Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանին է ներկայացրել 1915թ.-ին Օսմանյան կայսրության տարածքում հայ բնակչության բռնի գաղթեցման ու աքսորի հրամանագրերի ուսումնասիրության վերաբերյալ գրավոր պահանջ և խորհրդարանի նախագահությանը խնդրել հրապարակել ժամանակի պետական պաշտոնյաների անունները, որոնք պատասխանատու են անմեղ մարդկանց մահերի համար:
Ինչպես հայտնում է bianet.org-ը, Փայլանը հարցում է հղել խորհրդարանի նախագահությանը 1915թ.-ի մայիսի 27-ին Օսմանյան կայսրությունում ընդունված և մինչ նույն թվականի հունիսի 1-ն ուժի մեջ մնացած «ժամանակավոր գաղթեցման» հրամանագրի արդյունքների ու այդ ընթացքում անմեղ զոհերի համար պատասխանատու անձանց վերաբերյալ և պահանջել հատուկ ուսումնասիրություն անցկացնել՝ ի դեմս Թուրքիայի խորհրդարանի:
«Չնայած, որ այդ հրամանագրի ընդունումից անցել է 102 տարի` դրա արդյունքն ու հետևանքը մինչ օրս չի ուսումնասիրվել Մեջլիսի կողմից: Հայտնի է, որ հրամանագրի իրականացման շրջանակում գրանցվել են մեծ քանակությամբ մահեր, ավերվել ու բռնազավթվել են մշակութային ժառանգության կարևոր օբյեկտներ», – ասել է Փայլանը:
Հայազգի պատգամավորն իր ելույթում նաև խորհրդարանին է ներկայացրել Թալեաթ փաշայի հիշողությունների արխիվից կարևոր հատվածներ, որոնք վկայում են, որ 1914-1917թթ.-ին մահացել է Օսմանյան կայսրության քաղաքացի շուրջ 1 մլն 150 հազար հայ, այսինքն` կայսրության հայազգի բնակչության շուրջ 77 տոկոսը:
Կարո Փայլանը նաև ընդգծել է, որ 102 տարի առաջ նույն ժամանակահատվածում տուժել են հույները, եզդիները, ասորիներն ու քելդանիները: