչ քննարկումներ են հիմա ընթանում՝ պորտֆելների ավելացմա՞ն: Չէ՞ որ կա հստակ ստորագրված քաղաքական համաձայնագիր, որում ասվում է երկարաժամկետ գործընկերության մասին:

-Քաղաքական համաձայնագիրը իր մեջ չի ներառում այդպիսի բաներ, այդ մասին ես շատ տեղեկացված չեմ, քաղաքական մարդկանց հետ քննարկեք այդ հարցերը:

-Եւ վերջում՝ Ձեզ կտեսնե՞նք նոր ձեւավորվող կառավարության կազմում:

-Չեմ կարող ասել, դա կորոշի մեր կուսակցությունը:

Վահագն Հակոբյան




Լրահոս