Արդեն էկրաններին է ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի՝ 20-մասանոց ֆիլմը՝ «Եղնիկների կածանը»: Ֆիլմի հիմքում ընկած է քառօրյա պատերազմին նախորդող ու հաջորդող իրադարձությունների դրաման եւ ճակատագրական շրջադարձերի միստիկան: Նոր ֆիլմի սյուժեում իրական դեպքեր են եւ հերոսներ: Ներկայացվող պատմությունը 2014-ի նոյեմբերից հասնում է մինչեւ ապրիլյան դեպքեր, այն ռազմական մսաղացում հայտնված մարդու սիրո եւ կյանքի մասին է: «Եղնիկների կածանում» նկարահանվել են Խորեն Լեւոնյանը, Աիդա Թորոսյանը, Հրաչյա Հարությունյանը, Մարջան Ավետիսյանը, Ռոզի Ավետիսովան: Վերջինիս հետ «Ժողովուրդ»-ը զրուցել է նրա կերպարի, ռեժիսորի, խաղընկերների հետ առաջին անգամ աշխատելու եւ այլ թեմաների շուրջ: Դերասանուհին խոստովանել է, որ զուգընկերոջ հարցում իր բախտը բերել է:
-Ռոզի՛, առաջին անգամ էիք խաղում Խորեն Լեւոնյանի հետ: Որպես էկրանային զույգ՝ ի՞նչ դժվարությունների միջով անցաք, ինչպե՞ս եք գնահատում համատեղ աշխատանքի վերջնական արդյունքը:
-Մեր աշխատանքային պրոցեսը բավական հեշտ էր, կարծում եմ՝ շնորհիվ Խորենի. նա իր մոտեցումներով բավականաչափ հեշտացնում էր իմ եւ իր գործը:
-Դուք նկարահանվել եք «Սահմանին» սերիալում, որտեղ եւս արծարծվում էր պատերազմական թեման: Ինչո՞վ են տարբերվում այս երկու ֆիլմերում Ձեր կերտած կերպարները:
-Կինոյում պատերազմի թեման ինձ արդեն ծանոթ է, ինչ վերաբերում է նոր կերպարիս, ապա նա, ի տարբերություն նախորդի, պատերազմի անմիջական մասնակիցը չէ, բայց, իհարկե, նաեւ անհաղորդ չի մնում դրան: Եվան հորինված կերպար է, թեեւ վստահ եմ, որ ունի իր նախատիպերը: Ամեն դեպքում, սերիալն ու այս ֆիլմը անդրադառնում են բոլորովին այլ պատմությունների՝ շատ տարբեր տեսանկյուններից:
-«Եղնիկների կածանում» արծարծվում է նաեւ սիրային թեմա: Ի վերջո, հաղթում է սե՞րը, թե՞ այն հանգամանքները, որոնք ծնում է պատերազմը:
-Չեմ կարող շատ մանրամասնել, բայց կասեմ, որ հերոսի կյանքում կա երեք կին՝ իր կինը, որի հետ ինքը չի ապրում, իմ հերոսուհին՝ բուժքույր Եվան, եւ մի լրագրող, որին էլ կերպարը սիրահարվում է: Եթե Եվայի հետ կապի դեպքում դոմինանտ են ընկերական հարաբերությունները, ապա լրագրողի պարագայում ամեն բան այլ ընթացք է ստանում: Կարելի է ասել, որ Եվան հերոսին սիրում է անպատասխան սիրով:
-Դուք նշել եք, որ այս ֆիլմի շրջանակում աշխատելով՝ Ձեր կյանքի ամենահաճելի նկարահանումներն եք ունեցել: Իսկ ի՞նչ խոչընդոտներ եք ստիպված եղել հաղթահարել:
-Ամենամեծ դժվարությունը կապված էր այն հանգամանքի հետ, որ առաջին անգամ էի աշխատում ֆիլմի ռեժիսորի, դերասանների հետ, չգիտեի՝ հեշտ կհարմարվեմ, թե ոչ: Բայց, բարեբախտաբար, ամեն բան հարթ անցավ: Իհարկե, վերջնական գնահատականը պետք է տան հեռուստադիտողները:
-Եվ վերջում, ըստ Ձեզ՝ ո՞րն է ֆիլմի ասելիքը:
-Ասելիքներից մեկն այն, որ մենք ամեն օր ենք պատերազմի մեջ, կապ չունի՝ ապրում ենք մայրաքաղաքում, թե սահմանին: Պատերազմը բոլորինն է, դրան բոլորն են մասնակից՝ կլինի ուղղակի, թե անուղղակի կերպով. ոչ ոք չի կարող խուսափողի դերում լինել:
Հավելենք, որ 20-մասանոց ֆիլմը հայ օդաչուի` Դավիթի մասին է: Նա, ըստ էության, հայ զինվորի հավաքական կերպարն է: Հերոսները մեծ մասամբ հորինված չեն, ունեն նախատիպեր, նրանց հերոսությունները` նույնպես: Ֆիլմում խաղում են նաեւ հրավիրված դերասաններ Մոսկվայից, Թբիլիսիից ու Միացյալ Նահանգներից: Հատուկ այս ֆիլմում նկարահանվելու համար Վրաստանից Հայաստան է եկել Վառլամ Կորշիան:
Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
ՏԱՆԶԱՆԻԱՑԻ ՄՈԴԵԼԸ ԿԺԱՄԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆ
Տանզանիացի մոդել-դիզայներ Բեբիմերի Սթրոմբերգը այս տարի լինելու է «Արտ Ֆեստ» երիտասարդական միջազգային փառատոնի հագուստի մոդելավորման բաժնի ժյուրիի կազմում, փառատոնային օրերին էլ գտնվելու է Հայաստանում: Փառատոնի նախագահ Էրիկ Բարսեղյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց՝ ժյուրիի կազմում են նաեւ դիզայներներ Լիլիթ Մելիքյանը, Արամ Նիկոլյանը, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը:
Ի դեպ, Է. Բարսեղյանը տեղեկացրեց, որ Բեբիմերի Սթրոմբերգը սերում է տանզանիական ամենամեծ Սուկումա տոհմից, եւ նրա կարգավիճակը թույլ է տալիս դառնալու այդ տոհմի թագուհին: Մեկ ուշագրավ փաստ եւս. մոդելի ամուսինը շվեդական աշխարհահռչակ «ABBA» խմբի անդամ Բեննի Անդերսոնի որդին է:
Սթրոմբերգը մասնագիտությամբ դիզայներ է, որոշ ժամանակ զբաղվել է նաեւ հոգեւոր երգարվեստով («Gospel» ժանրում), այժմ լուսանկարվում է տարբեր ամսագրերի համար, պատրաստվում է մասնագիտական գրքի հրատարակման:
Այն հարցին, թե ինչ հեռանկարներ է բացում տանզանիացի մոդելի ներկայությունը փառատոնին, մեր զրուցակիցը պատասխանեց. «Վստահ եմ, որ կստեղծվի համագործակցության հնարավորություն մոդելի եւ փառատոնի մասնակիցների միջեւ: Մենք արդեն ունենք դրա նախադեպը. «Արտ Ֆեստ»-ի շնորհալի մասնակիցներից մեկն այժմ աշխատում է նախորդ տարի ժյուրիի կազմը համալրած լուսանկարիչ Սամվել Սեւադայի արվեստանոցում»:
Հավելենք, որ «Արտ Ֆեստին» հղված ուղերձում Բեբիմերի Սթրոմբերգը նշել է. «Ինձ համար մեծ պատիվ է «Արտ Ֆեստի» մի մասնիկը դառնալը: Արվեստը գեղեցիկի մշակույթն է, որը մենք պետք է հարգենք, սկսենք ավելի գնահատել եւ սիրով ընդունել: Անհամբեր սպասում եմ այն պահին, երբ կայցելեմ ձեր գեղեցիկ քաղաք Երեւան եւ կհանդիպեմ նոր, երիտասարդ ու տաղանդավոր արվեստագետների, հագուստի մոդելավորողների եւ այլ մասնագետների հետ»:
Նշենք, որ փառատոնը մրցութային բնույթի է, որին մասնակցում են 16-30 տարիքային սահմանում գտնվող անհատներ ու ստեղծագործական խմբեր: Մասնագիտական հանձնախումբը դիտում է ցուցադրությունները, ընտրում լավագույն աշխատանքները եւ մրցանակաբաշխության օրը հանդիսավորությամբ հանձնում մրցանակները։
Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
ԳՈՍԼԻՆԳՆ ԷԼ Է ՄԻԱՑԵԼ
Հոլիվուդյան հայտնի դերասան Ռայան Գոսլինգը համալրել է Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» (Promise) ֆիլմի #պահիրխոստումը (#keepthepromise) արշավին միացած արեւմտյան աստղերի շարքը՝ իր աջակցությունը հայտնելով Կոնգոյում մարդու իրավունքների պաշտպանությանը: Նա Twitter-ում հրապարակել է տեսանյութ, որտեղ նշել է. «Երկրորդ աշխարհամարտից ի վեր Կոնգոյի պատերազմն ամենամահաբերն է: Խոսք եմ տալիս պահել խոստումս ու աջակցել Կոնգոյում մարդու իրավունքների պաշտպանությանը»: Հիշեցնենք, որ #պահիրխոստումն արշավին արդեն միացել են Էլթոն Ջոնը, Սիլվեստր Ստալոնեն, Բարբարա Սթրեյզանդը, Լեոնարդո դի Կապրիոն եւ այլ աստղեր: Նշենք, որ #պահիրխոստումն արշավի շնորհիվ հանրային անձինք բարձրաձայնում են աշխարհում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրների մասին:
ՏՈՄՍԵՐԸ ՍՊԱՌՎԵԼ ԵՆ
Շուտով Կիեւում կմեկնարկի «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթը, եզրափակչի բոլոր տոմսերն արդեն վաճառված են: Այժմ արդեն կարելի է գնել կիսաեզրափակիչների ուղիղ եթերի, ինչպես նաեւ դրանց փորձերի տոմսերը, բայց միայն ֆան-գոտում դիտելու համար: Հիշեցնենք, որ այս տարի Հայաստանը «Եվրատեսիլում» ներկայացնելու է Արծվիկը՝ «Fly with me» երգով: Նա ելույթ կունենա մայիսի 9-ին՝ առաջին կիսաեզրափակիչում, իսկ եզրափակիչը կկայանա մայիսի 13-ին:
ՆՈՐ ՍԻՐԱԽԱ՞Ղ
Հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթն սկսել Է սիրահետել բրիտանա¬ամերիկացի դերասանուհի Սիենա Միլլերին: Այդ մասին հայտնում է Page Six¬ի աղբյուրը: Նշվում է, որ 53¬ամյա Փիթը 35¬ամյա կնոջ հետ սիրախաղ է սկսել ընթրիքի ընթացքում: Փիթը եւ Միլլերը վայելել են միմյանց ընկերակցությունն ու զրուցել ողջ երեկոյի ընթացքում: Ի դեպ, Սիենան խաղացել է դերասանին պատկանող Plan B կինոընկերության նոր՝ «Լքված Z քաղաքը» ֆիլմում: Հիշեցնենք, որ 2016 թվականի սեպտեմբերին դերասանուհի Անջելինա Ջոլին ապահարզան է պահանջել Փիթից: Այդ քայլը դերասանուհին բացատրել է հարաբերություններում առկա անլուծելի տարաձայնություններով: