ՆԱԽՆԱԿԱՆ ԱՅՍ ԶԵԿՈՒՅՑԸ ՈՐԵՎԷ ԲԱՆՈՎ ԱՎԵԼԻ ՎԱՏԸ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը ԱԺ պատգամավոր, ՀՀ նախկին ԱԳ նախարար Ալեքսանդր Արզումանյանի հետ զրուցել է արտաքին եւ ներքին քաղաքական հարցերի շուրջ:

-Պարո՛ն Արզումանյան, Մերձավոր Արեւելքում աշխարհաքաղաքական իրավիճակը կտրուկ լարվել է: Մտահոգիչ զարգացումների խորացմանը միտված այս գործընթացը որքանո՞վ կազդի ԼՂ խնդրի վրա:
-Ղարաբաղի հարցի եւ Սիրիայի հարցի միջեւ որեւէ ուղիղ կապ չեմ տեսնում: Ռուսաստանը նույն ինտեսիվությամբ, ինչ 4 տարի առաջ էր նույն հարցերով զբաղվում Սիրիայում, հիմա էլ է զբաղվում: Այս իրավիճակը Սիրիայում մենք ունեցել ենք 2013 թվականին, երբ Ռուսաստանի միջնորդությամբ համաձայնություն ձեռք բերվեց քիմիական զենքը դուրս հանել: Դա չի կատարվել, հիմա էլ հերթական սրացումն է, Ղարաբաղի հետ ես չէի կապի:
-Պարո՛ն Արզումանյան, վստահաբար՝ Դուք տեղյակ եք նաեւ միջազգային դիտորդների՝ ԱԺ ընտրությունների վերաբերյալ բացասական վերաբերմունքից…
-Բացասական վերաբերմունք ասելով՝ ի՞նչ նկատի ունեք:
-Օրինակ՝ ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի դիտորդները նկատել են, որ ճնշում է եղել մարդկանց ազատ կամարտահայտման վրա:
-Չենք իմանում, պետք է սպասենք վերջնական զեկույցին, այս ընթացքում ընդամենը խոր մտահոգություն է հայտնվում, որ կան արժանահավատ բողոքներ, որ ընտրակաշառքի բաժանում է եղել շատ մեծ թվով, վերջին երեք-չորս ընտրությունների համեմատության մեջ ավելի նեգատիվ բա՞ն եք տեսել: Ճիշտն ասած, այս նախնական զեկույցը որեւէ բանով ավելի վատը չէ, քան նախկինում եղածները, եթե չասենք, որ ավելի դրական է:
-Նկատենք նաեւ, որ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին այսօր (հեղ.-երեկ) Գյումրիում հայտարարել է, թե Հայաստանում առկա քաղաքական կոռուպցիան մտահոգում է Եվրամիությանը: Արդյո՞ք այս մտահոգությունները չեն ազդի ՀՀ-ԵՄ հարաբերությունների վրա:
-Ծանոթ չեմ Սվիտալսկու այդ հայտարարությանը, բայց դա Ամերիկայի բացում չէ, Հայաստանում կոռուպցիայի բարձր աստիճանը մեզ մտահոգում է վերջին քսան տարիների ընթացքում, ինչ-որ նոր բան չկա: Չգիտեմ՝ ինչ է ասել, որտեղ է ասել, բայց ես չգիտեմ, երբեւէ որեւէ մեկն ասել է, որ գո՞հ է մեր կոռուպցիայի վիճակից: Այնպես եք ասում, կարծես մինչեւ երեկ չէ առաջին օրը բոլորն ասում էին՝ հրաշալի, ոչ կոռուպցիոն երկիր է, Սվիտալսկին հանկարծ Ամերիկա հայտնաբերեց: Միշտ էլ մտահոգվել են, Եվրոպան էլ, Եվրամիությունն էլ, Եվրախորհուրդն էլ, ԱՄՆ էլ, բոլորն էլ մտահոգվել են եւ կոռուպցիայի դեմ պայքարով են պայմանավորել մեր հարաբերությունների խորացումը, հիմա ի՞նչ նոր բան կա: Դա բացարձակապես չի տարբերվում նախկինում Եվրամիության ներկայացուցիչների որեւէ ասածից:
-Այնուամենայնիվ, վերջին ընտրությունների անցկացման համար ԵՄ-ն հսկայական ֆինանսական միջոցներ էր տրամադրել, բացի այդ՝ առջեւում սպասվում է ՀՀ ԵՄ նոր համաձայնագրի ստորագրումը…
-Իրենց նախնական հայտարարության համաձայն՝ այդ գումարներն օգտագործվել են արդյունավետ, քանի որ սարքերն աշխատել են նորմալ, մտահոգություն սարքերի վերաբերյալ չկա, հեռարձակումը եղել է, ցուցակները հրապարակվել են: Ես չեմ մասնակցել ընտրություններին, բայց կարդալով հայտարարությունները՝ որեւէ մեկը չի ասում, չէ՞, որ ներսում կեղծիքներ են եղել, կամ ձաները չեն կարողացել պաշտպանել, բոլորն էլ ասում են, որ դուրսն է եղել:
-Որոշ քաղաքական ուժեր նշում են, որ եղել է ճնշում մարդկանց ազատ կամարտահայտման վրա:
-Ասում են, լավ են անում, դրա համար էլ ուժերից մեկն էլ դիմել է ՍԴ, թող այդ փաստերը ՍԴ ներկայացնեն:
-Այնուամենայնիվ, սպասո՞ւմ էիք, որ ընտրություններից հետո կունենանք այս պատկերը:
-Այո՛: Ավելի սպասելիքներ չունեի, ընտրարշավն էլ էր ցույց տալիս, բոլորս էլ գիտեինք, որ վարչական ռեսուրսն ամբողջությամբ պետք է օգտագործվեր, համատարած էր լինելու, եւ գիտեինք էլ, որ ոչ միայն իշխանությունը, նաեւ ոչ իշխանական որոշ ուժեր նույնպես բաժանում էին ընտրակաշառք:
-Ո՞ր քաղաքական ուժի պարտության համար եք ավելի շատ ափսոսում:
-Իմ մոտեցումները շատ համահունչ են «Ազատ դեմոկրատներ»-ի ծրագրին, բայց որ այդքան էին հավաքելու, ենթադրվում էր, որովհետեւ չէին նախապատրաստվել, քարոզչությունն էլ բավականին պասիվ էր անցնում: Բայց իմ մոտեցումներին իրենք էին համահունչ:

 

 

 
«ՄԵՂՔԻ ԲԱԺԻՆ ՉՈՒՆԵՄ, ՈՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՄՏԵԼ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ»

Շիրակի մարզում «Հայկական վերածնունդ» կուսակցության կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել էր նաեւ Մեղրաշեն համայնքի ղեկավար Հունան Պետրոսյանը: Նկատենք, որ գյուղապետ պատգամավորության թեկնածուին հաջողվել էր բավականին շատ` 8092 քվե ստանալ: Ինչպե՞ս հաջողվեց գյուղապետին այդքան ձայն հավաքել եւ չի՞ տխրել արդյոք, որ այդքանից հետո հնարավորություն չընձեռվեց դառնալ պատգամավոր. այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է Հունան Պետրոսյանի հետ:

-Պարո՛ն Պետրոսյան, ինչպե՞ս հաջողվեց Ձեզ այդքան ձայն հավաքել:
-Ես չէի ասի, թե շատ մեծ թվով ձայներ եմ տարել, իմ ակնկալիքները ավելի շատ էին, քան տարածս: Բնականաբար ես մարզում ունեցել եմ որոշակի չափով ճանաչելիություն, հեղինակություն, ընկերներ, աշխատողներ: Իմ թիմի շնորհիվ, իմ կատարած աշխատանքի շնորհիվ, իմ անձի շնորհիվ մեր կուսակցության շնորհիվ, ձայները կարողացա տանել, բայց ես իմ տարած ձայներից դժգոհ եմ, ես մի քիչ ավելի շատ էի ակնկալում:
-Իսկ ի՞նչն է պատճառը, որ ակնկալիքները չարդարացան:
-Դե, ես կարծում եմ, որ մյուս կուսակցությունները, մյուս ռեյտինգային թեկնածուները կարող է ավելի լավ են աշխատել, դե, քանի որ ես հանդես էի գալիս, իմ կուսակցությունն ընդդիմություն էր, իշխանական լծակները ճնշում գործադրեցին մեր ունեցած ձայների վրա, պակաս ստացվեց: Քանի որ մենք, այսպես ասած, ընդդիմության դաշտից էինք, դրա համար մեր ձայները քիչ եղան, վերջին օրերին իշխանական լծակները շատ ուժեղ աշխատում էին, կարողացան մեր ձայները տանել:
-Պատգամավորական մանդատ չստանալը Ձեր տրամադրության վրա չի՞ ազդել:
-Չէ, չի ազդել, որովհետեւ ես մեր կուսակցության մեջ տարել եմ բավականին լուրջ ձայներ, իմ խիղճը հանգիստ է, ես պարզ ճակատով եմ, որովհետեւ ես ամբողջ հանրապետության մեջ կուսակցությունով եղել եմ առաջին տեղում: Այնպես որ, իհարկե, երբ որ չենք հասել հաղթանակի, կուսակցությունը չի մտել խորհրդարան, բնականաբար, դա տրամադրությունը քցում է, բայց այն, որ ես իմը կարողացել եմ անել եւ մեղքի բաժին չունեմ, որ կուսակցությունը չի մտել խորհրդարան, այս առումով իմ խիղճը հանգիստ է, այդքան էլ շատ վատ չեմ զգում, որովհետեւ ես իմ ձայները կարողացել եմ ապահովել:
-Հովհաննես Մարգարյանը չի՞ նեղվել, որ իրենից այդքան շատ եք ձայն հավաքել:
-Չեմ կարող ասել, դա իրեն հարցրեք, ճիշտն ասած՝ ես ինքս էլ էի մտածում, որ ինքը կարող է ինձ հաղթել, ես իրենից չէի սպասում այդքան քիչ ձայներ: Բայց արդյունքում եղավ այն, ինչ որ կա այսօր:
-Բարձրաձայնվեց ընտրակաշառքներ բաժանելու մասին, Դուք չեք բաժանե՞լ:
-Մեր կուսակցությունը ընտրակաշառք չի բաժանել, եթե բաժանած լիներ, մենք շատ ձայներ կտանեինք, համենայն դեպս ես կարող եմ իմ տեղը ասել: Միանշանակ ոչ, ես չեմ բաժանել: Չունեի, ճիշտն ասած, գումար չկար:

Նյութերը՝ ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ

 

 

 
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆՈՐԴԸ
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Աբրահամ Մանուկյանը անցած տարվա ընթացքում բավական ճոխ գնումներ է արել: «Ժողովուրդ»-ը նրա պաշտոնական հայտարարագրից տեղեկացավ, որ նա 28.2 մլն դրամով գնել է բնակարան, 1.8 մլն դրամով՝ ավտոտնակ, 25 մլն եւ 28 մլն դրամով անհատական բնակելի երկու տուն: Բացի այս՝ նա 1 մլն դրամով գնել է Gaz 21L մակնիշի ավտոմեքենա: Փոխարենը 19.8 մլն դրամով վաճառել է Mercedes-Benz S550 ավտոմեքենան: Մանուկյանի դրամական միջոցները կազմում են 300 հազար դոլար, 150 հազար եվրո եւ 200 մլն դրամ: Նրա կինը՝ Աիդա Մանուկյանը, 2016թ.-ին 215 մլն դրամով վաճառել է իր բնակարանը, 5 մլն դրամով էլ՝ ավտոտնակը: Բայց միաժամանակ նա 17 մլն 820 հազար դրամով գնել է բնակարան: Պատգամավորի տիկնոջ դրամական միջոցը կազմել է 350 մլն դրամ: Հիշեցնենք, որ Աբրահամ Մանուկյանն այս ընտրություններին չընդգրկվեց «Ծառուկյան» դաշինքի ցուցակում, փոխարենը նրա որդին՝ Արթուր Մանուկյանը ցուցակում 11-րդ հորիզոնականն էր զբաղեցնում:

 

 

ՆԵՐՈՒՄ Է «ԳՈՂԵՐԻՆ»
Գյումրու նախկին քաղաքապետ, Շիրակի մարզում «Ծառուկյան» դաշինքի կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Վարդան Ղուկասյանը հայտարարություն է տարածել, թե իրականում ինքը հավաքել է 15 հազարից ավելի ձայն, բայց 3 հազարը վերագրել են այլ թեկնածուների: «Ժողովուրդ» օրաթերթը Ղուկասյանից փորձեց պարզել, թե ովքեր են եղել «գողերը»: Սակայն Ղուկասյանը կտրականապես հրաժարվեց անուններ նշել.«Ես ընդհանրապես անուններ չեմ սիրում տալ, որ նայես իմ ապրած կյանքին, կտեսնես, որ ես անուններ չեմ տալիս»: Նախկին քաղաքապետը հայտարարեց, որ ներում է բոլորին՝ միեւնույն ժամանակ ընդգծելով.«Բայց ամենակարեւորը գիտեմ, որ այդպես է»: «Ժողովուրդ»-ը փորձեց նաեւ «Ծառուկյան» դաշինքից հետաքրքրվել՝ արդյո՞ք պատրաստվում են այս հարցով դիմել դատարան, սակայն մեր հարցը մնաց անպատասխան:

 

 

ՊԱՇՏՈՆԻ ՇՈՒՐՋ
Ապրիլի 21-ին տեղի է ունենալու դատավորների միության ժողովը, եւ ընտրվելու է այս միության նոր ղեկավար կազմ: Այժմ դատավորների միության ղեկավարը Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Հրաչիկ Սարգսյանն է: «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ նախագահի պաշտոնի համար պայքարում է ՀՀ արդարադատության նախկին փոխնախարար, վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Արսեն Մկրտչյանը: Ավելին՝ մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ նախագահի պաշտոնի համար ջանքեր է նաեւ գործադրում վճռաբեկ դատարանի քրեական գործերով պալատի նախկին նախագահ Դավիթ Ավետիսյանը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Ավետիսյանն ասաց, որ այդ մասին մտածում է, բայց դեռ վերջնական որոշում չի կայացրել: Մեր այն հարցին, թե ինչից է կախված իր որոշումը, նախկին դատավորը նշեց. «Ինքս ինձ համոզելուց»:




Լրահոս