ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՌԱՆՑ ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻ ԵՎ ԶԲԱՂՎԱԾՆԵՐԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2016 թվականին գործազուրկների թիվը, 2015 թվականի համեմատ, նվազել է 9.1 տոկոսով: Ընդ որում, ուշագրավ է, որ կին գործազուրկների թիվը նվազել է 16.2 տոկոսով, իսկ տղամարդ գործազուրկներինը՝ 1.8 տոկոսով:

Ըստ ԱՎԾ-ի՝ գործազուրկ տղամարդկանց թիվը 2016 թվականի ընթացքում կազմել է 118 հազար 200, իսկ կին գործազուրկներինը՝ 103 հազար 300: Նշենք, որ ընդհանուր գործազուրկների թիվը 2016 թվականին Հայաստանում կազմել է 221 հազար 500, որը 2015 թվականի համեմատ նվազել է: Սակայն հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել: Փաստորեն գործազուրկների թվից բացի՝ նվազել է նաեւ զբաղվածների, տնտեսապես ակտիվ եւ ոչ ակտիվ բնակչության թվաքանակը:
Այսպես՝ պաշտոնապես նվազել է նաեւ զբաղվածների թիվը՝ 6.2 տոկոսով: Օրինակ՝ 2016 թվականին, 2015-ի համեմատ, զբաղվածների թիվը 6.2 տոկոսով նվազել է: Նշված ժամանակահատվածում ՀՀ-ում կին զբաղվածների թիվը կազմել է 478 հազար, իսկ զբաղված տղամարդկանց թիվը՝ 528 հազար 200: Այսինքն՝ ընդհանուր զբաղվածների թիվը կազմել է 1 մլն 6 հազար 200:
Նույն իրավիճակն է նաեւ տնտեսապես ակտիվ բնակչության դեպքում. այս պարագայում արձանագրվել է 6.7 տոկոսի նվազում: Նշենք, որ տնտեսապես ակտիվ բնակչությունը զբաղված եւ գործազուրկ բնակչության հանրագումարն է, որը հետազոտվող ժամանակաշրջանում ապահովում է աշխատուժի առաջարկը ապրանքների արտադրության եւ ծառայությունների մատուցման համար: Անցած տարվա ընթացքում Հայաստանում տնտեսապես ակտիվ կանանց թիվը կազմել է 581 հազար 300, իսկ տղամարդկանցը՝ 646 հազար 300: Այսինքն՝ անցած տարվա ընթացքում Հայաստանում տնտեսապես ակտիվ մարդկանց թիվը կազմել է 1 մլն 227 հազար 600 մարդ: Իսկ տնտեսապես ոչ ակտիվ քաղաքացիների թիվը անցած տարվա ընթացքում կազմել է 783 հազար 800, որից 524 հազար 900-ը կին է, 258 հազար 900-ը՝ տղամարդ: Հավելենք, որ տնտեսապես ոչ ակտիվ բնակչության մեջ ներառվում են աշխատունակ տարիքի անձինք, ովքեր հետազոտվող ժամանակաշրջանում չեն աշխատել եւ աշխատանք չեն փնտրել, այսինքն` չեն եղել զբաղված կամ գործազուրկ:
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ նվազել են նաեւ աշխատանքային ռեսուրսները՝ 4.5 տոկոսով: Այսինքն՝ անցած տարվա ընթացքում Հայաստանում ընդհանուր աշխատանքային ռեսուրսները կազմել են 2 մլն 11 հազար 400, որում, ի դեպ, մեծ թիվ են կազմել կանանց տվյալները: Այսպես՝ անցած տարվա ընթացքում կանացի աշխատանքային ռեսուրսը կազմել է 1 մլն 106 հազար 200, տղամարդկանցը՝ 905 հազար 200:
Հայաստանում գործազուրկների եւ զբաղվածների դեպքում արձանագրված տվյալները մասնագետները պայմանավորում են մշտական բնակչության թվաքանակի նվազմամբ: Այդ մասին են խոսում նաեւ պաշտոնական տվյալները: Ըստ այդմ, տեղեկացնենք, որ 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը կազմել է 2 մլն 986 հազար 500 մարդ: Մինչդեռ 2016 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչությունը կազմում էր 2 մլն 993 հազար 900 մարդ:
Իսկ ինչու է բնակչության թվաքանակը տարեցտարի նվազում: Բնականաբար, սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացման պատճառով, որը ենթադրում է նաեւ ծնելիության նվազում: Հայաստանում մարդիկ չեն ցանկանում բազմազավակ ընտանիք ունենալ, որովհետեւ այդ ընտանիքի բարեկեցության ապահովման խնդիր ունեն: Իսկ Սերժ Սարգսյանի նախագահության 9 տարիներին Հայաստանից արտագաղթել է ավելի քան 300 հազար մարդ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՃԱՄԲԱՐՆ ԱՅՐՎԵԼ Է
Ֆրանսիայի հյուսիսում Դյունկերկի մերձակա փախստականների ճամբարում տեղի ունեցած անկարգությունների պատճառով առնվազն 10 մարդ է տուժել: Այդ մասին հայտնել Է BFMTV հեռուստաալիքը, որի տվյալներով կոնֆլիկտն սկսվել է տարբեր Էթնիկական խմբերի միջեւ: Այնուհետեւ դիմակայությանը հարկադրված է եղել միջամտել ոստիկանությունը, որն արցունքաբեր գազ ու մահակներ է կիրառել ջարդարարների նկատմամբ: Անկարգությունների հետեւանքով հրդեհ է բռնկվել, այն արագորեն տարածվել Է ամբողջ ճամբարում, որն, ի վերջո, գրեթե ամբողջովին այրվել է: Ճամբարում ապրում էին մինչեւ 1,5 հազար փախստական աֆղանցիներ ու քրդեր, որոնք հույս ունեին անցնել Լա Մանշը եւ հասնել Մեծ Բրիտանիայի տարածք, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

 

ԳՆԴԱԿԱՀԱՐԵԼ Է ՈՒՍՈՒՑՉՈՒՀՈՒՆ ԵՎ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ
ԱՄՆ-ի արագ արձագանքման ծառայությունները հայտնել են Կալիֆոռնիայի հարավ-արեւմուտքի Սան Բեռնարդինո քաղաքի տարրական դպրոցում տեղի ունեցած հրաձգության մասին: Ճշտված տվյալներով՝ դասասենյակ է մտել ատրճանակով զինված մի տղամարդ եւ գնդակահարել ուսուցչուհուն` այդ ընթացքում նաեւ վիրավորելով երկու աշակերտների: Հրաձիգն այնուհետեւ ինքնասպան է եղել:
Ավելի ուշ ոստիկանությունում հայտնել են, որ վիրավոր 8-ամյա դպրոցականներից մեկը նույնպես մահացել է հիվանդանոցում, ուր նրան տեղափոխել էին ուղղաթիռով: Ոստիկանությունում ճշտել են, որ կրակողի թիրախը երեխաները չեն եղել, նրանք վիրավորվել են պատահաբար, քանի որ մոտիկ են գտնվել: Իսկ կրակող տղամարդը եղել է սպանված ուսուցչուհու ամուսինը:
Սան Բեռնարդինոյի ոստիկանությունը հայտարարել է, որ իշխանությունները վերահսկում են իրադրությունը, եւ այս պահին քաղաքի բնակիչների համար սպառնալիքներ չկան:
Հիշեցնենք, որ 2015 թվականի դեկտեմբերին Սան Բեռնարդինոյում երկու ամուսիններ ծայրահեղական քարոզչության ազդեցության ներքո աշխատավայրում Ծննդյան տոների երեկույթի ժամանակ գնդակահարել էին 14 մարդու եւ վիրավորել առնվազն 20 հոգու:

 

 
ՄԻՋԻՆԻՑ ՑԱԾՐ ԲԵՐՔ
Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանի գնահատմամբ` անցած տարվա վերջին այգիներին մեծ վնաս հասցրին կրծողները, իսկ ձմռան ընթացքում ունեցանք ցրտահարություններ հատկապես այն այգիներում, որտեղ այգեթաղ չէր արվել (խաղողի մասին է խոսքը): «Հիմնականում խաղողն է ցրտահարվել եւ ծիրանենու մատղաշ շիվերը, ինչը նշանակում է, որ բերքի թեթեւակի կորուստ կունենանք: Այսօրվա դրությամբ ծիրանենու հետ կապված խնդիր չունենք, եւ եթե ապրիլի երկրորդ կեսին բնությունը բարեհոգի գտնվի գյուղացու նկատմամբ, կունենանք ծիրանի կայուն բերք: Խաղողի բերքը կլինի միջինից ցածր»,- նկատեց Հ. Բերբերյանը:
«Մարդիկ հիասթափվեցին խաղողի իրացման խնդիրների պատճառով: Մի քանի տգետի սխալ մարքետինգային աշխատանքի հետեւանքով մենք այսօր այգիների պակաս ենք նկատում, որն անընդունելի է»,-ասաց ագրարագյուղացիական միավորման նախագահը:
«Արդեն ապրիլ ամիսն է, բայց պարարտանյութ դեռ չենք ստացել, այնինչ մարտի սկզբին այն պետք է լիներ Հայաստանում: Թե ով պետք է զբաղվի դրանով, ով պետք է պատասխան տա… Պետք է լինի ազատ շուկա, պարարտանյութը պետք է խանութում վաճառվի: Գյուղեր կան, որ ընդհանրապես պարարտանյութ չեն ստացել: Մի քանի տգետներ չեն ուզում, որ Հայաստանում ավիացիոն սրսկումներ անենք՝ մեկնաբանելով, որ մեր մեղուներին եւ ընտանի կենդանիներին կվնասենք»,-ասաց նա:
Ըստ ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանի՝ գյուղատնտեսության համար տարին վատը չէ: Հայաստանում անպայման պետք է բարեփոխել ոռոգման համակարգը, ներդնել ցանցային կարկտային համակարգ:

 

 

ԵՂԱՆԱԿՆ ԱՌԱՋԻԿԱ ՕՐԵՐԻՆ
Ապրիլի 13-15 առավելապես հյուսիսային շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ, ամպրոպ, քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ: Ապրիլի 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով: Երեւան քաղաքում ապրիլի 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 13-15-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, հնարավոր է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:




Լրահոս