Երգչուհի Անուշիկ Ալավերդյանը դստեր ծնունդով պայմանավորված որոշակի դադարից հետո ոչ միայն վերադարձել է ասպարեզ, այլեւ սկսել է ակտիվ ստեղծագործական գործունեություն վարել: Նա «Ժողովուրդ»-ին պատմեց, որ առաջին անգամ ինքն է հեղինակել երգ եւ բավական ոգեւորված է այդ առթիվ. «Երգի երաժշտության հեղինակը ես եմ, վստահ եմ, որ ամուսինս (դաշնակահար Կարեն Մամիկոնյանը-հեղ.) մեծապես կօգնի ինձ, որպեսզի հետաքրքիր արդյունք ունենանք: Կարծում եմ` առաջիկայում այն կներկայացնենք հանդիսատեսի դատին:
Ասեմ, որ այս պրոցեսը բավական պարտավորեցնող է ու պատասխանատու»,-նշեց երգչուհին:
Բացի այդ` Անուշիկը տեղեկացրեց, որ աշխատում է նոր նախագծի շուրջ: Նա պատրաստվում է թողարկել ձայնասկավառակ, որտեղ ընդգրկված կլինեն օրորոցային երգեր. «Կներկայացնենք ոչ միայն հանրությանը հայտնի գործեր` բոլորովին նոր մոտեցմամբ, հետաքրքիր վերամշակմամբ, այլեւ նոր ստեղծված կամ երբեւէ չլսված երգեր: Գործերն արդեն ընտրված են: Ի դեպ, ամեն երգ լինելու է առանձին համագործակցություն` մի երաժիշտի հետ»,-մանրամասնեց Անուշիկը:
Մենք հարցրինք` երկրպագուներն առաջիկայում հնարավորություն կունենան արդյոք ներկա լինելու Անուշիկի ակումբային համերգներին. «Այո՛, թեպետ դրանք նախկինի պես հաճախակի չեն կազմակերպվի: Բանն այն է, որ շատ ծրագրեր ունեմ, որոնք իրականացնելու համար ժամանակ է պետք: Ու քանի որ զուգահեռաբար ուրիշ աշխատանքներ եմ տանում, չեմ կարողանում ամբողջովին նվիրվել համերգային գործունեությանը: Ամեն դեպքում, հաջորդ համերգս կլինի մայիսին»,-պատասխանեց երգչուհին:
Մենք նաեւ հետաքրքրվեցինք` Անուշիկը հասցնում է արդյոք անձնական կյանքը համատեղել գործնականի հետ. «Մեր ոլորտի մարդիկ աշխատանքային հատուկ գրաֆիկ չունեն, ազատ են գործում: Ես, օրինակ, կարողանում եմ տրվել նաեւ աշխատանքին, քանի որ ընտանիքիս անդամները մեծապես օգնում են ինձ այդ հարցում»,- ասաց նա:
Իսկ հարցին, թե արդյոք առաջիկայում սպասվում է Անուշիկի եւ քրոջ` ֆրանսաբնակ երգչուհի Արեւիկ Ալավերդյանի զուգերգը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Նման ցանկություն ունենք, արդեն գծում ենք նաեւ պլաններ, թե որքանով կհաջողվի դրանք կյանքի կոչել, դեռեւս չեմ կարող ասել»:
Աննա Բաբաջանյան