ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ, ԱԺ պատգամավորի նախկին թեկնածու Արտյոմ Մովսեսյանին պատկանող «Գետամեջի» թռչնաֆաբրիկան հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում: Բանն այն է, որ թռչնաֆաբրիկայի աշխատակիցները 2016թ, սեպտեմբերին թռչնաֆաբրիկայի պատկանող տարածքից հափշտակել են օդափոխության համակարգի շարժիչներ եւ իրաններ:
Ինչպես հայտնի է՝ Արտյոմ Մովսեսյանը ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի պաշտոնից անակնկալ ազատվեց անցած տարվա հունիսի 7-ին, որից հետո որոշեց զբաղվել թռչնաբուծությամբ: Նա ձեռք բերեց «Գետամեջի» թռչնաֆաբրիկան եւ այսօր հանդիսանում է նրա հիմնադիրը: Հավելենք, որ «Գետամեջի» թռչնաֆաբրիկան նախկինում պատկանել է «Դվին» կոնցեռնի սեփականատեր Ռաֆիկ Սարգսյանին: Սակայն կուտակած պարտքերի պատճառով ընկերությունը գրավադրվել է բանկում եւ չկարողանալով կատարել վարկային պարտավորությունները՝ ընկերությունը դարձել է բանկի սեփականություն, որից հետո սնանկացած ընկերությունը ձեռք է բերվել Արտյոմ Մովսեսյանի կողմից, եւ այն վերանվանվել է «Գետամեջ 2016»: Եվ ահա, ինչպես նկատում ենք, «Գետամեջի» թռչնաֆաբրիկան հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2016 թվականի սեպտեմբերին թռչնաֆաբրիկայի աշխատակիցներ Հրաչ Պետրոսյանը եւ Դանիել Ղուկասյանը որոշել են Կոտայքի մարզի Գետամեջ գյուղում գտնվող «Գետամեջի թռչնաֆաբրիկա» ՍՊ ընկերությանը պատկանող տարածքից հափշտակել օդափոխության համակարգի շարժիչներ եւ իրաններ: Նրանք պլան են մշակել, թե ինչպես պետք է իրականացնեն իրենց ծրագիրը: 2016թ. սեպտեմբեր ամսվա սկզբին, երբ հերթական անգամ թռչնաֆաբրիկայի աշխատակիցներ Հրաչ Պետրոսյանը եւ Դանիել Ղուկասյանը գտնվել են հերթափոխի մեջ, գործի են անցել:
Դանիել Ղուկասյանը մնացել է թռչնաֆաբրիկայի պահակակետի մոտ եւ հսկել տարածքը, այդ ժամանակ Հրաչ Պետրոսյանը մտել է «Գետամեջի թռչնաֆաբրիկա» ՍՊ ընկերությանը պատկանող չգործող ճաշարանի կիսաքանդ կառույց եւ այնտեղից դուրս բերել օդափոխության համակարգի 8 շարժիչներ եւ 20 իրաններ: Այդ պահին բեռնատարը նրանց սպասելիս է եղել, եւ ավտոմեքենայի վարորդ Կ. Զոհրաբյանը, որը եղել է Դանիել Ղուկասյանի եւ Հրաչ Պետրոսյանի թիմից, հափշտակված ապրանքը տեղափոխել է Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի իր բնակարան:
Վերոնշյալ անձինք կարողացել են իրենց ծրագրած պլանը՝ «Ա»-ն, լիակատար իրագործել եւ անցել են պլան «Բ»-ին. ասել է, թե հափշտակված ապրանքների վաճառելու գործընթացին:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2016թ սեպտեմբերի 9-ին գողացված ապրանքը տղաները վաճառել են «Լուսակերտ» ՍՊ ընկերությանը եւ ստացված գումարը մեջ-մեջ արել: Ի դեպ, նշենք, որ «Լուսակերտ» ՍՊԸ-ն պատկանում է նախկին ՀՀԿ-ական, իսկ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում «Ծառուկյան» դաշինքով առաջադրված պատգամավորության թեկնածու Խաչիկ Մանուկյանին:
Տեղեկացանք, որ այս քրեական գործով նախաքննությունը օրերս ավարտվել է եւ 2017 թվականի ապրիլի 10-ին ուղարկվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Հրաչ Պետրոսյանին եւ Դանիել Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` գողությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, խոշոր չափերով, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԲԱՆԱԿԻՑ ԳՈՂԱՑՈՂԸ
«Ժողովուրդ»-ը այս տարվա հունվարին անդրադարձել էր ՀՀ ՊԲ զորամասերից մեկից 1 միլիոն 975 հազար դրամի խոզի մսի կորուստի փաստի առթիվ հարուցված քրեական գործին: Ինչպես հայտնի է՝ ամբաստանյալի աթոռին էր հայտնվել ՀՀ ՊԲ N զորամասի պարենային պահեստի պետ Պարգեւ Կարապետյանը:
Եվ այսպես՝ խոզի մսի անհետացումից «Ժողովուրդ»-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել, մասնավորապես այն, որ 2015 թվականից Պարգեւ Կարապետյանին է հանձնարարվել ստուգել եւ հետեւել զորամաս ստացվող ապրանքներին, սակայն ինչ-ինչ հանգամանքներում Կարապետյանը այն չէր իրականացրել, ընդհակառակը՝ զորամաս ստացած ապրանքների հաշվառումը ձեւականորեն էր իրականացրել: Ինչի՞ համար էր Կարապետյանը գնացել այդ քայլին, դժվար է ասել, սակայն այս գործով նախաքննությունը ավարտվել էր, եւ այն 2017 թվականի հունվարի 23-ին ուղարկվել էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան:
Պարզեցինք, որ Կարապետյանը դատարանում հայտարարել է, թե կատարված արարքում իրեն մեղավոր է ճանաչում եւ խնդրում է դատարանում քննությունը իրականացվի արագացված ընթացակարգով: Գործը նախագահող դատավոր Դ. Սարգսյանը որոշում է կայացրել. ՊԲ N զորամասի պահեստապետ Պարգեւ Կարապետյանին ազատազրկման են դատապարտել տուգանքի տեսքով՝ 150 հազար դրամի չափով:
Ստացվում է, որ հայոց բանակից շուրջ երկու միլիոնի արժողությամբ խոզի մսի անհետանալը ընդամենը 150 հազար դրամ տուգանքի արժանի հանցանք է:
Այ, հենց այս վերաբերմունքն է պատճառը, որ բանակից արված գողությունը ոչ թե մտավախություն, պատժի անխուսափելիության զգացողություն է առաջացնում մարդկանց մոտ, այլ քմծիծաղ: Թալանիր 2 մլն, տուգանվիր 150 հազար դրամով. վատ բիզնես չէ:
ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՅՐԸ
Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանի հոր` Ռադիկ Օհանյանի գործը նոր ընթացք է ստանում: Ինչպես հայտնի է՝ 2015 թվականի մարտին երեխաների խնամքի եւ պաշտպանության գիշերօթիկ հաստատության Կապանի մասնաճյուղում յուրացումներ էին հայտնաբերվել: Այս գործով ամբաստանյալի աթոռին են հայտնվել կենտրոնի տնօրեն Դավիթ Համբարձումյանը, Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանի հայրը՝ Ռադիկ Օհանյանը, եւ եւս երկու անձ:
Գործն արդեն երկու տարի է, ինչ քննվում է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Կապանի նստավայրում, սակայն օրերս քրեական գործը Կապանից տեղափոխվել է Գորիսի նստավայր: Իսկ թե ինչ կտա այս փոփոխությունը, դժվար է ասել, քանի որ արդեն երեք տարի է, ինչ քննությունը շարունակվում է:
ԴԵՍՊԱՆԻ ՀԵՏ
Ապրիլի 11-ին ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը հանդիպել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպան տիկին Յուդիթ Մարգարետ Ֆարնուորթի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ապրիլի 2-ին կայացած ընտրությունները, կատարված ընտրախախտումները եւ ընտրակեղծիքները, դրանց ազդեցությունը քվեարկության արդյունքների վրա, Սահմանադրական դատարանում «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի կողմից ընտրությունների վիճարկման ընթացքը:
ՄԻ ԴԱՇԻՆՔ՝ ԱՌԱՆՁԻՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի կազմում գտնվող կուսակցությունները կարծես թե ընտրություններից հետո դարձել են առանձին պետություններ եւ հետընտրական որոշումները կայացնում են առանց միմյանց հետ քննարկման: Ինչպես հայտնի է՝ այս դաշինքը դիմել էր վարչական դատարան՝ վիճարկելու ԿԸՀ-ի որոշումը: Հիշեցնենք, որ նրանք դիմել էին ԿԸՀ՝ պահանջով, որ մեկ ընդհանուր բազայում միավորեն ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ տեղամասերում հատուկ սարքերով ստացված մատնահետքերը, իսկ այնուհետեւ՝ ԵԱՀԿ դիտորդական առաքելության եւ իրենց մասնագետների անմիջական մասնակցությամբ ստուգել՝ արդյո՞ք կան մատնահետքերի համընկնումներ: Սակայն մերժվել էին ԿԸՀ-ի կողմից եւ հասել դատարանի դուռը: Այդ իսկ պատճառով «Ժողովուրդ» օրաթերթը երեկ ողջ օրվա ընթացքում դաշինքի անդամներից փորձեց պարզել, թե ինչ սպասելիքներ ունեն վարչական դատարանից, սակայն ապարդյուն, անգամ այդ սպասելիքների մասին օրօականները հրաժարվում էին խոսել, մեկը մյուսի վրա էին գցում հարցի պատասխանը՝ ուղղորդելով իրենց դաշինքի այս կամ այն անդամի կողմը եւ նշելով, որ իրենք կարող են պատասխանել այդ հարցին: Բայց այդքան պարզ հարցը, բնական է, որ որեւէ լուրջ մասնագիտական հմտություններ չէր պահանջում: Ինչեւէ: Նշենք, որ երեկ վարչական դատարանում տեղի ունեցավ դաշինքի դիմումի քննարկումը: Դատավարությունն ավարտվեց, եւ դատավորը որոշումը կհրապարակի ուրբաթ օրը:
ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ ՍԿՍՎԵԼ Է
2016 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում ՀՀ վարչապետի մարզային այցելությունների արդյունքներով մարզերում եւ համայնքներում ձեւավորվել է ներդրումային ծրագրերի մշակման եւ ներկայացման գործընթացը: Ներդրողների կողմից ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն ներկայացվել են թեթեւ արդյունաբերության, զբոսաշրջության զարգացման, գյուղմթերքի վերամշակման, հանքարդյունաբերության, վերականգնվող էներգիայի արտադրության, անասնապահության, մետաղագործության, մեքենատրակտորային կայանների ստեղծման ոլորտներին առնչվող շուրջ 140 ներդրումային ծրագրերի հայտեր: Առավել իրատեսական 11 ծրագրեր 2017 թ փետրվարի 21-ին ներդրողների մասնակցությամբ քննարկվել էին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ: Քննարկումների արդյունքներով տրված հանձնարարականների համաձայն՝ արդեն իսկ 2 ծրագիր ֆինանսավորվել են, իսկ մյուս 9 ծրագրի մասով ընթանում են ֆինանսական գործիքների եւ մեխանիզմների աջակցության գործընթացները:
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՇՐՋԱՅՑ
Զինված ուժերի առջեւ դրված խնդիրներն առավել արդյունավետ կազմակերպելու, մարտական խնդիրները տեղում ուսումնասիրելու եւ անհրաժեշտ եզրահանգումներ կատարելու նպատակով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանի, ԶՈՒ եւ ԶՈՒ ԳՇ մի շարք վարչությունների պետերի եւ բարձրաստիճան այլ զինվորականների ուղեկցությամբ շրջայց է կատարել 1-ին բանակային կորպուսի զորամասերում: Լուծում պահանջող մի շարք խնդիրների վերաբերյալ ներկայացվել են անհրաժեշտ պարզաբանումներ եւ առաջարկություններ: