Հայերը Սպիտակ տան առջև մոմավառություն են անցկացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում նախագահ Դոնալդ Թրամփի նստավայրի՝ Սպիտակ տան առջև Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը շաբաթ երեկոյան մոմավառություն էր կազմակերպել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

«Մենք այսօր այստեղ ենք, որպեսզի մեր հարգանքի տուրքը մատուցենք մեր նախնիներին, այն հզոր մարդկանց, ովքեր գնացին բոլոր զրկանքների, մեր վերապրումն ապահովելու համար», – նշում է մոմավառության մասնակից Ռուբեն Սահակյանը։

Նրա խոսքով, մոմավառության նպատակն է նաև հիշեցնել Ամերիկային իր իսկ ավանդական արժեքների մասին.

«Հենց Ամերիկան ավելի քան 2 միլիարդ դոլար հանգանակեց 1915-1923-ին ցեղասպանություն վերապրած հայերին, հույներին և ասորիներին փրկելու համար, հենց Ամերիկան է ճանաչել Հայոց ցեղասպանությունը 1951-ին, 1975-ին, 1981-ին եւ 1985-ին»:

Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանությունն իր հայտարարությամբ պաշտոնապես ճանաչած Միացյալ Նահանգների նախագահն էր Ռոնալդ Ռեյգանը։ Չգրված ավանդույթի համաձայն ԱՄՆ-ի նախագահը յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին պաշտոնական հայտարարությամբ է հանդես գալիս, որը նվիրված է Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրության տարածքում հայերի զանգվածային կոտորածներին․Միացյալ Նահանգների 44-րդ նախագահ Բարաք Օբաման իր հայտարարություններում կոտորածներն անվանել էր՝ «Մեծ Եղեռն» և նույնիսկ հիշատակել «ցեղասպանություն» եզրը ստեղծող՝ լեհ իրավագետ Ռաֆայել Լեմկինին։

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի խոսքով, նախագահ Թրամփի առջև պարզ ընտրություն է․

«Մենք այստեղ ենք, որպեսզի նախագահ Թրամփին ասենք, որ ապրիլի 24-ին Ամերիկայի ձայնը բարձրացնելու և արդարության կողքին կանգնելու կամ արդարությունը Թուրքիայի ճնշման տակ կոծկելու ընտրություն ունի»։

Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարան չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, պնդելով, թե կոտորածները եղել են Առաջին աշխարհամարտի, այլ ոչ թե ծրագրված պետական գործողությունների արդյունք։

Սպիտակ տան առջև մոմավառությունը սակայն Հայոց ցեղասպանության հիշատակի մի փոքր մասն է, նշում է Սարգիս Քահանա Ագթավուգյանը․

«Վաշինգտոնի հայ համայնքը ապրիլ ամսվա մեկ օր հավաքվում է Սպիտակ տան առջև՝ հիշեցնելու համար նախագահին, որ մենք ցեղասպանություն ենք վերապրել, և հակառակ նրան, որ նախկինում ԱՄՆ-ի նախագահները ընդունել են ցեղասպանությունը, վերջին մի քանի նախագահները անտեսում են այս իրականությունը»:




Լրահոս