Որքան բանակում կտրուկ և ցավոտ փոփոխություններ չկատարվեն, այնքան ազգ-բանակ գաղափարն իրագործելը բարդ կդառնա. Հայկ Մարտիրոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս «Ազգ-բանակ-2017» խորագրով համաժողովում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ներկայացրեց «Ես եմ» ծրագիրը:
Ըստ ծրագրի` ծառայությունը դառնալու է նոր տեսակի` ժամկետային պայմանագրային

Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցել է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի հետ:

-Պարո´ն Մարտիրոսյան, Վիգեն Սարգսյանն օրերս ներկայացրեց «Ես եմ» ծրագիրը: Ձեր կարծիքով այն որքանո՞վ արդյունավետ կլինի բանակի համար և ֆինանսական տեսանկյունից հնարավո՞ր է իրագործել:

-Ֆինանսական տեսանկյունից, անշուշտ, դա ծանր բեռ է լինելու առանց այդ էլ խղճուկ բյուջեի վրա: Ի՞նչ կտա: Կտա մի փոքր ավելի ամրացած բանակ: Թեև ես «ազգ-բանակ» գաղափարը բոլորովին այլ կերպ եմ ընկալում և իմ ընկալումը բոլորովին կապ չունի նրա հետ՝ ինչն այսօր գտնվում է շրջանառության մեջ: Ինձ համար ազգ-բանակը Իսրայելի ժողովուրդն է, որտեղ ամեն քաղաքացի զինվոր է՝ ներառյալ կանայք: Դա շվեյցարացիներն են, որոնք լավագույն բանակներից մեկն ունեն աշխարհում, թեև դա «լուռ» զինված ուժեր են, իսկ երկիրը պաշտոնապես չեզոք է: Դա Հյուսիսային Կորեան է, որտեղ աննախադեպ միլիտարիստական հասարակություն է ստեղծվել և որտեղ բանակն ու ազգն այնքան են միաձուլվել, որ անգամ սովի պայմաններում անպարտելի են թվում:

Հայաստանում, գաղտնիք չէ, որ դատարկվող երկրի և անչափ ցածր ծնելիության պայմաններում չի կարող բանկը լիարժեք համալրում ապահովել: Առաջարկվող միջոցը կոչված է այդ բացը լրացնելուն: Բայց դա մի տեսակ կիսապրոֆեսիոնալ բանակի պես մի տարբերակ է, իսկ Հայաստանին պրոֆեսիոնալ բանակն ընդհանրապես հիմա հակացուցված է: Մարդիկ չպետք է գնան ծառայելու՝ որովհետև ֆինանսական շահ կարող են ունենալ: Նրանք պետք է գնան ծառայելու՝ որովհետև հիմա երկիրը ֆիզիկապես կորցնելու վտանգը առավել քան իրական է:

-Այս պարագայում ի՞նչ քայլեր են անհրաժեշտ կատարել:

-Իմ համոզմամբ անհրաժեշտ է ընդհանրապես խիստ կտրուկ քայլեր կատարել, եթե շարունակելու են արտագաղթը քաջալերել և ծնելիության բարձրացման ուղղությամբ ոչինչ չանել: Եվ եթե այդպես են անելու, ապա գոնե պետությունը պարտավոր է քննարկման դնել պարտադիր զինծառայությունը երեք տարի դարձնելու հարցը, ինչպես նաև՝ ներդնել կանանց պարտադիր զինվորական ծառայություն՝ ներառյալ մարտական դիրքերում:

Անհասկանալի է թե այսպիսի գոյութենական վտանգի տակ գտնվող երկրում ինչպե՞ս կարելի է այդ հարցը անգամ չունենալ օրակարգում: Հայաստանում կանայք այնքան են արհեստականորեն գերփխրունացվել, որ շատերին թվում է թե եթե երիտասարդ աղջիկները իրենց բարձր կրունկները կամ սեթևեթ քայլքը փոխարինեն բանակային համազգեստով և զինվորական քայլքով՝ աշխարհը փուլ կգա: Չեմ կարծում թե իսրայելցիներին զիջում են հայաստանցի կանայք և չեմ հասկանում թե ինչով է Հայաստանի մարտահրավերը պակաս վտանգավոր քան Իսրայելինը: Իսրայելում գոնե նոր ցեղասպանության վտանգ չկա հիմա, մինչդեռ մենք՝ շրջապատված ենք նոր ցեղասպանություն տենչող և դրան պատրաստվող հարևաններով: Մյուս քայլը կարող էր լինել ֆրանսիական «Օտարերկրյա լեգիոնի» մոդելով համակարգի ներդրումը, որը նաև ներգաղթը կքաջալերեր:

Քաղաքացիություն և նոր ինքնություն խոստանալ բոլոր այն օտարերկրացիներին, ովքեր կհամաձայնեին մի քանի տարի մարտական ծառայություն կատարել մարտական դիրքերում և ուժերում՝ հանուն Հայաստանի Հանրապետության: Դրա համանման մի հնարավորություն Հայաստանն արդեն վատնեց, երբ չհրավիրեց բանակում ծառայելու միջոցով քաղաքացիություն ստանալ Իրաքի քրիստոնյաներին և եզիդիներին, երբ չկարողացավ Հայաստանում պահել մեր սիրիացի հայրենակիցներին, որոնք նույնպես բանակի հրաշալի մարդկային ռեսուրս կարող էին լինել: Անհրաժեշտ է նաև լիովին զինել Հայաստանի սահմանամերձ գոտիների բնակչությանը, ինչպես նաև՝ կատարելապես զինել փաստացի Հայաստանի Արցախի մարզի ողջ բնակչությանը:

-Բայց դա հնարավո՞ր է:

-Դա նույնպես ներկա իրավիճակում անհնար է, որովհետև իշխանությունը թշնամու դեմ սեփական բնակչությանը զինելու գաղափարը վտանգավոր է համարում նախևառաջ իր համար: Իսկ թշնամու դեմ դիմադրելու և սեփական իշխանությունը սեփական զինված ժողովրդի ցասումից պաշտպանելու երկընտրանքի պարագայում ակնհայտորեն կընտրվի երկրորդը: Ազգ-բանակի ամենակարևոր բաղադրիչը, սակայն, ժողովրդի և բանակի հոգևոր միաձուլումն է. երբ բանակը ոչ թե արհեստականորեն գովերգվում է հեռուստատեսային հաղորդումներով կամ շինծու և պաթետիկ երգիչ-երգչուհիների շուրթերով, այլ՝ փոխադարձ վստահությամբ:

Դրա համար անհրաժեշտ է բանակը մաքրել որկրամոլ և հաստափոր գեներալներից, երբեմն փողոցային խուժանին չզիջող որոշ հրամանատարներից, քշնող ու ծառայակամ որոշ սպաներից և արմատախիլ անել բանակում դեռևս առկա կոռուպցիան և այն ներսին փտեցնող քրեական աշխարհին հատուկ որոշ զինվորական բարքերից: Միայն այդ պարագայում ժողովուրդը կկարողանա լիովին վստահել սեփական բանակին: Եվ՝ անհրաժեշտ է վստահ լինել, որ թշնամու հարձակման կամ մեկ այլ ապրիլի պարագայում այդ բանակում հրամաններ կլինեն առաջ գնալու և պատժելով՝ հայրենիքի նոր հատվածներ ազատագրելու, ոչ թե անգործության:

Ազգ-բանակում թշնամու հարձակումներին ոչ թե «զսպվածություն դրսևորելով» են պատասխանում, որ պարտության է հավասար, այլ՝ հուժկու հակահարվածներով, բայց դա էլ քաղաքական դիրքորոշման հետ է կապված:

Դիրքորոշում, որ կարող է և վարկաբեկել բանակը: Եվ որ անհրաժեշտության պարագայում բանակը պատրաստ կլինի հանուն հողերի զոհեր տալու, ոչ թե դավաճանելու իր կոչմանն ու զոհերից խուսափելու հանուն՝ խաղաղասիրությունից խոսելու: Բանակը պաշտպանվելու, բայց նաև կռվելու համար է, ոչ թե զենքն ու զրահը ցուցադրելու: Եվ եթե դա բանակ է՝ ապա այդ զենքը նաև կիրառել է պետք, ոչ թե օդում սպառնալ և խոսել զինվորների կյանքերի թանկությունից: Զինվորի կյանքը թանկ է, անշուշտ, բայց հողից թանկ չէ հաստատ և պետք է դա հստակ հասկանալ:

Ամենուր և միշտ կյանքն է զոհաբերվել հանուն հողի և ոչ թե հակառակը: Եվ եթե հակառակն է տեղի ունենում՝ բանակը վերածվում է անպիտան մի զանգվածի, որ ոչ թիկունք ունի և ոչ ճակատ: Իսկ առանց թիկունքի բանակ չի լինում, որովհետև թիկունքում հայրենիքն է:

Ինձ համար ազգ-բանակը այս ամենի համակցությունն է՝ մի քանի այլ երկրորդական հանգամանքներով զուգակցված: Մնացածը գեղեցիկ, բայց մեծ հաշվով մեծ բաներ չփոխող իրականություններ են: Ու որքան բանակում կտրուկ և ցավոտ փոփոխություններ չկատարվեն, այնքան ազգ-բանակ գաղափարն իրագործելն իրոք բարդ կդառնա:

Արփինե Թովմասյան




Լրահոս