ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՎԱՐՏՎԵՑԻՆ ԱՆԵՐԵՎԱԿԱՅԵԼԻ ԱՐԱԳՈՒԹՅԱՄԲ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրավապահ մարմիններն աննախադեպ օպերատիվ են գտնվել ապրիլի 2-ի ԱԺ ընտրություններում տեղ գտած ընտրախախտումների վերաբերյալ հարուցված քրեական գործերը քննելիս: Երեկվա դրությամբ հարուցված 15 քրեական գործերից 4-ի նախաքննությունն ավարտվել է, եւ դրանք ուղարկվել են դատարան: Սա Հայաստանի իրավապահ համակարգի պատմության մեջ կարելի է համարել սենսացիոն իրադարձություն, երբ նախաքննությունն ավարտվում է քրեական գործը հարուցելուց մեկ շաբաթ անց: Համեմատության համար նշենք, որ, օրինակ, 2015թ. էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույցերի ժամանակ լրագրողների նկատմամբ կիրառված բռնությունների գործի մի քանի դրվագով նախաքննությունը ՀՔԾ-ում 3 տարի է, դեռ ընթանում է, չնայած՝ պարզվել են ե՛ւ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ե՛ւ կան բավարար տեսանյութեր ու լուսանկարներ՝ ամեն ինչ ապացուցելու համար:
Ինչեւէ: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ դատարան ուղարկված քրեական գործերը վերաբերել են կրկնակի քվեարկության փորձերին, որոնք տեղի են ունեցել Շիրակի մարզի Ամասիա գյուղի 30/37 ընտրատեղամասում, Սյունիքի մարզի Շաղատ գյուղի 34/67 ընտրատեղամասի, Վայոց ձորի Չիվա գյուղի 36/25 տեղամասում եւ Երեւանի Նոր Նորք թաղամասի 159 դպրոցում տեղակայված 2/19 ընտրատեղամասում: Նախաքննական մարմնի այս արագությունը նաեւ կասկածների տեղիք է տալիս, եւ փորձառու իրավաբանները դժվարացան վերհիշել նման որեւէ դեպք, երբ քրեական գործի նախաքննությունն ավարտվի մեկ շաբաթ անց: Թե որքանով է սա ազդել քրեական գործի քննության վրա, ցույց կտա դատաքննության ընթացքը: Մինչ այդ կարելի է ենթադրել, որ իրավապահներին «արագ գործելուն» օգնել է փաստը, որ ընտրակեղծարարության համար մեղադրվողներն ընդունել են մեղքը, նույնը կանեն դատարանում, կհայտարարեն արագացված դատաքննություն կիրառելու մասին եւ այդպես կարժանանան սիմվոլիկ պատժի: Ճիշտ եւ ճիշտ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի նման, երբ ընտրակեղծարարները տուգանք վճարելով ազատվեցին պատժից:

 

 

 

Օրերս մեծ շուքով ազդարարվեց նոր ավիափոխադրողի՝ «Տարոն-Ավիա» ընկերության մասին, որն այսուհետ թռիչքներ է իրականացնելու Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից: «Ժողովուրդ»-ին երեկ ուշագրավ մանրամասներ հայտնի դարձան այս ավիաընկերության հետ կապված. պարզվում է՝ «Տարոն-Ավիա»-ն ՀՀ-ում գործել է դեռ 2007-ից, եւ ՎՊ-ն ավիացիայի ոլորտում արդեն 2009թ. անցկացված ստուգումների արդյունքում պարզել էր՝ սա մեկն է այն ընկերություններից, որոնք պետական բյուջե որեւէ հարկ չեն վճարել: Նշենք, որ «Տարոն-Ավիա»-ի միակ սեփականատերը Գառնիկ Պապիկյանն է, որը հաշվառված է Գյումրիում, նա նաեւ ընկերության տնօրենն է, ու նրա բնակարանն էլ գրանցված է որպես ՍՊԸ-ի իրավաբանական հասցե: Ավելին՝ Պապիկյանը ժամանակին պարտքուպահանջ է ունեցել «Էյր Արմենիա» ընկերության տնօրեն Արսեն Ավետիսյանի հետ, եւ գումարը ետ ստանալու համար դիմել էր ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին, որն էլ ծեծել էր պարտքատիրոջը: Կարճ ասած, ավիափոխադրման ոլորտում հայտնված «նոր» ընկերությունը շատ կասկածելի անցյալ ունի. հետաքրքիր է՝ ինչ է սպասվում ապագայում:

 

 

 
Երեւանի Կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանն ազատվել է իր պաշտոնից: Իսկ պատճառը, ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների, ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրություններն են եղել: Բանն այն է, որ Արամ Ասատուրյանից պահանջվել է ՀՀԿ-ական թեկնածու Հարություն Կարապողոսյանի՝ Սնխչի Հարութի համար կոնկրետ թվով ձայն ապահովել, ինչը հոսպիտալի պետին չի հաջողվել եւ պաշտոնանկության պատճառ է դարձել: Ընդ որում, հոսպիտալի պետին պաշտոնանկ անելու հարցում ակտիվ դերակատություն ունի թեկնածուի որդին՝ Կարո Կարապողոսյանը, որը պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի թիկնազորի պետն է: Վերջինս որոշել է հոր պարտության համար վրեժ լուծել ու վայելելով Վիգեն Սարգսյանի անվերապահ աջակցությունը՝ հասել է ուզածին: Հավելենք, որ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մեր հարցին ի պատասխան՝ ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց տեղեկությունները, այլ ասաց, որ նման պաշտոնյաների մասին մամուլին մեկնաբանություններ չեն տրվում:

 

 

 
2013թ. ՏԻՄ ընտրություններին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հայտարարագրած ահռելի ունեցվածքը մեծ աղմուկ հանեց: Պարզվում է՝ պաշտոնավարման այս հինգ տարիների ընթացքում, երբ աղքատությունը մեր երկրում սրընթաց աճում է, Տ. Մարգարյանը հասցրել է ավելացնել դրամական միջոցները. եթե 2013թ. նա հայտարարագրել էր 115 մլն. դրամ, ապա հիմա այդ թիվը դարձել է 250 մլն դրամ: Բացի այդ՝ Մարգարյանն ունի 45 հազար դոլար, 50 հազար եվրո, «Զեթ ընդ Զեթ» ընկերության 50 տոկոսի բաժնետերն է: Բավական տպավորիչ է Մարգարյանի հայտարարագրած անշարժ գույքը. Երեւանում՝ Թումանյան փողոցում, ունի բնակելի շենքի մի ամբողջ հարկ՝ 190.2 քմ մակերեսով, Ավանի Սայաթ-Նովա թաղամասում՝ 137.9 քմ բնակարան, Ավանի Բաբաջանյան փողոցում՝ 1578.3 քմ տարածք, առեւտրի կենտրոնի տարածք` 761.24ք/մ մակերեսով: Բացի այդ՝ Աճառյան փողոցում՝ 3729.8 ք/մ, իսկ Չարենցի թաղամասում՝ 44ք/մ շինություն, մեկ ամառանոց Ջերմուկում, երկու ավտոտնակ: Ի դեպ, 2013թ. Մարգարյանը հայտարարագրել էր ամառանոց Դիլիջանում, որը հետո վաճառել է: Նա վաճառել է նաեւ երկու մեքենա՝ «Ռենջ Ռովեր» եւ «Մերսեդես Բենց»: Հիմա Երեւանի քաղաքապետն ունի միայն «Մերսեդես S-450»: Իսկ քաղաքապետի կինը՝ Գոհար Սարգսյանն արդեն քանի տարի է` հայտարարագրում է 50 մլն դրամ ունեցվածք, եւ այդ թիվը մշտապես անփոփոխ է մնում: Սա, համաձայնեք, խիստ կասկածելի է:

 

 

 
ՍՏԱՏՈՒՍԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Ապրիլի 2-ի ԱԺ ընտրություններին անմիջապես հաջորդող Երեւանի ավագանու ընտրությունների նախապատրաստությունը կարծես թե երկրորդ պլան մղեց Աժ ընտրությունների արդյունքների լիարժեք վերլուծությունը: Մասնավորապես այդպես էլ չքննարկվեց այն, թե ինչպես եղավ, որ ՀՀ-ում հստակ արեւմտյան կողմնորոշում ունեցող ուժն այդքան քիչ քվե ստացավ:
Դեռեւս 2013թ-ին, երբ քննարկվում էր Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցության հարցը, եւ իշխանությունները ցանկանում էին համոզել, որ մեր հանրության զգալի մասը երազում է ընդգրկվել եվրասիական այդ կառույցին, ներկայացվում էին անցկացված սոցիոլոգիական հարցումների տվյալներ, որոնց համաձայն՝ արեւմտամետ էր Հայաստանի բնակչության 34 տոկոսը: Ասել, որ հաջորդող տարիներին ՀՀ քաղաքացիներն այնպիսի մի գոհունակության մեջ հայտնվեցին ԵՏՄ-ի տված պտուղներից, որ այլեւս դադարեցին նայել եվրամիության կողմը, մեղծ ասած իրականությունից հեռու կլինի: Եթե չասենք, որ տեղի ունեցավ հակառակը. ԵՏՄ-ին անդամակցությունից հետո է՛լ ավելի վատթարացած տնտեսական ցուցանիշները, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների հարցում գրանցված ետընթացը եւ, ամենակարեւորը, ապրիլյան պատերազմը, որի ընթացքում առավել ակնհայտ դարձավ, որ ԵՏՄ-ում ՀՀ-ի, այսպես կոչված, դաշնակիցները ավելի շատ մեր թշնամու շահերն են պաշտպանում, ահա այս ամենից հետո անգամ ավանդաբար ռուսամետ շերտերը սկսեցին մտածել, որ ՀՀ-ի ապագան այլ կլիներ, եթե մենք ԵՄ հետ առավել սերտ ինտեգրվեինք:
Եվ ուրեմն, որն է պատճառը, որ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում ԵՏՄ-ից դուրս գալու եւ Արեւմուտքի հետ հնարավորինս սերտ ինտեգրացիայի կողմնակից «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը հավաքեց 1 տոկոսից էլ քիչ քվե: Արդյոք ՀՀ-ում հենց այդքան՝ 1 տոկոս մարդ է կողմ այդ գաղափարներին: Եթե ոչ, ինչու, ուրեմն, եղավ նման արդյունք: Այս հարցին միանշանակ պատասխան տալն, իհարկե, բարդ է: Սակայն տարբերակներից մեկը, ընդ որում առավել հավանականը, այն է, որ պրոարեւմտյան ակտիվ մասսան, որն այնքան սիրում է իր առաջադեմ գաղափարները տարածել ֆեյսբուքում, այդպես էլ դուրս չեկավ այդ վիրտուալ տիրույթից եւ ռեալ քայլ չարեց իր գաղափարների կյանքի կոչման ուղղությամբ: Ընտրություններին մասնակցելու եւ «Ազատ դեմոկրատների» օգտին քվեարկելու փոխարեն՝ բոցաշունչ ստատուսներ գրող այդ շերտի համար ֆեյսբուքը դարձավ նպատակ ու արդարացում: Եթե այլ երկրներում վերջին տարիներին սոցիալական ցանցերը դարձել են պայքարի ծավալման եւ համակարգման գործիք /ինչպես, օրինակ, Լիբիայում, Թունիսում, Եգիպտոսում, Ուկրաինայում/, ապա ՀՀ-ում Ֆեյսբուքը դարձել է վիրտուալ ճահիճ, որտեղ գործելու կոչեր անող եւ բոլորին քննադատող ստատուսագիրները ինքնադրսեւորվում-ինքնաբավարարվում են՝ այդպես էլ չնկատելով, որ վիրտուալ այդ գաղջի մեջ մաշեցնում են իրական գործողությունների իրենց կամքն ու կարողությունը:




Լրահոս