Սերժ Սարգսյանի՝ «Սպայկա» այցելությունը՝ մտահոգության տեղիք մանր և միջին ջերմոցատերերի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ Սերժ Սարգսյանը այցելեց ՀՀ Արարատի մարզ, որտեղ եղավ «Գրին հաուզ», «Սպայկա» եւ «Վոլվո» ընկերություններում: Նշված ընկերությունների ներկայացուցիչները ոգեւորությամբ ներկայացրեցին իրենց անցած ճանապարհը, անելիքներն ու ծրագրերը: Սակայն Սերժ Սարգսյանի աշխատանքային այս այցելությունը լուրջ մտահոգությունների տեղիք է տվել մանր եւ միջին ջերմոցատերերի մոտ:

Ըստ շրջառվաող լուրերի՝ գյուղապրանքների պահածոյացմամբ, բեռնափոխադրմամբ եւ թարմ մրգերի արտահանմամբ զբաղվող «Սպայկա» ընկերությունը հիմնադրել է Դավիթ Ղամբարյանն իր եղբոր հետ: Սակայն 2008 թվականի մարտի 1-ի դեպքերից հետո Լեւոն Տեր-Պետրոսյանի հրավիրած հանրահավաքին մասնակցող Դ. Ղամբարյանին կալանավորել են: Մեր տեղեկություններով՝ նա «նստել» է «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում: Ազատ արձակվելուց հետո նրա ընկերությունում համասեփականատեր դարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, իսկ մոտ 5 տարի առաջ ընկերությունը գնել է Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը՝ Ղամբարյան եղբայրների հետ բաժնետեր դառնալով: Փաստորեն երկրի նախագահը պաշտոնական այցով եղել է իր փեսային պատկանող ընկերությունում եւ հետաքրքվել ընկերության գործունեությամբ:

Նշենք, որ Սերժ Սարգսյանին «Գրին հաուզ»-ի ներկայացուցիչները եւս ծանոթացրել են իրենց առաջիկա ծրագրերի մասին: Բացի այս՝ Սարգսյանը աշխատանքային այցով եղել է «Սպայկա» ընկերության Երեւանում գտնվող գլխամասում: Ապա ծանոթացել է նույն «Սպայկա»-ին պատկանող «Վոլվո» կենտրոնի բեռնատարների տեխսպասարկման նորագույն սարքավորումներին: Տեղեկացնենք, որ «Սպայկա» ընկերությանը պատկանող ջերմոցային տնտեսությունը տարեկան արտադրում է մոտ 15 հազար տոննա լոլիկ եւ վարունգ: Ի դեպ, ընկերությունն այս տարվա ընթացքում նախատեսում է եւս 20 հա ջերմոց կառուցել եւ ավելացնել արտադրության ծավալները:

Սակայն այս ամենի արդյունքում այն գյուղացիական տնտեսությունները, որոնք համագործակցում էին «Սպայկա» ընկերության հետ (նրանք, որոնցից ընկերությունը լոլիկ ու վարունգ է մթերել եւ արտահանել), իրացման խնդրի առաջ են կանգնելու: Արդյունքում չեն կարողանալու իրենց ապրանքը վաճառել, քանի որ արտահանող ընկերությունն արտադրելու է եւ, բնականաբար, իրենն էլ կարտահանի:
Բացի այս, առկա է եւս մեկ խնդիր. «Սպայկա» եւ «Գրինհաուզ» ընկերությունների ջերմոցային տնտեսությունները այս ոլորտում գերիշխող դիրք են զբաղեցնում: Ստացվում է, որ մեր երկրում հանրապետության նախագահը նպաստում է բնական մենաշնորհի ստեղծմանը: Մինչդեռ արդյունքում մանր եւ միջին ջերմոցային տնտեսությունները կարող են փակվել: Քանի որ իրենք չեն կարողանա իրացնել իրենց արտադրանքը, ուր մնաց ընդլայնեն իրենց բիզնեսը կամ արտադրանքը արտահանեն Հայաստանից դուրս:

Լոլիկի եւ ելակի մշակությամբ զբաղվող ջերմոցատեր Գագիկը Համբարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վրդովված նկատեց, որ մանր ումիջին ջերմոցատերերը միշտ էլ իշխանության եւ կառավարության տեսադաշտից դուրս են եղել:
«Այսքան ժամանակ ես չեմ հիշում նման մի դեպք, երբ գյուղնախարարը, վարչապետը, նախագահը կամ մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյա գնա ինչ-որ մի գյուղ, հանդիպում անցկացնի, զրուցի մանր ջերմոցատերերի հետ: Իրենց ուշադրությունը սեւեռված է միայն խոշորների ուղղությամբ եւ իրենց շփումները միմիայն խոշորների հետ է, իսկ մանրերը միշտ էլ արհամարհված են: Չկա նման մի դեպք, երբ գան, ասեն՝ գյուղացի՛, ֆերմեր ջա՛ն, ամեն մեկդ ունեք 500 կամ 1000 քմ ջերմոցային տնտեսություն, մի հատ ասե՛ք, տեսնեմ՝ ինչ խնդիրներ ունեք: Բայց արի ու տես, որ այս ամենի արդյունքում անհավասար մրցակցություն է ստեղծվում մանրերի ու խոշորների միջեւ»,- զայրացած ներկայացրեց ջերմոցատերը:

Մեր զրուցակիցը նկատեց նաեւ, որ այսօր ներքին շուկայում ապրանքի գինը թելադրում են խոշոր խաղացողները, քանի որ մեծ քանակություն իրենք են ապահովում: «Պետության կողմից տրվող բազմաթիվ եւ տարբեր արտոնություններից օգտվում են խոշորները. սուբսիդիա կլինի, հարկերից, տուրքերից ժամանակավոր ազատում կլինի, դրանք միայն իրենց դեպքում է գործում: Նաեւ իրենց կողմից ներմուծվող ապրանքների ԱԱՀ-ի վճարման ժամկետն է հետաձգվում, բայց այս ամենի արդյունքում մանրերը աստիճանաբար վերանում են»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում դժգոհեց Գագիկ Համբարյանը:

Ջերմոցատիրոջ խոսքերով՝ այսօր գյուղեր կան, որտեղ բազմաթիվ ջերմոցներ «պարապուրդի են» մատնված: «Քանի որ արդյունք չկա, մեր գյուղմթերքի ինքնարժեքը բարձր է, գազի սակագինը նույնպես, տեխնոլոգիաները հին են, իսկ նորը ձեռք բերելու հնարավորություն ոչ ոք չունի: Բայց մտնում ես խոշոր ջերմային տնտեսություններ, բարեւդ մոռանում ես. նրանց հոլանդական, ֆրանսիական, իսպանական տեխնոլոգիաներով հագեցած ջերմոցային տնտեսությունները նախանձ են առաջացնում: Դրա համար էլ իրենք 1քմ-ից բավականին լուրջ բերք են հավաքում: Իսկ մեր նման մանրերը նույնիսկ զրոյական եկամուտ չունեն, վնասով ենք աշխատում»,- իր մտահոգություններով կիսվեց գյուղատնտեսը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս