ԵՐԲԵՄՆԻ ԱՆՊԱՏԻԺ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԹՌԻՉՔՆԵՐ ԿԻՐԱԿԱՆԱՑՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն երկու օր է՝ Գյումրու «Շիրակ» օդանավակայանից «Տարոն-Ավիա» ավիափոխադրողը սկսել է թռիչքներ իրականացնել: Նախօրեին «Շիրակ» օդանավակայանում վայրէջք կատարեց «Տարոն-Ավիայի» Մհեր Մկրտչյանի անվան ինքնաթիռը:

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ընկերությունը «Շիրակ» օդանավակայանից թռիչքներ կիրականացնի առայժմ 3 ուղղություններով՝ դեպի Ռոստով, Սամարա, Կրասնոդար քաղաքներ: Ավիաընկերությունը մտադրություն ունի կարճ ժամանակ անց «Տարոն-Ավիա»-ի օդանավերով հասնել նաեւ Եվրոպական երկրներ: Ի դեպ, ընկերությունը հավաստիացնում է, որ իր առաջարկած ավիատոմսերի սակագները ցածր են լինելու նույն ուղղություններով Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից առաջարկվող սակագներից: Սահմանված է հնարավոր նվազագույն շեմը. ամիատոմսերի գները կսկսվեն 10 000 դրամից: Անկախ տոմսի գնից առանց հավելավճարի ուղեւորները հնարավորություն կունենան ինքնաթիռի սրահում տեղափոխել մինչեւ 7 կգ ձեռքի ուղեբեռ, ինչպես նաեւ մինչեւ 25 կգ սովորական ուղեբեռ: Ի դեպ, տոմսերի վաճառքն արդեն սկսված է:
«Տարոն-Ավիա» ընկերությունն իր գոյության մասին հիշեցրեց դեռես 2015 թվականին, երբ տեղի ունեցավ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի եւ արդեն սնանկացած «Էյր Արմենիա»-ի սեփականատեր Արսեն Ավետիսյանի միջեւ հայտնի միջադեպը: Մամուլում գրվեց, որ այս ընկերությունը երկար ժամանակ չի կարողացել «Էյր Արմենիայի» տնօրենից ստանալ իր պարտքը (թե ինչպես է կուտակվել այն, հայտնի չէ), դիմել է քրեական աշխարհի ներկայացուցիչների եւ, այսպես ասած, հեղինակությունների (տվյալ դեպքում՝ Ռ. Հայրապետյանին), որոնք մեր երկրում հանդես են գալիս «արբիտրաժային» դատարանի դերում: Ըստ այդ «դատարանի» օրենքների՝ քրեականները կանչում, անպարտելի թվացողներից գումարը «ստանում են»՝ ակնկալելով պարտքատիրոջից համապատասխան վերաբերմունք:
Իսկ ո՞ւմ է պատկանում «Տարոն-Ավիա» ՍՊԸ-ն: Տեղեկացնենք, որ ընկերության միակ սեփականատերը Գառնիկ Պապիկյանն է, որը հաշվառված է Գյումրիում, նա նաեւ ընկերության տնօրենն է, ու նրա բնակարանն էլ գրանցված է որպես ՍՊԸ-ի իրավաբանական հասցե: Ինչպես հայտնի է՝ նա երկար ժամանակ Հայաստանում չի եղել, փոխարենը չվերթներ է իրականացրել Արաբական Էմիրություններում: Իսկ Տարոնը Գ. Պապիկյանի որդին է: Իհարկե, հասկանալի է, որ «Տարոն-Ավիա» ՍՊԸ-ն ունի նաեւ իրական սեփականատեր, որը այնպիսի ազդեցիկ դեմք է, ով կարողացել է տարիներ շարունակ խաբել Հայաստանի Հանրապետությանը եւ մնալ անպատիժ:
Գաղտնիք չէ, որ Հայաստանում գրանցված ավիաընկերություններից շատերը գործունեություն են ծավալում արտերկրում, սակայն գրանցվում են Հայաստանում, քանի որ դա անվճար է: Այս խնդրին տարիներ առաջ՝ 2009թ., անդրադարձել էր նաեւ ՀՀ վերահսկիչ պալատը եւ բացահայտումներ արել: Տարբեր տվյալներով, օրինակ, ԱՄԷ-ում գանձվում է պետտուրք՝ 382 մլն դրամ, Մեծ Բրիտանիայում էլ՝ 1,1 մլրդ դրամ: Բացի դրանից՝ պարզվել էր, որ այստեղ գրանցված, բայց դրսում գործող ընկերությունները ՀՀ պետբյուջե մուծում են չնչին հարկեր:
Մասնավորապես՝ ՎՊ-ի ստուգումների արդյունքում պարզվել էր, որ 2007-2008 թթ. Հայաստանում գրանցվել, սակայն արտերկրում են աշխատել 9 ընկերություն՝ «Էյր Հայնեսսես» ՍՊԸ, «Միապետ-Ավիա» ՍՊԸ, «Տարոն-Ավիա» ՍՊԸ, «Սաութ Էըրլայնզ» ՍՊԸ, «Քլիք Էյրվեյզ Ինթ.Լ» ՍՊԸ, «Հայք Ավիա» ՓԲԸ, «Ֆենիքս Ավիա» ՍՊԸ, «Վերթիռ» ՍՊԸ, «Բլյու Էյրվեյս» ՍՊԸ (ներկայում լուծարված է): Սրանք երկու տարում ընդհանուր շահագործել են մոտ 60 ինքնաթիռ եւ ՀՀ պետբյուջե մուծել ընդամենը 37.2 մլն դրամ հարկ (շահութահարկ եւ այլ վճարներ): Ըստ ՎՊ-ի՝ դեռեւս 2009-ին մեր երկրում գրանցված 9 ավիաընկերությունները, որոնք գործունեություն են ծավալել արտերկրում, ամիսներով անգամ մեկ դրամ շահութահարկ չեն վճարել: Իսկ 2007-ի օգոստոսի 10-ին գրանցված «Տարոն-Ավիա» ընկերությունը, որը 2007-ին ունեցել է 1, իսկ 2008-ին՝ 4 ինքնաթիռ, այդ 2 տարվա ընթացքում զրո դրամ շահութահարկ է վճարել:
Լրագրողների հարցին՝ ո՞վ է համոզել ներդրում անել եւ «Շիրակ» օդանավակայանից թռիչքներ իրականացնել, ընկերության տնօրեն Գ. Պապիկյանը պատասխանեց, որ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպումից հետո է կայացրել իր այս որոշումը: Հարցին էլ՝ եթե բիզնեսը չարդարացրեց, Հայաստանից կգնա՞, Պապիկյանը արձագանքեց. «Եթե բիզնեսը չարդարացրեց, հո՞ ինքնաթիռները չպիտի գրկեմ, ստեղ նստեմ»: Ապա հորդորեց հայրենասիրությունը չշփոթել բիզնեսի հետ:
Ինչեւէ, թվում է, թե «Տարոն-Ավիա» ընկերության սեփականատերը այս անգամ հստակ որոշել է իր հայրենի երկրում բիզնես-գործունեություն ծավալել: Մեզ մնում է հուսալ, որ ընկերությունը նախորդ տարիների գործելաոճ չի կիրառի եւ պատշաճ կարգով կկատարի իր հարկային պարտավորությունները:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ՍՊԱՆՎԱԾ ԱՂՋԿԱ ՄԱՅՐԸ ՆԵՐԵ՞Լ Է ԱՐՍԵՆ ԽՈՋՈՅԱՆԻՆ

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում շարունակվում է Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Արսեն Խոջոյանի դատավարությունը: Նա մեղադրվում է 2016թ. հունիսի 24-ին Վերին Կարմիրաղբյուր գյուղում 17-ամյա Աստղիկ Հանիսյանին դանակի բազմաթիվ հարվածներ հասցնելու մեջ:

Նշենք, որ այդ հարվածները հանգեցրել էին Բերդի բժշկական կենտրոն տեղափոխված անչափահաս աղջկա մահվան: ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով (Սպանությունը) մեղադրվող 25-ամյա Արսեն Խոջոյանը 2014 թվականի մարտի 7-ից ապրիլի 10-ը եղել է Ադրբեջանի տարածքում, ինչը սեւ կնիք է դրել նրա ճակատագրի վրա:
Իսկ ինչպե՞ս է տեղի ունեցել դեպքը: Արսենը մտերիմ հարաբերություններ է ունեցել 17-ամյա աղջկա հետ: Հունիսի 24-ին Ա. Խոջոյանն Աստղիկ Հանիսյանին հրավիրել է Բերդի «Ուռենի» սրճարան, հյուրասիրել, ապա միասին գնացել են Վերին Կարմիրաղբյուր գյուղի Ճակատի աղբյուր տեղանք, ուր տեղի է ունեցել դեպքը: Հավելենք, որ մինչ այդ Արսեն Խոջոյանը Սեւանի տարածաշրջանում վարձով հովիվ է աշխատել:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Ա. Խոջոյանը չի առարկել դրանց դեմ՝ անուղղակիորեն ընդունելով իր մեղքը: Դատարանում ցուցմունք տված Աստղիկ Հանիսյանի մայրն ասել է՝ ինքը համոզված չէ, որ Արսենն է իր աղջկան սպանել: Դատավոր Զոյա Զաքինյանը նրան հիշեցրել է այդ կնոջ նախաքննական ցուցմունքն այն մասին, որ Վերին Կարմիրաղբյուրում, դեպքի վայրում ծանր վիրավոր Աստղիկ Հանիսյանը մորն ասել է, որ իրեն դանակի հարվածներ հասցնողը Ա. Խոջոյանն է: Սակայն մայրը անհասկանալի պատասխաններ է տվել:
Տեղեկացնենք, որ այդ գործով դատական հաջորդ նիստը նշանակված է ապրիլի 18-ին: Հավանաբար այդ օրը կհրապարակվի Արսեն Խոջոյանի դատավճիռը:

Ո. ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 
ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
«Ժողովուրդ»-ի օրաթերթին են դիմել Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչներ, որոնց որդիները հեռակա կարգով սովորում են Հայաստանի պետական բուհերում: Նրանք դժգոհում են, որ անցյալ տարվա ապրիլյան պատերազմի մասնակից իրենց որդիները օգտվում են ուսման վարձի միայն 30 տոկոս զեղչից: Այդ զեղչը սահմանված է բոլոր այն ուսանողների համար, ովքեր զինվորական ծառայությունն անցկացրել են մարտական պայմաններում, առաջնագծում: 2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակ մարտական հերթապահություն իրականացրած ուսանողների համար հավելյալ 20 տոկոս զեղչը (առկա համակարգով սովորողների համար ուսման վճարի ընդհանուր զեղչը՝ 50 տոկոս) տրամադրվում է ՀՀ պետական բյուջեից՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի միջոցով: Ծնողները դժգոհում են, որ ապրիլյան պատերազմի ժամանակ իրենց զավակները, առկա համակարգով սովորող ուսանողների հետ, գտնվել են վտանգի մեջ, սակայն առկա եւ հեռակա սովորող ուսանողների միջեւ խտրականություն է դրվում: Ի տարբերություն առկա համակարգով ուսանողների՝ հեռակա սովորողներին ուսման վճարի լրացուցիչ 20 տոկոս զեղչ չի տրամադրվում:

 

 

ԳՈՇ ԼՃԻ ԱՓԻՆ ՇԻՆԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԵՆ
2015թ. «Դիլիջան» ազգային պարկի տնօրեն Սահակ Մուրադյանի եւ «Վենդոռ» ընկերության սեփականատեր Աշոտ Հայթյանի միջեւ կնքվել է պայմանագիր, որով մրցութային կարգով, կառուցապատման իրավունքով այդ ընկերությանն է տրամադրվել 3,18 հեկտար տարածք: Դրա 1,4 հեկտարը Գոշ լճի հայելային մակերեսն է: Այդ ընկերությունն այժմ Գոշ լճի տարածք շինարարական ծանր տեխնիկա է մտցրել, լայնացրել, հարթացրել է Գոշի լիճ տանող ճանապարհը, լճից տիղմը հանել, կուտակել ափերին: Գոշի վարչական ղեկավար Գեւորգ Ամիրխանյանին հարցրինք, թե Գոշ գյուղի բնակիչները եւ մասնավորապես համայնքապետը ինչպե՞ս են վերաբերում լճում եւ դրա շրջակայքում կատարված աշխատանքներին, չէ՞ որ դրանց հետեւանքով կարող է խախտվել լճի էկոհամակարգը: Գ. Ամիրխանյանն ասաց, որ կատարված աշխատանքներն ինքը դրական է ընդունում, քանի որ վերջին տարիներին սելավները մեծ քանակությամբ տիղմ են լցրել Գոշի լիճ, որի ջրային շերտը խիստ նվազել է` հանգեցնելով ճահճեցման: Գոշի վարչական ղեկավարն ասաց, որ գյուղից 2.5 կմ հեռավորությամբ գտնվող լիճը Գոշի վարչական տարածքում չէ, սակայն իրենք այնտեղ կատարվող աշխատանքների ավարտից հետո վերահսկողություն են իրականացնելու: Նա կողմ է լճի տարածքում հանգստի գոտի ստեղծելու ծրագրին, հույս ունի, որ այդ կերպ իր համագյուղացիների համար աշխատատեղեր կբացվեն, զբոսաշրջիկների հոսք կլինի, գոշեցիները կկարողանան իրացնել իրենց աճեցրած մթերքները:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս